Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքական առումով այս շրջանը նախընտրական պայքարի նախապատրաստման ժամանակահատված կարելի է համարել, երբ բոլոր ուժերը փորձում են ճշտել իրենց տեղն ու հնարավորություննեը: Քաղաքական ուժերին սկսել է մտատանջել խորհրդարան մուտք գործելու հնարավորության հարցը: 74 կուսակցություն եւ նույնքան էլ` օրենսդիր մարմնում հայտնվելու փափագ: Դրանց ճնշող մեծամասնությունը ինքնուրույն խորհրդարան չի կարող մտնել:
Փոքր հնարավորություն ունեցող ուժերը, իսկ այդպիսիք են նշված թվով կուսակցություններից ավելի քան 60-ը, ակնկալիքը կարող են իրականությանը մոտեցնել, եթե դաշինքներ կազմեն ակնհայտ առավելություն ունեցող եւ անցողիկ ուժերի հետ: Բնականաբար, որպեսզի միանգամից 30 կուսակցություն անհատական չմասնակցի ընտրություններին, աղտոտի քաղաքական դաշտն ու փոշիացնի ընտրողների քվեները, տրամաբանական է դաշինքների կազմումը, սակայն այդ գործընթացը հաճախ լինում է փնթի ձեւով, երբ բացակայում է գաղափարական համագործակցությունն ու ծրագրային պայքարը, կազմակերպական լուրջ կառույցի առկայությունը:
Քաղաքական համակարգում հայտնի է, երբ կուսակցություններ են ծնվում կամ կենդանանում ընտրությունների նախօրյակին եւ իրենց ծառայություններն են առաջարկում մեծ ուժերին, հաճախ` ձուլվում նրանց: Օրինակ, կարո՞ղ է մեկն ասել, թե խորհրդարանում եղած ուժերի շարքերում գտնվող մանր կուսակցությունների ներկայացուցիչներն ինչով են աչքի ընկել: Հասկանալի պատճառներով ակտիվացած սոցիոլոգները խորհրդարան մուտք գործելու ունակ ուժեր են համարում 4-5-ին` ՀՀԿ, ԲՀԿ, Դաշնակցություն, ՀԱԿ, «զոռով-շառով»` «Ժառանգություն»: Ու քաղաքականության մեջ հայտնի-անհայտ ուժերը հենց նրանց շուրջ էլ պտտվում են` նրանց լծակների շնորհիվ խորհրդարանում հայտնվելու ակնկալիքով:
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, օրինակ, հայտարարել է, թե դաշինք կազմելու համար դիմել է խորհրդարանական բոլոր կուսակցություններին, նրանց է ուղարկել իր «ազգափրկիչ» ծրագիրը: Հնարավոր է դաշինք նաեւ ՀԱԿ-ի հետ: Եվ բնավ կարեւոր չէ, որ այդ ուժերը գաղափարապես միանգամայն տարբեր կառույցներ են. ուզում է միանալ եւ վերջ: Այլ հարց է, թե այդ ուժերից որ մեկին է ձեռնտու գրեթե զրոյական վարկանիշ ունեցող ԱԻՄ-ին ընդունել (Ազգային ինքնորոշում միավորումը 20-տարվա ընթացքում կորցրել է 10500 անդամ):
Քաղաքական անհավասարակշիռ կողմնորոշում ունեցող Կարապետիչն էլ, որ մինչեւ վերջերս «կեղտոտ խաղ» էր համարում ՀԱԿ-ի քայլերը եւ ինչ-որ շարժում ստեղծեց, այսօր հայտարարում է, թե պատրաստ է միանալ ՀԱԿ-ին: Այնտեղից էլ ընդունում են գրկաբաց, հետո՞ ինչ, որ գիշեր-ցերեկ իրենց հայհոյում էր: Այդ կառույցում եղած 17 ուժերը եթե ոչինչ չեն անում, թող Կարապետիչն էլ, նրանց հետ` ոչինչ չանի:
ՀԱԿ-ը եւս ունի մարտավարության փոփոխության խնդիր: Էլ ինչ ասես, որ վերջին մի քանի ամսում չփորձեցին: 3 տարի շարունակ առաջադրած 15 պահանջը սկզբում հասցրին նվազագույնի, սկզբում նախագահի հրաժարական էին պահանջում, ապա նախագահին խնդրեցին, որ աշխատանքից հեռացնի որոշ մարդկանց, հետո սկսեցին երկխոսել, ապա երկխոսությունը թարգելու առիթ ման գալ, հիմա էլ իրենց հիմնական նպատակը` արտահերթ ընտրությունների պահանջը, որով դեռ դեգերում են քաղաքական դաշտում, հանեցին օրակարգից եւ սկսում են նոր առիթներ ման գալ` քաղաքական դաշտում ձմեռելու համար: ՀԱԿ-ում, թերեւս, հասկանում են, որ չնայած 18 կուսակցությունների համագործակցությանը, խոշոր հաշվով, դրանք եղանակ ստեղծողներ չեն, եւ սկսել են դաշինքի թեկնածու փնտրել ու կանգ են առել ԲՀԿ-ի վրա: Ի՞նչ փույթ, թե մինչ օրս իրենց համար ԲՀԿ-ն ավազակապետության մասնիկ էր, կարեւորը, որ խորհրդարան անցնելու ռեալ շանսեր ունի եւ իր հետ նաեւ ընդդիմության ձրիակեր թեւին ներս կտանի:
Վերջին համապետական ընտրությունների ժամանակ Տեր-Պետրոսյանը փորձեց համոզել ժողովրդին, որ ինքն է իշխանության միակ այլընտրանքը: Եվ այժմ ԲՀԿ-ի` կոալիցիայից դուրս գալու չդադարող խոսակցությունների եւ արդյունքում ՀԱԿ-ի` քաղաքական կյանքի լուսանցքում հայտնվելու հնարավորությունը ստիպում է լեզու գտնել այդ ուժի հետ: Ուշագրավ է, որ երկու կողմից էլ չեն բացառում համագործակցությունը:
Ընդհանրապես, ոչ ոք չի բացառում որեւէ համագործակցություն ցանկացած ուժի հետ: Բնականաբար, յուրաքանչյուր կուսակցություն ասպարեզից չվերանալու համար պետք է ձգտի իշխանության` իր հնարավոր բարձրակետին: Ամեն գնով խորհրդարան մտնելու ձգտումը պայմանավորված է քաղաքական անհաջող համակարգով: Քաղաքական ուժերի համար այսօր խորհրդարանից դուրս պայքարի ձեւերը սահմանափակ են: Չկա գործունեության դաշտ, պայքարի տեղը մնում է փողոցը, որտեղ, սակայն, խնդիրները չեն լուծվում: Ուստի բոլորը վազում են ընտրողներին գրգռել-շահագրգռելու, խոստանալ-չկատարելու հարթություն: Կարճ ասած` փորձում են խորհրդարան մուտք գործել քաղաքացիներիս ներվերի հաշվին ու հետագա 5 տարիները շարունակում նույն կերպ:
Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ