Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոր Սահմանադրության նախագծի 23-րդ` «Կյանքի իրավունքը: Մահապատժի արգելքը» հոդվածի 2-րդ կետը աղմուկ է առաջացրել հանրության շրջանում: Բանն այն է, որ այդ կետում նշված է. «Կյանքից զրկելը չի համարվում սույն հոդվածի խախտում, եթե այն հետևանք է այնպիսի ուժի գործադրման, որը բացարձակապես անհրաժեշտ է»:
Լրագրողներն այսօր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս կարող է մեկնաբանել այս կետը, և արդյո՞ք դրանով օրինականացվում է սպանությունը:
Վարդան Պողոսյանը նախ նշեց, որ այս հարցն այն շարքից է, երբ ակտիվ քննարկումները կօգնեն, որպեսզի հանձնաժողովը գտնի օպտիմալ ձևակերպումներ: Վերցվել է մարդու իրավունքների կոնվենցիայի համապատասխան դրույթը: Նա նշեց, որ այդ կետի վերաբերյալ բուռն քննարկումներ են եղել հենց հանձնաժողովի ներսում, մասնավորապես` «կյանքից զրկելը չի համարվում օրենքի խախտում օրինական ձերբակալման կամ կալանավորման ժամանակ փախուստի դեպքում» հարցի և «կյանքից զրկելը չի համարվում օրենքի խախտում խռովությունը կամ ապստամբությունը ճնշելու նպատակով օրենքին համապատասխան գործողություն ձեռնարկելու ժամանակ» հարցի քննարկման ժամանակ:
«Հանգեցինք այն եզրակացության, որ այս երկու կետերն այս տեսքով մեր Սահմանադրությունում ամրագրել չի կարելի, հատկապես, որ մենք չունենք նման իրավական տերմիններ` խռովություն, ապստամբություն: Այնպես որ` այս հարցը մենք փակված չենք համարում: Անհրաժեշտ է գտնել ավելի ճիշտ ձևակերպումներ, որ չլինի այնքան ընդգրկուն, ինչպես մարդու իրավունքների կոնվենցիայում է ձևակերպված, և չպարունակի այնպիսի հասկացություններ, ինչպիսին խռովությունն է կամ ապստամբությունը: Ամեն դեպքում` չի կարելի պնդել, որ մենք սպանությունը լեգիտիմացնում ենք ոչ օրինական նպատակներով»,- ասաց Վարդան Պողոսյանը` հավելելով, որ սա այն հարցն է, որը պետք է հանրային քննարկման արդյունքում լուծում ստանա և պարունակի որոշակիություն ու ճիշտ ձևակերպումներ:
Հրայր Թովմասյանն էլ օրինակ բերեց 2001-ին ԱՄՆ-ում զույգ երկնաքերների փլուզման` ահաբեկչության դեպքը. եթե ԱՄՆ ղեկավարությունը նախապես իմանար, որ նման բան է ծրագրվում, ի՞նչ կանեին: «Ինքնաթիռները եթե վերացնեին, ապա ինչպե՞ս կմեկնաբանվեր դա` սպանությո՞ւն»,- հարցրեց նա:
Թովմասյանը հավելեց, որ դա վերջնական փաստաթուղթ չէ, և այն պետք է լայն քննարկումներից հետո վերջնական լուծում ստանա, եթե տարընթերցումներ ունեցող դրույթներ կան, ապա պետք չէ սուր ընդունել, քանի որ դրանք դեռ վերջնական չեն: