Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության այսօրվա նիստից հետո ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ծննդկանների մահվան վերջին երկու դեպքերը պետք է քննարկվեն իրավապահ մարմինների կողմից: Նախարարը, անդրադառնալով ծննդկաններ Մերի Մարգարյանի և Ջուլիետա Գասպարյանի մահվան դեպքերին, ասաց. «Ստեղծված հանձնաժողովներն աշխատելու են մի քանի ուղղություններով: Հիմնական սկզբունքը լինելու է անաչառությունը, արհեստավարժությունը և հետևողականությունը»:Մուրադյանն ասաց, որ ինքն անձամբ հանդիպել է միայն Մերի Մարգարյանի հարազատներին: Դիտարկմանը, թե մարզային բուժհաստատությունների նկատմամբ դժգոհությունները դեռևս շատ են և մարդիկ բուժման համար շարունակում են մայրաքաղաք այցելել, Մուրադյանը պատասխանեց. «Ամբողջ հանրապետությունով մեկ ծրագրեր են իրականացվում: Մենք իրականացնում ենք ընդհանուր քաղաքականություն` ինչպիսին պետք է լինի»: Նախարարն ընդգծեց նաև, որ վերջին օրերին ծննդկանների մահվան դեպքերի ֆոնին բժիշկների հանդեպ բացասական վերաբերմունք է առաջացել: «Երկրում տարեկան գրանցվում է 53 հազար հղիություն, որից 43 հազարը ծննդաբերությամբ է ավարտվում, 7 հազարն աբորտներն են, իսկ մնացածն ինքաբերաբար հղիության ընդհատումներն են: Տարեկան 18 հազար հղիության պաթոլոգիա է գրանցվում Հայաստանում, որոնցից 1-2 տոկոսը կյանքին ուղիղ սպառնացող վտանգներն են: Այդ բոլոր դեպքերի լուծումն ուղղված է նրան, որ մայրական մահացության դեպքերը նվազեն և փաստացի թվերը վկայում են հենց նվազման մասին»,- ասաց Մուրադյանը` հավելելով. «Յուրաքանչյուր այդպիսի դեպք բոլորիս համար ողբերգություն է: Մենք չենք դիտարկում սա որպես վիճակագրություն, և մենք ամբողջ համակարգի աշխատանքը չենք կարող դիտարկել այդ մի քանի դեպքերի հետ կապված: Եթե այս դեպքերի վերաբերյալ կլինեն խնդիրներ, կարծում եմ` իրավապահները կներկայացնեն դատարան և մենք առաջինը կլինենք, որ օրենքի խստություն կկիրառենք»: