Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սյունիքի Անգեղակոթ գյուղն է: Գյուղացիները հպարտությամբ են պատմում՝ Անդրանիկը եղել է այստեղ: Գյուղի կենտրոնում էլ կանգնեցրել են զորավարի արձանը, ով իր խոժոռ հայացքով կարծես հսկում է պանթեոնում հանգչող` Արցախյան պատերազմում զոհվածների շիրիմները:
Մեկ շաբաթ առաջ հարևան Գորայքի դիրքերում զոհված Արմանին էլ այստեղ հուղարկավորեցին՝ զինվորական կարգով:
Դիրքեր բարձրանալուց առաջ ծառայակիցներն այցելում են զոհված զինվորի շիրիմին: Ծառայակիցները հիշում են՝ վերջին անգամ Արմանին հերթափոխի օրն են տեսել:
«Մենք եկել ենք հենակետ, իրանք իջել են: Մեզ օգնում էր, վեշչերն էր թափում-բարձում: Նորմալ էր ամեն ինչ, ու անսպասելի լուրն ենք լսել»,- պատմում է ծառայակիցներից մեկը:
Կատարվածը բոլորի համար անսպասելի էր. այս հենակետերի հատվածում հանգիստ էր, վերջին մեկ տարվա ընթացքում կրակահերթեր առհասարակ չէին եղել:
Արմանի անավարտ ծրագրերի մասին պատմում է ծառայակից եղբայրը՝ Տիգրան Եփրեմյանը: Ասում է՝ Արմանը ծրագրել էր տունը վերանորոգել, երեխաներին մեծացնել, հասցնել իրենց նպատակներին, բայց…
Գյուղի ծայրամասում Արման Եփրեմյանի խարխուլ տունն է: Մեկ շաբաթ առաջ այստեղ էր նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Զոհված զինծառայողի ընտանիքին նախարարը հանձնել է Արիության համար մեդալը, որը հետմահու էր շնորհվել:
Արմանի մայրը խնամքով ցույց է տալիս մեդալն ու զինվոր որդու՝ դիրքերից բերված իրերը:
Հովվի ընտանիքում ծնված` 27-ամյա Արմանը մի տարի էլ չկար՝ անցել էր պայմանագրային ծառայության: Տիկին Նարգուշի վիշտը թարմ է: «Արմանս էր աշխատում բոլորիս համար: Ապրելակերպը մեր շատ վատ ա, չունենք էլ ապրելակերպ, որովհետև հիվանդ ա ամուսինս… Արմանը երկու որդի ունի, պիտի հնարավորություններով ապահովեինք էդ երկու երեխուս, որ ապրեն, մեծանան»,-արտասվելով պատմում է մայրը:
Արմանի երկու որդիների հետ «որբացավ» նաև նրա կինը՝ Արմինեն, ընդամենը 18 տարեկան է… 15 տարեկանում Երևանից Անգեղակոթ հարս եկած Արմինեն դեմ էր ամուսնու ծառայությանը: «Վախենում էինք, բայց ստիպված ա գնացել, ասում էր` բա իմ երեխաներին ո՞վ պահի, հանուն երեխաների գնաց»,- պատմում է կինը:
Այրիացած կինը չի հարմարվել, ամեն պահի սպասում է, որ ուր որ է ամուսինը դիրքերից կվերադառնա: Վերջին անգամ նրան մինչև գյուղամեջ ճանապարհել է: «Մինչև գյուղամեջ ճանապարհեցի, ինքը զգում էր, որ հետ չի գալու, ասեց` էրեխեքիս լավ կնայես, չգիտեմ` կգամ, թե` հետ չեմ գա»,- պատմում է Արմինեն:
Հայրը՝ Մայիս Եփրեմյանը, որդու կորուստը լուռ է տանում: 52-ամյա հովիվը դարդերը ծխախոտով չի խեղդում… Անթարթ նայում է սահմանի սարերին ու դաշտերին: Որդու մանկությունն այստեղ է անցել, տեսնես` թոռները գյուղում կմնա՞ն:
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ