Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կիևում ոստիկանության հատուկ ջոկատների և Եվրամայդանի ինքնապաշտպանության մարտիկների միջև իսկական պատերազմ է սկսվել` արդեն հրազենի գործադրմամբ: Մարտեր են ընթանում Գերագույն ռադայի և նախագահի նստավայրի մոտակայքում: Տեղեկություններ կան մի քանի տասնյակ սպանվածների մասին, որոնց թիվը ժամ առ ժամ ավելանում է: Ակնհայտ է, որ Եվրամայդանն այլևս չի պաշտպանվում, այլ անցել է հարձակման` անտեսելով նույնիսկ նախագահ Յանուկովիչի և շարժման ղեկավարների միջև ձեռք բերված` հրադադար հաստատելուն և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված բանակցություններ սկսելու համաձայնությունը: Երկիրը հատել է մի սահմանագիծ, որից հետո այլևս կարելի է խոսել անկանխատեսելի և ողբերգական հետևանքներով հղի հեղափոխության մասին: Զարգացումները դուրս են եկել Եվրամայդանը ղեկավարող քաղաքական ուժերի և առաջնորդների վերահսկողությունից: Հիմա տոն տվողը ծայրահեղական անջատողականներն են, որոնք ամեն կերպ խափանում են իրավիճակը համակողմանիորեն հարթելուն ուղղված բոլոր առողջ նախաձեռնությունները: Իրավիճակն աստիճանաբար դուրս է գալիս նաև իշխանության վերահսկողությունից և ծավալվում Ուկրաինայի` իբրև ամբողջական պետության համար ամենասարսափելի հետևանքներ ենթադրող սցենարով:
Ուկրաինայի պառակտման գործընթացը ծավալվում է խելահեղ արագությամբ, որին տեմպ է հաղորդում թե' իշխանությունների և թե' մայդանականների բանականության և ռացիոնալության պակասը: Արևմտամետության և ռուսամետության արանքում ծվատվող ժողովուրդը կանգնել է իր ամբողջական հայրենիքը կորցնելու իրական վտանգի առաջ, որը կարող է դրսևորվել Ուկրաինան արևելյան և արևմտյան մասերի բաժանվելու, Ղրիմի` Ռուսաստանին միանալու ինքնուրույն որոշման կայացման միջոցով: Առանց չափազանցության` ուկրաինական ժողովուրդն ապրում է իր նորանկախ պատմության ամենադաժան և արյունալի ժամանակաշրջանը, որը հիշեցնում է այդ երկրի 18-19-րդ դարերի պատմությունը, երբ այն վերածվել էր ավստրոհունգարական և ռուսական կայսրությունների դիմակայության թատերաբեմի: Ուկրաինան իրար ձեռքից խլող աշխարհաքաղաքական կենտրոններն այսօր էլ չեն փոխվել: Թե' Արևմուտքը` ի դեմս Եվրամիության և ԱՄՆ-ի, և թե' Եվրասիական միության ստեղծման պուտինյան մտասևեռման գերին դարձած Ռուսաստանը թերևս արդեն հասկացել են, որ ամբողջական Ուկրաինան ձեռք բերել չեն կարող ցանկացած պարագայում, և հենց այդ պատճառով է գործի դրվել երկիրը մասնատելու մեխանիզմը: Թե' Ուկրաինայի իշխանությունները, թե' իրենց ազատությունների և եվրոպականացման համար Մայդանում հավաքված հանրությունը վերածվել են հակընդդեմ գործիքների նեոկայսրությունների ձեռքին և համատեղ ուժերով պարզապես քամում են սեփական պետությունը:
Սա այն գինն է, որ վճարում կամ վճարելու են բոլոր փոքր կամ միջին այն երկրները, որոնք գտնվում են ԵՄ-ի և Ռուսաստանի շահերի բախման կիզակետում և յուրօրինակ բուֆերի դեր են կատարում նրանց միջև: Իրավիճակի ողբերգականությունն այն է, որ ԵՄ-ն և Ռուսաստանն իրենց սահմանը փորձում են գծել ոչ թե բուֆերային այդ երկրների պետական սահմանագծերով, այլ մեջտեղով: Այսօր զոհասեղանին Ուկրաինան է, վաղը կարող է լինել Մոլդովան, որտեղ արդեն սկսվել է երկրի պառակտման նոր, բայց առայժմ խաղաղ գործընթաց, ապա` Վրաստանը: Երկրորդային հերթում կարող են լինել Հայաստանը ու Ադրբեջանը, Բելառուսը` կախված նրանից, թե որքանով է իրական Եվրասիական միության շուտափույթ ստեղծումը Ռուսաստանի կողմից: Այսինքն` այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Ուկրաինայում, ուղղակիորեն առնչվում են նաև Հայաստանին և նրա համար յուրօրինակ ահազանգ հնչեցնում:
Իհարկե, հավանականությունը, որ ուկրաինական սցենարը նույնությամբ կարող է կրկնվել Հայաստանում, չափազանց փոքր է: Դա ունի մի քանի պատճառ: Առաջին` ի տարբերություն Ուկրաինայի, Հայաստանը թե' աշխարհագրական, թե' ժողովրդագրական և թե' տնտեսական ռեսուրսների առումներով խիստ մոնոլիտ է և կառավարելի: Երկրորդ` Հայաստանն ունի Ղարաբաղյան խնդիր, և բոլորը խորապես գիտակցում են, թե ինչ հետևանքներ կունենան ուկրաինական սցենարով հեղափոխական գործընթացները Ղարաբաղի համար: Սահմանին զինվորներ ունեցող բազմահազար ընտանիքների համար ոչ մի, անգամ` ամենալուսավոր ապագա խոստացող հեղափոխություն, իրենց զավակների եղունգը չարժե: Երրորդ` Հայաստանի ազգաբնակչությունը «նստած» է հիմնականում ռուսական տրանսֆերտների ասեղին: Այն ընտանիքները և պոտենցիալ հեղափոխական տարրերը, որոնց համար Ռուսաստանից ստացվող գումարները գոյություն պահելու միակ միջոցն են, չեն կարող այդ ամենը վտանգի ենթարկել, որովհետև եկամուտ ստանալու այլընտրանք չունեն: Այս գործոնը կարող է թուլանալ, եթե Ռուսաստանում միգրացիոն նոր օրենքի պայմանների խախտմամբ գտնվող մոտ 170 հազարանոց կոնտինգենտը վերադառնա հայրենիք: Չորրորդ` առանց ռուսի և ռուսական զենքի դատապարտված լինելու հետ կապված կարծրատիպը դեռևս չափից ավելի խորն է նստած հասարակական գիտակցության մեջ` այն մերժելու համար: Առավել ևս, որ իշխանությունը, անխնա չարաշահելով այդ մտայնությունը, ոչ միայն ինքն է առաջնորդվում դրանով, այլև ամեն ինչ անում է այդ ճորտային հոգեբանությունը հասարակության մեջ էլ ավելի խորը արմատավորելու համար: Հինգերորդ` Հայաստանում չկան եվրամայդանական մտածողություն ունեցող այնպիսի քաղաքական ուժեր, որոնք ունենան վստահության բավարար ռեսուրս թե' բրյուսելներում ու վաշինգտոններում, թե' հասարակության մոտ, և որոնք կարողանան առաջնորդել հասարակական-քաղաքացիական ակտիվ շրջանակներին նման արկածախնդրության: Վեցերորդ` ի տարբերություն Ուկրաինայի, Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է: Իսկ վերջինս ստեղծված է առաջին հերթին անդամ երկրների ներսում հակաիշխանական տրամադրություններով ապակայունացման ցանկացած փորձ, որը կտեղափոխվի ազգային իշխանությունների կողմից չվերահսկվող զինված հակամարտության մակարդակ, ճնշելու համար: Այս գործոններն օբյեկտիվ են: Բայց հենց դրանք են հայաստանյան իշխանությանը ապահովության, անփոփոխելիության և անգերազանցելիության ազդակներ ու զգացողություն հաղորդում: Դրանցից է իշխանությունը դառնում իրականության հանդեպ ավելի անհաղորդ, ոչ ադեկվատ: Մինչդեռ սրանք լիցքեր են, որոնք կարող են հանգեցնել ոչ թե եվրամայդանական տիպի, այլ սոցիալ-հասարակական պայթյունի: Այս իմաստով ուկրաինական դեպքերը պարզապես կարող են դետոնատորի դեր կատարել:
Ներկայիս Ուկրաինան ուղերձ է հղում, որ ցանկացած պարագայում չի ներվում իշխանության կողմից իրականության զգացումը կորցնելը, իսկ մյուս կողմից` որ չափազանց հեշտ է, առաջադիմական ու լուսավոր գաղափարների տակ թաքնված մանիպուլյացիաներին տրվելով, երկիր կորցնելը: Ոչ ոք չի բացառում, որ հեղափոխությունը Ուկրաինայում կհաղթի: Բայց ի՞նչ կշահի երկիրը դրանից, փաստացի` ոչինչ: Ուկրաինան մեկ անգամ արդեն անցել է նույն, մի քիչ ավելի խաղաղ նարնջագույն ճանապարհը: Եվ դրա միակ արդյունքը եղավ նոր հեղափոխության սանձազերծումը: Գուցե Հայաստանի քաղաքացին եվրաասոցացման համար Ազատության հրապարակում բարիկադներ չսարքի` փոխարենը նախընտրելով երկիրը լքելը: Բայց ո՞վ է ասել, որ արտագաղթելը, հեռանալը, որոնք հակադրվելու և չհամակերպվելու յուրօրինակ ձևեր են, պետականության պահպանման տեսանկյունից ավելի քիչ ողբերգական են, քան մարդկային կորուստների գնով պերմանենտ հեղափոխություններ կատարելը:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ