| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Բորիս Գյուլումյանը խոսեց այն մասին, թե ինչպես է իրականացվում էլեկտրաէներգիայի բարձրացված սակագնի սուբսիդավորումը: Նշենք, որ ասուլիսին հրավիրված էին նաև ՀԷՑ-ի ներկայացուցիչները, ովքեր, սակայն, չեկան:
Բորիս Գյուլումյանը նշեց, որ ՀԷՑ-ը օգոստոս ամսվա հաշվարկներն ամփոփելուց հետո էներգետիկայի նախարարությանն է ներկայացրել տեղեկանք, որում հստակորեն երևում է սպառողների թիվը, նրանց ծախսած էլեկտրաէներգիայի քանակը և սուբսիդավորման համար անհրաժեշտ գումարը: Էներգետիկայի նախարարությունն այդ տեղեկանքի հիմքով առաջարկություն է ներկայացրել կառավարությանը:
«Առաջիկայում կառավարությունը կընդունի որոշում, որով հայտնի կդառնա վճարման աղբյուրը և սուբսիդավորումը: Օգոստոս ամսվա համար սուբսիդիայի գումարը կազմել է մոտ 1 միլիարդ 8 միլիոն դրամ, որից 986, 8 միլիոն դրամը 787 հազար բնակիչ սպառողների սուբսիդավորումն է, իսկ 23 հազար ոչ բնակիչ սպառողների սուբսիդավորման գումարը կազմում է 21 միլիոն դրամ: Բնակիչ սպառողների օգտագործած էլեկտրաէներգիան միջինում կազմել է 185 կիլովատտ է, իսկ ոչ բնակիչ սպառողներինը` 135 կիլովատտ»,- ներկայացրեց Բորիս Գյուլումյանը` հավելելով, որ հետագա ամսվա համար ՀԷՑ-ը կրկին կներկայացնի հաշվարկները, և կառավարությունը կսուբսիդավորի:
Հարցին, թե ինչո՞ւ է անցկացվում խորհրդատվական ծառայություն, եթե էներգետիկայի նախարարն արդեն ասել է, որ էլեկտրաէներգիայի սակագները չեն փոփոխվի, անգամ` եթե ՀԷՑ-ը նոր սեփականատեր ունենա, բանախոսը պատասխանեց, որ աուդիտի անցկացումն անհրաժեշտություն էր, որպեսզի պատասխան տրվեր հանրությանը հուզող մի շարք հարցերի: