կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-09 15:55
Տարածաշրջան

Պատմական Անին հնարավոր է ներառվի UNESCO-ի մշակութային ժառանգության ցուցակում

Պատմական Անին հնարավոր է ներառվի UNESCO-ի մշակութային ժառանգության ցուցակում

2012 թվականին UNESCO-ի մշակութային ժառանգության ժամանակավոր ցուցակում ընդգրկված պատմական Անի քաղաքը 2016 թվականին հնարավոր է հայտնվի միջազգային այդ կառույցի մշտական ցուցակում. տեղեկացնում է «Ակօս»-ը:

Ըստ «Ակօս»-ի՝ Տիգրանակերտի պատերի եւ Հեւսելի այգիների՝ UNESCO-ի մշակութային ժառանգության ցուցակում ներառվելուց հետո Թուրքիայից UNESCO-ի ցուցակում հայտնված հուշարձանների թիվը հասել է 15-ի, որոնցում, ըստ թերթի, դեռևս չկան հայկական մշակութային կառույցներ:

Թուրքիայի մշակույթի նախարարությունը մշակութային ժառանգության ցուցակում ներառելու ակնկալիքով UNESCO-ին է ներկայացրել է նաև Անի քաղաքը:

 UNESCO-ին դիմելու համար հարկավոր թղթաբանությունը պատրաստած Յըլդըզ Սալմանը ներկայացրել է այդ գործընթացը: «UNESCO-ն տարբեր կատեգորիաներ ունի՝ հուշարձաններն իր ցուցակում ներառելու համար: Թղթապանակը պատրաստվում է` նայած, թե որ կատեգորիային է համապատասխանում տվյալ կառույցը: Այնուհետև այդ փաստաթղթերը ներկայացվում են երկրի մշակույթի նախարարությանը, որն իր հերթին դրանք ներկայացնում է UNESCO-ին: Նրանց մասնագետները գալիս, ստուգում, հարցաքննում և բացթողումներ են ի հայտ բերում: Բացթողումների վերացումից հետո թղթապանակը դարձյալ ներկայացվում է կառույցին»,- նշել է Սալմանը:

Նրա խոսքով՝ UNESCO-ն հիմնականում կենտրոնանում է տվյալ երկրի մշակութային քաղաքականության վրա, և թե տվյալ կառույցի հետագա կառավարման համար ի՞նչ ծրագրեր են առկա:

«UNESCO-ն նոր կատեգորիաներ է նաև հավելում: Օրինակ՝ մշակութային անցուղիներ: Հայկական մշակութային անցուղին սկսվում է Կարսից, հասնում Վան, Քոնիա և այնտեղի բոլոր գյուղերը, եկեղեցիները կարող են մեկ փաթեթում ներկայացվել: Կամ էլ` Հայաստանը, Թուրքիան և Վրաստանը կարող են միանալ և կառույցների, բնակության վայրերի ու հուշարձանների վերաբերյալ ամբողջական փաթեթ ստեղծել՝յուրաքանչյուրը պահպանելով իր տարածքում եղած անցուղիները»,-ասել է Սալմանը: