Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր` օգոստոսի 8-ին, Համահայկական ամառային 6-րդ խաղերի մի քանի հազար մասնակիցներ այցելել են Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր մարմնի անդամներն ու մարզիկները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հիշել Ցեղասպանության զոհերին: ՀԽՀԿ գործադիր մարմնի անդամները եղել են նաև Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանում, ծանոթացել թանգարանի սպորտի բաժնի ժամանակավոր ցուցադրություններին: «Ծիծեռնակաբերդը հայ մարդու սրբավայրն է: Չեմ կարծում, որ որևէ մեկը, լինելով Երևանում, չի գա Ծիծեռնակաբերդ: Համահայկական խաղերը հայապահպանության և Հայրենիք-Սփյուռք-Արցախ եռամիասնության խորհուրդն ունեն: Չպետք է մոռանանք, որ այս երիտասարդները, ովքեր այցելեցին Ծիծեռնակաբերդ Եղեռն ապրած մեր ժողովրդի սերունդներն են»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը:
Գործկոմի անդամ Ալբերտ Բոյաջյանը, պատասխանելով լրագրողի հարցերին, ասել է հետևյալը. « 26-րդ տարին անընդմեջ գալիս եմ Հայաստան և յուրաքանչյուր անգամ այցելում Ծիծեռնակաբերդ: Ամեն անգամ նույն զգացումներն են արթնանում ներսումս: Այս անգամ մի փոքր տարբեր զգացում կա, քանի որ հիշատակում ենք 100 տարի առաջ նահատակվածներին: Մեզ համար սա լավագույն առիթն է հայրենիք բերել հազարավոր մարզիկների: Նպատակը մեկն է՝ իրենց մեջ ամրացնենք, ամրապնդենք այն զգացումները, որ մենք ենք զգում»:
«Վստահաբար մենք ավելի առաջ կգնանք հայ դատի պայքարի մեջ մեր միասնության շնորհիվ: Սա մարդկության դեմ գործված ոճիր է: Մեր երիտասարդությունն այսօր իր հարգանքի տուրքը մատուցեց մեր անմեղ զոհերի հիշատակին: Ես կցանկանայի, որ իրենք այցելեն նաև Եռաբլուր, հարգեն նաև մեր նորագույն պատմության նահատակներին»,- իր հերթին նշել է ՀԽՀԿ փոխնանախագահ Ստեփան Դերբեդրոսյանը:
Միջոցառման ավարտին ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը գրառում է կատարել թանգարանի հուշամատյանում: Այնուհետև մասնակիցները` պատասխանատուների ուղեկցությամբ, մեկնել են Հայաստանի պատմական վայրեր` Խոր Վիրապ, Էջմիածին, Սարդարապատ, Գառնի և Գեղարդ: