կարևոր
3895 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-22 11:19
Քաղաքական

Գրիգորի Խաչատուրովի դեմ գործը կառուցված է հովվի ցուցմունքի վրա, հովիվը Դատախազությանն ասել է, որ «անպիտան» զորամասի իրական տերը Խաչատուրովն է․ «Հրապարակ»

Գրիգորի Խաչատուրովի դեմ գործը կառուցված է հովվի ցուցմունքի վրա, հովիվը Դատախազությանն ասել է, որ «անպիտան» զորամասի իրական տերը Խաչատուրովն է․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Հաղթական ուղի անցած զինվորականների նկատմամբ քրեական հետապնդումները նոր թափ են ստանում։ Նախօրեին ձերբակալել են 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովին։ Ձերբակալությունից 20 ժամ անց փաստաբանը տեղեկացրեց, որ թույլ չեն տվել՝ Խաչատուրովին ո՛չ դեղ, ո՛չ սնունդ փոխանցել։

Խաչատուրովների ընտանիքի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի «սերը» ծնունդ է առել հեղափոխությունից հետո, նախ գեներալ Յուրի Խաչատուրովի դեմ քրեական գործ հարուցվեց, եւ նրան պաշտոնանկ արեցին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Սակայն Մարտի 1-ի գործը դատարանում փլվեց` ի ցույց դնելով գործի սնանկությունը: Հետո անհեթեթ մեղադրանքով կալանավորվեց, ապա ազատ արձակվեց Յուրի Խաչատուրովի կրտսեր որդին՝ Իգորը․ 2022-ին նրան մեղադրանք առաջադրվեց Դիմադրության շարժմանը մասնակցելիս իբր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Հիմա հերթը մյուս որդունն է՝ Գրիգորի Խաչատուրովինը, ով հմուտ, նվիրյալ զինվորական է, բայց աչքի է ընկել ըմբոստ կեցվածքով` Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է պահանջել։ 

2021-ի մարտին նա ասել էր. «Յուրաքանչյուր օր, ժամ Ն. Փաշինյանի կողմից ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնելով՝ քայքայվում է ՀՀ անվտանգությունը, եւ կասկածի տակ դրվում մեր հայրենիքի ապագան»։ Սրանից ամիսներ անց ՊՆ-ն հրաժարվեց երկարացնել հարգված զինվորականի հետ պայմանագիրը, հիմա զավեշտական մեղադրանք են առաջադրում: 
Ինչո՞ւմ է մեղադրվում Գրիգորի Խաչատուրովը։

Ըստ դատախազության, քրեական հետապնդումը հարուցվել է «պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) համար»։ Խաչատուրովի գործն առնչվում է Սեյրան Օհանյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթներից մեկին։ Գլխավոր դատախազի՝ խորհրդարան ներկայացրած միջնորդության համաձայն,  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ», խոսքն Արարատի մարզի Արմաշ գյուղում նախկին զորամասերի տարածքների օտարման մասին է։ Թեեւ այդ տարածքները, ըստ դատախազի, որպես զորամաս «անպիտան» են եղել, բայց համարում են, որ դրանցից մեկը գնել է Գրիգորի Խաչատուրովի հետ փոխկապակցված անձ: Եվ դատախազությունը, միայն իրեն հասկանալի ապացույցներից ելնելով, որոշել է, որ գույքի իրական տերը Գրիգորի Խաչատուրովն է: Այս ենթադրության հիմքում նշված գյուղում չոբանությամբ զբաղվող մեկի ցուցմունքն է: Չոբանն ասել է, որ նախկին զորամասի տարածքի իրական տերը Խաչատուրովն է: Դատախազությունն էլ որոշել է, որ այս անպիտան հողը Խաչատուրովը նախ կադաստրայինից էժան գնով գնել է, ձեւակերպել ընկերոջ անունով, հետո երկու անգամ գրավադրել բանկում, վարկ ստացել, եւ սա գնահատել են որպես փողերի լվացում։

Մասնավորապես, ըստ միջնորդության՝ Խաչատուրովի հետ փոխկապակցված անձ Էդգար Արշակյանի միջեւ կնքվել է առքուվաճառքի պայմանագիր, որի համաձայն՝ Արմաշ համայնքի Երեւանյան խճուղու 24/1 հասցեում գտնվող 2 մլն 664 հազար դրամ կադաստրային արժեքով հողը եւ դրա վրա առկա 8 մլն 895 հազար 600 դրամ կադաստրային արժեքով շինությունները 4 մլն դրամով «փաստացի վաճառվել է Գրիգորի Խաչատուրովին, սակայն գրանցվել է Էդգար Արշակյանի անվամբ. այդկերպ խեղաթյուրվել է գույքի իրական պատկանելությունը»: Նույնիսկ դատախազության միջնորդությունից երեւում է, որ գույքի սեփականատերն Էդգար Արշակյանն է, ով Գրիգորի Խաչատուրովի ուսանողական ընկերն է եւ իր ցուցմունքում ասել է, որ վերջինս իր համաձայնությամբ է իր սեփականություն հանդիսացող հողատարածքը գրավադրել բանկում, որի դիմաց մի անգամ 8 հազար դոլար վարկ է ստացել, մյուս անգամ բնակարան գնելու համար որպես վարկի ապահովման միջոց է գրավադրվել։ Իսկ ամենաուշագրավը` այս պահին այդ գույքն այլեւս գրավի առարկա չէ` պարտավորությունները մարված են:

«Հանցանքի» միակ «ապացույցը» վկա Վարուժան Մուրադյանի ցուցմունքն է, ով նախկին զորամասի տարածքում զբաղվել է անասնապահությամբ եւ դատախազությունում պատմել է, որ տարիներ առաջ լսելով, որ տվյալ տարածքը գնել է Գրիգորի Խաչատուրովը, դիմել է Վեդի քաղաքում գտնվող իր ծանոթ, այժմ հանգուցյալ Տիգրան Դարաբյանին, որ զրուցի Խաչատուրովի հետ, որպեսզի իրեն թույլատրեն բնակվել այդ տարածքում եւ զբաղվել անասնապահությամբ։

Հանգուցյալը, ըստ վկայի, իրեն ծանոթացրել է Խաչատուրովի վարորդի հետ, որի անունը նույնպես Գրիգոր է եղել, վարորդը վկային տեղեկացրել է, թե Խաչատուրովը տվել է իր համաձայնությունը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։