Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին օրերին ողջ հանրապետությունում ընթացող՝ Գարեգին Նժդեհի ծննդյան 125-ամյակի տոնակատարությունները գնալով ավելի ու ավելի են հիշեցնում խորհրդային ամբողջատիրության տարիներից մեզ հրաշալիորեն հայտնի «Լենին պապիկի» ծննդյան հոբելյանական հանդիսությունները՝ քաղաքական ու գիտական «պարտխոզակտիվի» մասնակցությամբ:
«Նժդեհականի» քողի տակ հանդես եկող իշխանական վերնախավի հուշարարությամբ կազմակերպվող նման «նավթալինահոտ» արարողությունները հիմնավորապես ձևախեղում են իր գիտակից կյանքը Հայաստանի ու հայության ազատագրության գործին նվիրյալի կերպարը:
Հայաստանում իշխող քաղաքական կուսակցության գաղափարաքաղաքական խարխափումների լաբիրինթոսում Գարեգին Նժդեհի կերպարը մեր աչքի առջև ազատության զինվորից աստիճանաբար փոխակերպվել է խորհրդային տձև կուռքի, որը «միակն» էր իր մարգարեական անսխալականության մեջ: Անսխալականության գաղափարը, գումարվելով «Լենին պապիկին» բնորոշ ունիվերսալիզմին (ե՛ւ տեսաբան էր, ե՛ւ գործիչ, ե՛ւ անգամ՝ մանուկների բարեկամ) հետք անգամ չի թողնում Գարեգին Նժդեհի իրական կերպարից:
Դեռևս ԽՍՀՄ փլուզման դարաշրջանում խորհրդահայ պատմաբանների կողմից սկսված՝ հայ ազատամարտի ու ազգային գործիչների հրահանգավորված գովերգումը, ազգային արժեքները՝ դրանց կրողը հանդիսացող քաղաքական ուժից՝ ՀՅ Դաշնակցությունից տարանջատելու միջոց էր: Ժամանակի ընթացքում ինչ-ինչ հարցերի պատճառով, կուսակցությունից հեռացած այս կամ այն գործչի «կանոնիզացիայի» միջոցով սկիզբ էր առել ազգային «Լենին պապիկի» փնտրտուքը, որի առաջին թեկնածուն հայ ազատամարտի մեկ այլ նվիրյալ Անդրանիկ Օզանյանն էր:
Պատճառը շատ պարզ է. երկրի անկախացումից հետո աստիճանաբար ազգային դիմակ հագնող բյուրոկրատիան փնտրում էր ժամանակի կոնտեքստից կտրված այնպիսի «իդեալ», որի «սրբացման» միջոցով հնարավոր լիներ պայքարել իրական ազգային ուժերի դեմ: 1998թ. իշխանափոխությունից հետո, բյուրոկրատիային «ոչ դաշնակցական դիմակ» ապահովելու առաջադրանքի համատեքստում, ավելի գրավիչ դարձավ ՀՀԿ-ի կողմից արդեն իսկ ձևախեղված Գարեգին Նժդեհի կերպարը, որն ի տարբերություն Անդրանիկ Օզանյանի, ստեղծում էր նաև որոշակի գաղափարախոսական ֆոն:
Ուստի, նախ՝ ՀՀԿ-ի ներսում, և ապա լայն հասարակայնության աչքի առջև սկսեց ձևավորվել մի նոր, մինչ այդ գիտությանն անհայտ «Գարեգին Նժդեհ-գերմարդու» կերպար:
Որևէ մեկի համար գաղտնիք չէ հայ ազատամարտի ականավոր գործիչ Գարեգին Նժդեհի խաղացած կարևոր դերը մանավանդ՝ Զանգեզուրի գոյամարտի եզրափակիչ փուլում: Սակայն այն պնդումները, թե ՀՅԴ հիմնադիրներից Սիմոն Զավարյանի նվիրյալ-աշակերտ Գարեգին Նժդեհը «երկնքից է իջել» և միայնակ է կարողացել սրբագրել իր ժամանակակիցների սխալները և Հայաստանը փրկել վերջնական ու անդառնալի կործանումից, ոչ միայն միակողմանի են ու խիստ պարզունակ, այլև ակնհայտորեն՝ կեղծարարական: Անհնար է տարանջատել Գարեգին Նժդեհին՝ Հայաստանի Հանրապետությունը հիմնած ու պաշտպանած ՀՅԴ այդ սերնդի մյուս գործիչներից, մանավանդ՝ նրա մարտական հատվածից, որի իրական «դարբնոցը» Առաջին աշխարհամարտի տարիներին Դրոյի գլխավորած երկրորդ կամավորական գունդն էր:
Պատահական չէ, որ հետագայում Հայաստանի առանձին գավառների պաշտպանության գործը դրվեց հենց երկրորդ կամավորականի հրամկազմի՝ Յապոն (Դարալագյազ), Նժդեհ (Սյունիք), Դալի Ղազար (Արցախ) և այլոց վրա, քանզի ողջ այդ փաղանգի իրական հրամանատարն ու Հայոց սպարապետը Դրաստամատ Կանայանն էր՝ Դրոն:
Ուստի՝ իրենց ուղեղի քարացած պարունակությունը չդատարկած «պատմաբանների» և ազգային գաղափարախոսությունը սխալմամբ ցեղակրոնության հետ նույնացնող «տեսաբանների» համար այդպես էլ անհասանելի մնացած՝ ՀՅԴ մարտական կազմակերպության և նրա նվիրյալ դեմքերից մեկի՝ Գարեգին Նժդեհի գործունեության իրական պատմությունը դեռ իր ամբողջական ուսումնասիրության կարիքն ունի: Քանզի այն, ինչը գրվել է Հայաստանի անկախացումից հետո՝ նոր իշխանությունների պնակալեզների կողմից, պարզապես շրջված բոլշևիզմ է՝ «ազգային» ցուցանակի տակ:
Իրականությունն այն է, որ ՀՅԴ «թևի տակ» ծնված, բայց հետագայում օտար ազդեցությունների տակ ընկած նժդեհականության կամ ցեղակրոնության «կանոնիզացիան» ներկայումս օգտագործվում է սոսկ իբրև կոռումպացված պաշտոնյաների բաժակաճառերին «հայրենասիրական» բովանդակություն հաղորդելու միջոց, որի արդյունքում անարգվում է Հայաստանի ու հայության ազատագրության գործի մեծ նվիրյալ Գարեգին Նժդեհի հիշատակը:
Գաբրիել ԵՐԶՆԿՅԱՆ