Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրահայտ դիրիժոր, «Գրեմմիի» մրցանակակիր Իլյա Շտուպելը տպավորված է հայաստանյան այցից ու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությունից: Շտուպելը, ով իր սերնդի մեծագույն դիրիժորներից է, Երևանում էր «Հայաստանում Մալթայի երաժշտության օրեր» ծրագրի շրջանակում:
«Առաջին անգամ եմ Հայաստանում: Հիանալի երկիր է, շատ սիրեցի այն: Ժողովուրդը լավն է, մարդիկ տաղանդավոր են: Ընդհանրապես այստեղ ինձ շատ է դուր գալիս: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ դեռևս հանդես չէի եկել: Այս տարի նշանակվել եմ Շվեդիայում մի մեծ փառատոնի տնօրեն: Այն կոչվում է Ֆրանց Բերվալտի անվան միջազգային փառատոն: Վերջինս կրում է հայտնի շվեդ կոմպոզիտորի անունը: Մենք փնտրում ենք տաղանդավոր նվագախմբի՝ համագործակցելու համար: Եվ ես ցանկանում եմ աշխատել հայկական նվագախմբի հետ: Նվագախմբի հետ մեկ փորձից հետո նկատեցի, որ տաղանդավոր մարդիկ այս նվագախմբում շատ են, և շատ լավ պոտենցյալ կա»,-նշում է Իլյա Շտուպելը:
Դիրիժորը փաստում է՝ հայ երաժիշտները շատ տաղանդավոր են, ունակ և աշխատելու մեծ ցանկություն ունեն, ինչը շատ կարևոր է:
«Հույս ունեմ, որ առաջին, բայց ոչ վերջին անգամ ենք համագործակցում: Ֆրանց Բերվալտի անվան միջազգային փառատոնը ներկայացնելու է ոչ միայն շվեդական երաժշտությունը: Մեզ համար կարևոր է ներկայացնել այնպիսի հետաքրքիր ազգերի, ինչպես հայերն են: Այն առաջին անգամ անցկացվելու է 2020-ին Շվեդիայում, և մեզ համար շատ կարևոր է, որ ամեն ինչ բարձր մակարդակի վրա լինի»,-ընդգծում է Իլյա Շտուպելը:
Դիրիժորը փաստում է՝ հիացած է իր հայ գործընկեր, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանով:
«Նախկինում չեմ ճանաչել Սմբատյանին: Շատ տաղանդավոր երիտասարդ է, հսկայական աշխատանք է անում այս նվագախմբի համար: Եվ նման մարդկանց պետք է օգնել, եթե կարողանամ՝ ամեն ինչ կանեմ այս նվագախմբի զարգացման համար: Նվագախումբ ստեղծելը դժվար բան է: Այստեղ մարդիկ աշխատում եմ, սիրում են իրենց աշխատանքը, ինչը ինձ դուր է եկել»,-նշում է Շտուպելը:
Նշենք, որ Իլյա Շտուպելն առաջին անգամ սկսել է դաշնամուր նվագել երեք տարեկանից, իսկ Վիլնյուսի կոնսերվատորիա ընդունվելիս արդեն հայտնի էր որպես հրաշամանուկ: 1960 թվականին Իլյա Շտուպելը տեղափոխվել է Լեհաստան, որտեղ շարունակել է իր երաժշտականուսումնառությունը:
Մի քանի տարի Սկանդինավիայում` որպես Հելսինբորգի թատրոնի երաժշտական տնօրեն, և Մալմյոյի օպերայում` որպես դիրիժոր աշխատելուց հետո հանդես է եկել Ստոկհոլմում, Գոտենբուրգում, Կոպենհագենում ինչպես նաև արտերկրում՝ ԱՄՆ-ում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսրայելում, Նիդերլանդներում և այլուր, ապա 1990 թվականին Լոձում (Լեհաստան) նշանակվել է Արթուր Ռուբինշտեյնի ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն և գլխավոր դիրիժոր: Այնուհետ նա նշանակվել է Բիլբաոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր, ինչպես նաև Լվիվի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր: Շտուպելը ղեկավարել է այնպիսի նվագախմբեր, ինչպիսիք են Օդենսի և Աալբորգի սիմֆոնիկ նվագախմբերը, Գրենոբլի կամերային նվագախումբը, Սան Պաուլոյի և Պորտո Ալեգրիի սիմֆոնիկ նվագախմբերը, Բիլբաոյի և Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ նվագախմբերը: Իլյա Շտուպելը երաժշտական աշխարհում հայտնի է Ռուեդ Լանգգաարդի բոլոր 16 սիմֆոնիաների իր տպավորիչ ձայնագրություններով: