կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-16 11:00
Առանց Կատեգորիա

Հունական եւ հայկական կոթողները Թուրքիան վերանորոգում է միայն քարոզչական նպատակներով

Հունական եւ հայկական կոթողները Թուրքիան վերանորոգում է միայն քարոզչական նպատակներով

Թուրքական Օրդու նահանգի տեղական թերթերից մեկն օրերս գրել էր, որ երկրի կառավարությունը մտադիր է վերականգնել  նահանգում գտնվող հունական եւ հայկական մի շարք պատմական տներ ու շինություններ: Ընդ որում` դրանք վերականգնվելու են իրենց նախնական տեսքին համահունչ:

Նույնիսկ Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարար Էրթուղրուլ Գյունայն էր վերջերս այցելել Էսքիշեհիր նահանգում վերանորոգվող պատմական շինությունները, եղել էր նաեւ հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցում:

Ինչո՞ւ է Թուրքիան շահագրգռված հունական եւ հայկական պատմաճարտարապետական հուշարձանները վերականգնելու գործում:

Հարցի շուրջ զրուցեցինք ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ:

«Ընդհանրապես, այդ քաղաքականությունը որոշակի ժամանակ է արդեն, որ իրականացվում է Թուրքիայի կողմից. այդ ամբողջ խտրականության, այդ ամբողջ հակահայկականության մեջ նրանք փորձում են անել քայլեր` աշխարհին եւ, առաջին հերթին, Եվրոպային ցույց տալու, որ իրենք հանդուրժող են եւ հարգում են իրենց երկրում ապրող ազգային փոքրամասնությունների բոլոր իրավունքները, այդ թվում` կրոնական: Հենց այդ նույն «օպերայից» կարող ենք համարել Աղթամարի Սուրբ Խաչի կամ այլ հուշարձանների վերանորոգումը»,- մեզ հետ զրույցում նշեց թուրքագետը:

Սակայն նա խիստ կասկածներ ունի այդ հուշարձանների` սկզբնական ձեւով վերականգնման հետ կապված: «Օրինակ` Անիում իրականացվող վերանորոգումները ցույց են տալիս, որ լիովին աղճատվում են նախկին կառույցները: Անիի պարիսպների վերականգնումից հետո, չգիտես ինչու, անհետացել է հայկական խաչը: Ես կարծում եմ, որ սրանք ոչ թե անկեղծ ցանկություններ են, այլ ունեն երկու նպատակ. առաջինը` քարոզչական` ուղղված արտաքին աշխարհին, երկրորդը` տուրիզմի զարգացման նպատակ, քանի որ այդ հուշարձանների վերականգնումից հետո այնտեղ կավելանան հույն եւ հայ զբոսաշրջիկների հոսքերը»,- համոզմունք հայտնեց Ռ. Մելքոնյանը:

Շուշան ՇԱՀՎԵՐԴՅԱՆ