Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունը խոստացել է սուբսիդավորել օգոստոսի 1-ից թանկացած էլեկտրաէներգիայի` նոր սակագնով հաշվարկված ծախսի տարբերությունը: Ուշագրավ է, որ դեռևս սեպտեմբերի 11-ին, Yerkir.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից հայտնել էին, որ օգոստոս ամսվա` սուբսիդավորման ենթակա գումարի չափը դեռևս ճշտված չէ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից այն կհաշվարկվի սեպտեմբերի 12-ին, և այդ մասին տեղեկատվություն կներկայացվի ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն: Հայտնել էին նաև, որ, ըստ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նախնական հաշվարկների, օգոստոս-հոկտեմբեր ամիսների համար սուբսիդավորման ենթակա գումարի մոտավոր մեծությունը կկազմի ամսական շուրջ 1 մլրդ դրամ:
Սեպտեմբերի 15-ից բնակիչներն արդեն հնարավորություն ունեին կատարելու իրենց վճարումները: Ի դեպ, այս պարագայում էլ նրանք հայտնվել էին շփոթության մեջ, քանի որ չէին կարողանում հստակեցնել, թե որքան գումար պետք է վճարեն իրենք, և որքանն է սուբսիդավորված մասը: Շատերը վճարել են ամբողջ գումարը: Միայն վճարում կատարելուց հետո, կտրոնի մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում էր հնարավոր դառնում հասկանալ, թե որքան է կազմում սուբսիդիան, իսկ որքանը բաժանորդի վճարելիք գումարը:
Ստացվում է, որ սեպտեմբերի 12-ից հայտնի է նաև օգոստոս ամսվա համար սուբսիդավորված գումարի չափը: Բայց արդեն երկու օր է` էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից փորձում ենք ճշտել, թե որքան է կազմում այդ գումարը: Մեր բազմաթիվ զանգերը կա\'մ մնում էին անպատասխան, կա\'մ պատասխանողները հորդորում էին հետո զանգահարել, որպեսզի կարողանան մեր հարցին պատասխանել: Այսօր, վերջապես, նախարարությունից հարկ համարեցին արձագանքել:
«Դե, մոտավոր հաշվարկներ ունենք, բայց պաշտոնական տվյալներ դեռևս չկան: Վարչապետից հանձնարարական ունենք` ստանալուն պես տարածել հաղորդագրություն: Ինձ ասացին, որ այս պահին նախարարությունը փաստացի տվյալներ չունի: ՀԷՑ-ը պետք է հաշվարկի, այդպես է կարգը»,- հայտնեցին նախարարությունից:
ՀԷՑ-ի մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանն էլ մեզ տեղեկացրեց, որ սեպտեմբերի 11-ից արդեն փոստային բաժանմունքներին փոխանցել են տվյալները: Նա դժվարացավ ասել, թե փոխանցվե՞լ է, արդյոք, սուբսիդավորված գումարի չափի մասին տվյալը նաև կառավարությանը: ՀԷՑ-ի մամուլի խոսնակը նշեց, որ համապատասխան աշխատակիցը չի պատասխանում զանգերին, և ինքը դեռևս չի կարող պատասխանել մեր հարցին:
Ցավալի է`առաջացած խառնաշփոթից լավագույն դեպքում մի կերպ են գլուխ հանում հենց ոլորտի պատասխանատուներից ոմանք, հետաքրքիր է` հասարակ քաղաքացիներն ինչպե՞ս պետք է վարվեն: