Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ ադրբեջանական azerisport.com կայքը տեղեկություն տարածեց, թե Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ադրբեջանական իշխանությունները հնարավոր է չթույլատրեն մուտք գործել Ադրբեջան, քանի որ ֆուտբոլիստը համարվում է այդ երկրի սահմանն ապօրինաբար հատած անձ (ԼՂՀ է այցելել), իսկ Բաքու մեկնելու դեպքում հայ ֆուտբոլիստը կարող է ձերբակալվել` Ադրբեջանի օրենսդրության համաձայն:
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի խաղարկության խմբային փուլում Դորտմունդի «Բորուսիա»-ն և ադրբեջանական «Գաբալա»-ն ընդգրկվել են նույն խմբում:
Այս կապակցությամբ yerkir.am-ը զրուցեց ադրբեջանցի լրագրող, ֆուտբոլային երկրպագու Շահին Ռզաևի հետ: Նա հայտնեց, որ ադրբեջանական կայքն ընդամենը իր կարծիքն է ներկայացրել:
«Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական դիրքորոշումը դեռևս չկա: Ցանկացած դեպքում՝ Մխիթարյանին չեն ձերբակալի, քանի որ երկրի քրեական օրենսգրքում նման հոդված չկա: Ամենածայրահեղ դեպքում նրան վիզա չեն տրամադրի: Սակայն ես, վստահ եմ, որ նա «Բորուսիա»-ի մնացած անդամների հետ միասին հանգիստ կժամանի Բաքու: Հնարավոր է՝ նրա նկատմամբ կիրառեն անվտանգության խիստ միջոցառումներ, դա հասկանալի է»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե հնարավո՞ր է կայքի տեղեկությունը պատվիրված է, Ռզաևը պատասխանեց. «Չեմ կարծում, որ իշխանությունների կողմից պատվեր կա: Аzerisport.com-ը անկախ կայք է, ուղղակի նրանք ցանկացել են բարձրացնել իրենց վարկանիշը, դրա համար հետաքրքիր թեմա են գտել, և դա նրանց հաջողել է»:
Հարցին, թե բացասաբար չի՞ ազդի ԶԼՄ-ների նման քաղաքականությունն Ադրբեջանի վրա, մանավանդ, որ երկրին քննադատում են մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի համար, իսկ ֆուտբոլիստին Ադրբեջան չթողնելը կնշանակի կրակի վրա յուղ լցնել, ադրբեջանցի լրագրողը պատասխանեց. «Դեռ նման բան չկա: Այսինքն` «չեն թողնում» -ի հարցը դեռ որոշված չէ: Օրինակ` վերջերս Բաքու է այցելել թուրք երգիչ Տարկանի` ազգությամբ հայ թմբկահարը: Ոչ մի խնդիր չի եղել: Ես վստահ եմ, որ Մխիթարյանը նույնպես կժամանի, սակայն, որպես երկրպագու, ցանկանում եմ, որ մեր «Գաբալան» հաղթի»: