| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հոկտեմբերի 5-ին Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի կունենա Եվրիպիդեսի «Մեդեա» ստեղծագործության հիման վրա համանուն ներկայացման պրեմիերան: Ներկայացման բեմադրիչը Գրիգոր Խաչատրյանն է:
Yerkir.am-ի հետ զրույցում դհոլահար Անահիտ Մխիթարյանը նշեց, որ ներկայացման մեջ իրենց ավանդն ունեն ինքն ու դուդուկահար քույրը` Աննա Մխիթարյանը:
«Հայկական իրականության մեջ առաջին անգամ ներկայացմանը ժողգործիքներ կնվագակցեն, ճիշտ է` հայկական ներկայացում չէ, բայց գեղեցիկ են հնչում մեր գործիքները: Երբեք չէի պատկերացնում, որ կարող ենք ներկայացման մեջ հանդես գալ, մի քիչ խորթ էր ու դժվար, բայց արդյունքը շատ հետաքրքիր է ստացվել: Ես նվագում եմ դհոլ ու էլի հարվածային գործիքներ, իսկ Աննան` դուդուկ, զուռնա, թավ շվի»,- ասաց Անահիտ Մխիթարյանը:
Ներկայացման պարուսույցն Արիկ Ասատուրյանն է: Ներկայացման մեջ հանդես կգան Էմմա Մկրտչյանը, Մարիամ Ղազարյանը, Քրիստինե Եղոյանը, Լիդա Լևոնյանը, Անահիտ Կարապետյանը, Լիդիա Գրիգորյանը, Նարեկ Մարտիրոսյանը և Տիգրան Մկրտչյանը:
Ողբերգությունը բաժանված է վեց մասի և խոսքի, պարի ու պլաստիկայի միջոցով վեց դերասանուհի ներկայացնում են կնոջ ապրումներն ու արարքները: Ներկայացումն ուղեկցվում է կենդանի երաժշտությամբ` հայկական էթնո գործիքներով:
Ի դեպ, ներկայացումը կցուցադրվի «ՀայՖեստ» միջազգային թատերական փառատոնի շրջանակներում:

