կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-16 17:45
Մշակույթ

«Մենք այստեղ ապրել ենք. Ջաջուռ». Մինաս Ավետիսյանի ծննդյան օրվան ընդառաջ` կներկայացվի նրա կտավը

«Մենք այստեղ ապրել ենք. Ջաջուռ». Մինաս Ավետիսյանի ծննդյան օրվան ընդառաջ` կներկայացվի նրա կտավը

Հուլիսի 20-ին լրանում է հայ մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի ծննդյան 86-րդ տարեդարձը: «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը, համագործակցելով Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Մորիցբուրգ թանգարանի հետ, նկարչի 85-ամյա հոբելյանի շրջանակներում 2014-ի փետրվարի 21-ին ներկայացրեց «Մինաս և Նարեկ Ավետիսյան. մոդեռնը և ավանգարդը Հայաստանում» խորագիրը կրող ցուցահանդեսը: Այն կայացավ Գերմանիայի Հալլե քաղաքում` գործելով մինչև 2014 թ. մայիսի 4-ը: Այս ցուցահանդեսի շնորհիվ Գերմանիայում առաջին անգամ երկու սերունդների հայ նկարիչների աշխատանքները ներկայացվեցին համատեղ:

«Մինաս և Նարեկ Ավետիսյան. մոդեռնը և ավանգարդը Հայաստանում» ցուցահանդեսի շրջանակներում, «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի ջանքերով և Մորիցբուրգ թանգարանի աջակցությամբ, հրատարակվեց եռալեզու (գերմաներեն, հայերեն, անգլերեն) պատկերագիրք, ուր տեղ են գտել Մինասի կյանքն ու ստեղծագործական ուղին լուսաբանող տարբեր նյութեր և բացառիկ լուսանկարներ:

Պատկերագրքում ընդգրկված է նաև նկարչին նվիրված էսսե, որում արվեստի պատմության գերմանացի պրոֆեսոր, պատվավոր դոկտոր Վիլհեմ Շլինկը բարձր է գնահատում Մինասի արվեստը՝ այն դիտարկելով միջմշակութային համատեքստում: Պատկերագրքի և պաստառների համար Մորիցբուրգի թանգարանի կողմից ընտրվեց Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա.Աբրահամյանի հավաքածու) գտնվող` Մինաս Ավետիսյանի «Մենք այստեղ ապրել ենք. Ջաջուռ» միակ ստեղծագործությունը: Եվ այդպիսով` գերմանացիների կողմից արված այս ընտրությունը էլ ավելի կարևորեց թանգարանում գտնվող` մեծանուն նկարչի վրձնին պատկանող միակ կտավի նշանակությունը և արժեքը:

Հուլիսի 19-ին` ժամը 14:00-ին, Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) «Մշակութների երկխոսություն» հիմնադրամի հետ համատեղ արվեստասեր հասարակությանը կներկայացվի Մինաս Ավետիսյանի «Մենք այստեղ ապրել ենք. Ջաջուռ» կտավը, հնարավորություն կընձեռվի հանդիպել Մինաս Ավետիսյանի կրտսեր որդու՝ Նարեկ Ավետիսյանի հետ, ինչպես և ներկա գտնվել «Մինաս և Նարեկ Ավետիասյան. մոդեռնը և ավանգարդը Հայաստանում» եռալեզու պատկերագրքի շնորհանդեսին: