կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-02 15:26
Սպորտ

Համահայկական 5-րդ խաղերի կրակը վառվեց Արցախում

Համահայկական 5-րդ խաղերի կրակը վառվեց Արցախում

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր` օգոստոսի 2-ին Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտչի եկեղեցում մասնակցել է 5-րդ համահայկական խաղերի ջահի վառման հանդիսավոր արարողության եւ հանդես եկել ողջույնի խոսքով:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից  հայտնում են, որ արարողությանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Համահայկական խաղերի միջազգային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, բազմաթիվ հյուրեր Հայաստանից եւ Սփյուռքից:

Բակո Սահակյանն իր խոսում նշել է.

«Ուրախ եմ ողջունել բոլորիդ Արցախյան հինավուրց հողում: 

Հաշված րոպեներ անց Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտչի եկեղեցում կվառվի  5-րդ համահայկական խաղերի ջահը: Եվ սա պատահական չէ: Վերջին 20 տարիների ընթացքում Արցախը դարձել է համայն հայության համախմբման խորհրդանիշ:

Նման միջոցառումները նույնպես հանդիսանում են Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ ու անսասան եռամիասնության վկայությունը: Նաեւ այդ եռամիասնության շարունակական ամրապնդման տեսանկյունից ենք մենք կարեւորում համահայկական խաղերի դերը, որոնք իրենց բնույթով ոչ միայն մրցումներ են, այլեւ մեր ժողովրդի համերաշխության ու միասնականության եւս մեկ դրսեւորում: Հաղթական ոգին պետք է միշտ ամուր լինի յուրաքանչյուր հայի մոտ եւ ուղեկցի մեզ մեր անխախտ ճանապարհին:

Այս խաղերին աշխարհի տարբեր քաղաքների հավաքական թիմերի հետ միասին կմասնակցեն նաեւ արցախցի մոտ 100 մարզիկներ: Նրանք քրտնաջան աշխատել են եւ պատրաստ են արժանիորեն մասնակցելու ու պայքարելու մրցանակային տեղերի համար: Մենք Արցախում համակ ուշադրությամբ կհետեւենք խաղերի ընթացքին եւ մեր մարզիկների մասնակցությանը:

5-րդ համահայկական խաղերի բոլոր մասնակիցներին ես մաղթում եմ հաջողություն ու ամենայն բարիք: Թող այս խաղերը նոր ուժ ու եռանդ հաղորդեն ձեզ եւ դառնան ավելի մեծ հաղթանակների սկիզբ»: