Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ «Բաղրամյան պողոտա» երևույթն արժեզրկվել է:
Ըստ նրա` երբ «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարեց, որ նստացույց է անում և ակնկալում, որ նստացույցն իշխանությունները կընկալեն որպես հանրային լուրջ անհամաձայնության դրսևորում և կարձագանքեն, ըստ էության` համոզված էր իր գործողություններում և վստահ, որ իրենց քայլերին ադեկվատ արձագանք կլինի:
«Բաղրամյան պողոտայի ամբողջ իմաստն այն էր, որ ցուցարարները մի կողմից ուզում էին ցուցադրել իրենց հարցերին հետամուտ լինելու վճռականությունը, մյուս կողմից` փորձում էին իշխանություններից ադեկվատ պատասխաններ ստանալ իրենց հարցադրումներին»,- նշեց Հարությունյանը:
Նրա բնորոշմամբ` երբ հանրապետության նախագահն, ըստ էության, տվեց խնդրի հանգուցալուծումը, «Ոչ թալանին»-ի անդամները սկզբում համաձայնեցին, որ պայքարի այս ձևն արդեն սպառել է իրեն և տեղափոխվեցին Ազատության հրապարակ: Պատգամավորի կարծիքով` հենց այդ պահից արդեն Բաղրամյան պողոտան այլևս որևէ աղերս չունի «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կամ էլեկտրաէներգիայի սակագնի հետ կապված հարցադրումների հետ:
«Մենք ձեզ հետ ականատես ենք լինում նրան, որ Բաղրամյան պողոտան կարող է դառնալ արդեն փոփոխված` քաղաքական օրակարգով հարթակ` ինչ-որ քաղաքական ուժերի կողմից ղեկավարվող: Բաղրամյան պողոտայում գտնվող երիտասարդները, միգուցե սեփական կամքին հակառակ, իրենց քաղաքական ռոմանտիկայով ու ավյունով օգնում են քաղաքական մի շարք ուժերի»,- նշեց ՀՀԿ-ականը:
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ ոստիկանները հստակ գործողություններ չեն անում և Բաղրամյան պողոտան չեն բացում, Հարությունյանը պատասխանեց. «Ոստիկանությունը լուրջ բացատրական աշխատանք է տանում ցուցարարների հետ: Հերիք է այնտեղ կանգնածների նկատմամբ, թեկուզ օրենքի սահմաններում, մի բան կիրառվի, հանրությունն իսկույն ընդվզելու է: Արդար է, որ ոստիկանությունն ընտրել է հենց այս մարտավարությունը: Ոստիկանները սպասում են, որ հանրությունը հասկանա` պայքարի այդ ձևը էլեկտրաէնէրգիայի սակագնի հետ որևէ առնչություն չունի: Եթե ակնհայտ դառնա, որ նրանք դուրս են գալիս սակագների հարցադրումից, բացահայտվեն նրանց իրական քաղաքական նպատակները, այդ ժամանակ, կարծում եմ, ոստիկանները կսկսեն գործել»:
Պատգմավորը նշեց նաև. «Մենք կարող ենք փաստել, որ մեր ոստիկանությունը որակապես փոխվել է, մակարդակը բարձրացել է: Հանրության հետ աշխատելու առումով` որակապես շատ են փոխվել մեր ոստիկանները»:
Դիտարկմանը, թե հունիսի 23-ի գործողությունները բոլորովին այլ բանի մասին էին խոսում, Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Այո, շատ ճիշտ նկատեցիք: Բայց հասկանո՞ւմ եք` ոստիկանական համակարգ է, պագոնավոր են, հրաման են կատարում: Նրանք ոստիկանապետի հրամանն են կատարում: Բաղրամյան պողոտան փակելը ճիշտ չէ: Ասենք` կարո՞ղ էր Շանզ Էլիզեն փակ մնար այդքան: Մենք քիչ-քիչ սովորում ենք ժողովրդավարությանը: Ես կարևորում են այն, որ բանականությունն ու ողջամտությունը չլքեն մեզ»: