Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կարտոֆիլի` սպասվող բերքի և ներկայիս գների վերաբերյալ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն օրեր առաջ հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, որ օգոստոս ամսվա ընթացքում, սեզոնայնությամբ պայմանավորված, խաթարվել է շուկա կարտոֆիլի բավարար մատակարարումը, դա էլ հանգեցրել է ժամանակավոր գնաճի։
Yerkir.am-ը կապ հաստատեց Գեղարքունիքի և Շիրակի մարզի ( կարտոֆիլն ամենաշատն աճեցվում է հենց այս մարզերում) որոշ համայնքների ղեկավարների հետ` տեղեկանալու` ինչպիսի՞ն է կարտոֆիլի բերքատվությունը նրանց գյուղերում, և արդյո՞ք նկատվում է կարտոֆիլի բերքի սակավություն:
Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքի ղեկավար Ապետնակ Մովսեսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ իրենց մոտ բերքի պակաս չկա: «Ոռոգումը ժամանակին է եղել. դե, մենք Սևանա լճից ենք օգտվում: Բերքը լավ է, վատ չի, բողոքելու բան չունենք: Վերավաճառողները մեզանից առնում են 150 դրամով»,- ասաց գյուղապետը` հավելելով. «Տարին երաշտ էր, բայց դա կարտոֆիլին չէր վերաբերում, քանի որ ոռոգումը եղել է, ու ոչ մի խնդիր էլ չի եղել: Բնակիչների հետ հանդիպել եմ, զրուցել եմ, ու որևէ մեկը չի ասել, որ բերքի խնդիր կա: Դե գիտեք նաև, որ մեզանից շատ են բերք տանում, ու, համենայն դեպս, էսքան ժամանակ խնդիր չի առաջացել»:
Նույն մարզի Սարուխան համայնքի ղեկավար Վահան Գևորգյանը ևս չդժգոհեց բերքի քանակից: «Նենց չի, որ բերքի պակաս ունենք, նորմալ էլ կա: Միջին բերք է, բայց հաստատ քիչ չէ: Անցյալ տարվա համեմատ` մի քիչ պակաս է, բայց, դե, էս տարի էլ վատ չի: Մարզխորհրդի նիստում էլ որոշել ենք, որ վաղահաս սորտերը 160 դրամով ենք տալիս առնողներին: Ամենաշատը 200 դրամ է»,- մեզ հետ զրույցում ասաց գյուղապետը:
Շիրակի մարզի Ախուրյան գյուղի համայնքապետ Արծրունի Իգիթյանը, ի տարբերություն Գեղարքունիքի գյուղապետերի, այնքան էլ գոհ չէր կարտոֆիլի այս տարվա բերքից: «Հիմա մի քիչ շուտ է վերջնական եզրակացություն անել, բայց դե մի պլյուս կա` եղանակներն այս պահին հով են, ու դա դրականորեն է ազդում կարտոֆիլի վրա ու գնալով էլ ավելի դրականի է գնում: Երկու ամսից ավելի մեզ մոտ անձրև չեղավ, ու դա էր պատճառը, որ մի փոքր ավելի քիչ է բերքատվությունը»,- պատմեց գյուղապետը:
Նա նշեց, որ 160 դրամով են վաճառում կարտոֆիլը, ու գինը դեռ կնվազի: «Էս վերջին շրջանում, սեպտեմբերի հետ կապված, մարդիկ մի քիչ շատ հավաքեցին իրենց բերքը, որ վաճառեն, գումար լինի: Սեպտեմբերի 5-ից արդեն ավելի պարզ կլինի` մենք ունե՞նք բերքի խնդիր, թե՞ չունենք»,- ասաց Իգիթյանը: