կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-06 12:57
Քաղաքական

Ինչ էր ասում ՀՅԴ-ն 5 տարի առաջ, ինչ է ասում Ծառուկյանը՝ այսօր

Ինչ էր ասում ՀՅԴ-ն 5 տարի առաջ, ինչ է ասում Ծառուկյանը՝ այսօր

2010 թվական, ՀՅԳ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյան

Հայ Յեղափոխական Դաշնակցության հայաստանյան կառույցը հունիսի 4-6-ը Աղավնաձորում գումարած հերթական` 15-րդ Գերագույն ժողովի ժամանակ առանձնացրել է չորս հիմնախնդիր, որոնք ԳՄ-ն պարտավոր է լուծել առաջիկա երկու տարիների ընթացքում. «Գերակա խնդիր է հռչակված ազգային ուղեգծի վերականգնումը: 1998 թվականից հետո այդ ուղեգիծը նաեւ մեր ջանքերով վերականգնվեց, սակայն չպահպանվեց:  

 

Երկրորդ գերակայությունը սոցիալական արդարության հաստատումն է, որը նաեւ մեր գաղափարական առաջնահերթությունն է` որպես ընկերվարական կուսակցություն: 
  

 

Մեր երրորդ գերակա խնդիրը քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն է, իսկ դա նշանակում է, որ պետությունն այսօր քաղաքացու կողքին չէ: Պետությունը սպասարկում է արտոնյալ փոքրամասնության շահերը, իսկ մեծամասնությունը մատնված է բախտի քմահաճույքին: 
  

 

Այս բոլոր հարցերը լուծելու համար մենք առաջադրել ենք չորրորդ հիմնախնդիրը` նոր իշխանություն ձեւավորելու գերակայությունը»: 
 

 

ԳՄ ներկայացուցիչը պարզաբանեց, թե Դաշնակցությունն ինչ է անելու նոր որակի իշխանություն ձեւավորելու համար. «Ընտրական գործող համակարգը չի վայելում ժողովրդի վստահությունը: Այս համակարգով ընտրությունը միշտ կասկածանքներ ու հետընտրական լարվածություններ է առաջացնելու: Մենք ջանքեր ենք գործադրելու, որ ընտրական համակարգը բարեփոխվի ու համապատասխանի միջազգային չափանիշներին: Լինի այնպիսին, որ ընտրության արդյունքները կասկած չառաջացնեն: Մենք իշխանությունը ցանկանում ենք փոխել ընտրությունների միջոցով: Ցնցումների միջոցով իշխանափոխությունը միշտ վտանգավոր ու վնասակար է պետության համար»: 
  

 

Պետք է հաշվի առնել, որ հայությունն այսօր չավարտված պատերազմի վիճակում է: Այս հանգամանքը միշտ Դաշնակցության քաղաքական գործունեությունը կաշկանդել է, սակայն դա իշխանությունները, բանախոսի կարծիքով, միշտ չարաշահել են: Արտաքին վտանգի առկայության փաստը չի կարելի անվերջ շահարկել: 
  

 

Իսկ ժողովուրդը պետք է հասկանա, որ իր քաղաքական ակտիվությունն է որոշիչը: Եթե քաղաքացին բողոքում է կաշառակերությունից, ապա ինքը չպետք է ընտրակաշառք վերցնի ու թելադրանքով քվեարկի: Երբ մենք ունենանք նման ընտրողներ, ոչ մի ընտրական մեխանիզմ չի կարող ծառայեցվել իշխանության վերարտադրությանը: 

 

«Մենք չենք բացառում, որ կարող են ֆորսմաժորային իրավիճակներ ու արտահերթ ընտրությունների սցենարներ լինել, ու միշտ պատրաստ ենք մասնակցելու ընտրություններին: Հայաստանը վաղուց է կորցրել վստահություն չառաջացնող ընտրություններով իշխանություն ձեւավորելու լիմիտը: Հետընտրական լարվածությունները կարող են ավելի սաստիկ լինել ու ժողովրդական ընբոստության, սոցիալական ապստամբության վերածվել»,- գտնում է Ա.Ռուստամյանը: 

 

 

Ինչ է ասում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը 2015թ. փետրվարի 5-ին հրավիրված խորհրդաժողովում

 

«Հայաստանում բոլոր տնտեսական և սոցիալական խնդիրների արդյունավետ լուծման համար պետք է ձևավորել արդյունավետ կառավարման համակարգ: Իսկ դրա համար պետք է ձևավորել արդյունավետ ընտրական համակարգ և ընդունել այն դրույթը, որ ո՛չ մի քաղաքական ուժ չպետք է ունենա բացարձակ մենաշնորհ՝ իշխանության ձևավորման հարցում:  Ես միշտ նշել եմ, որ ինձ համար Հայաստանում չկան թշնամիներ, վատ կամ լավ քաղաքական ուժեր: Իմ պատկերացմամբ      ` Հայաստանի քաղաքական ուժերը պետք է ակտիվորեն ներգրավվեն պետական շինարարության մեջ, և ընդդիմությունը նույնպես պետք է ակտիվ դերակատարում ունենա այս գործընթացում:

 

Հարգելի՛ գործընկերներ

 

Ամիսներ առաջ մենք շրջանառության մեջ դրեցինք «նոր որակի իշխանություն» ձևակերպումը: Ես կուզեի մի փոքր մանրամասնել, թե ինչ է ընկած այս ձևակերպման հիմքում:

 

Այս ձևակերպմամբ ես առաջին հերթին ի նկատի ունեմ քաղաքական մենաշնորհի վերացումը: Սա Հայաստանին ոչ մի լավ բան չի բերում: Սա թույլ չի տալիս՝ որևէ խնդրի լուծման ճանապարհին գտնել արդյունավետ տարբերակներ, օբյեկտիվորեն գնահատել իրավիճակը, անել մեր երկրի համար իրոք կարևոր, օգտակար քայլեր: Սա աղքատացնում է քաղաքական միտքը մեր երկրում:

 

Հայաստանում պետք է լինի իրական բազմակուսակցական խորհրդարան, իրական կոալիցիոն կառավարություն, լինեն իրական կոալիցիոն ավագանիներ, և ոչ մի վատ բան չկա, եթե նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, Երևանի քաղաքապետը, մարզպետները լինեն տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ կամ անկուսակցականներ:

 

Այդ դեպքում խաղի միակ կանոնը կլինի օրենքը, պետության շահը և հասարակական կարծիքը:

 

Հայաստանին պետք է նոր որակի իշխանություն, որը կազմված կլինի նո՛ր մարդկանցից՝ կրթված, նոր արժեքային համակարգով մարդկանցից, և հենց նրանք պետք է լինեն նոր և ուժեղ Հայաստանի դեմքը:

 

Ես չեմ ուզում մի կուսակցությունը մեխանիկորեն փոխարինել մյուս կուսակցությամբ, կամ մի անձին` մյուսով: Ես ուզում եմ ստեղծել հնարավորություն, որ կրթված, գրագետ մարդիկ ոչ թե հուսահատ և չգնահատված հեռանան Հայաստանից, այլ դառնան Հայաստանի շարժիչը:

 

Եկե՛ք կազմենք նոր թիմ, ժողովրդին ներկայանանք նոր ծրագրերով և նոր դեմքերով: Ես ուզում եմ, որ հենց Դո՛ւք գաք իշխանության ու դառնաք Հայաստանի պատմությունը նորովի կերտողներից մեկը: Դուք դա կարող եք, ես հավատում եմ: Ես պատրաստ եմ օգնել, աջակցել՝ ինչով կարող եմ:

 

Մենք պետք է լրջորեն պատրաստվենք  ընտրությունների միջոցով նոր   իշխանությունների ձևավորմանը,  մերժելով՝  առանց կոնսոլիդացիայի, առանց քաղաքական ուժերի սատարման՝ սահմանադրական փոփոխությունների փորձերը:

 

Ես կարևորում եմ ընտրական օրենսգրքում փոփոխությունները: Մենք պետք է լրջորեն պատրաստվենք բոլո՛ր ընտրություններին, որովհետև քաղաքական մենաշնորհը վերանում է ընտրությունների միջոցով:

 

Մենք պետք է կարողանանք գրագետ և կազմակերպված աշխատանքով խափանել ընտրակեղծիքների մեքենան: վ եթե պետության զարգացումը, պետության անվտանգությունը պահանջում են իշխանության փոփոխություն, ուրեմն այդպես էլ պետք է լինի: