կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-18 12:34
Քաղաքական

Հանուն ազգի` վիրավորանքները կարելի է մի կողմ շպրտել. ՀՀԿ-ականը՝ Ծառուկյան-Սարգսյան հաշտեցման մասին

Հանուն ազգի` վիրավորանքները կարելի է մի կողմ շպրտել. ՀՀԿ-ականը՝ Ծառուկյան-Սարգսյան հաշտեցման մասին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը դեռևս տեղեկություն չունի երեկ կայացած` Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպման վերաբերյալ:

 

Հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում երկու քաղաքական ուժերի միջև հարաբերությունները, այն դեպքում, երբ Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն, ըստ էության, հաշտվել են, որովհետև այս ընթացքում երկու ուժերի կողմից միմյանց հասցեին հնչեցին բազմաթիվ քննադատություններ, վիրավորանքներ, Աշոտ Աղաբաբյանը պատասխանեց. «Քննադատություններ եղան, իհարկե, բայց, իմ համոզմամբ, Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ արժե, որ կրքերը հանդարտվեն, այդ ալիքը չհասնի երկրորդ փուլին, դրա ժամանակը հետո կգա: Շատ կուզենայի, որ հանդարտվեր ալիքը, և բոլորս մտածեինք Հայոց ցեղասպանության 100-ամյակի մասին և ազգովի միասին լինենք»:

 

Հարցին` արդյո՞ք կանցնեն երկու ուժերի կողմից վիրավորվածության պահերը, պատգամավորը պատասխանեց. «Իմ կարծիքով` այո, կանցնեն այդ պահերը: Եվ, հանուն մեր ժողովրդի, այո, պետք է կուլ տանք ամեն ինչ: Հանուն ազգի` վիրավորանքներն էլ կարելի է շպրտել մի կողմ: Եվ կարող ենք երկրորդ փուլ մտնել խաղաղ, իրար հետ հարգանքով, որովհետև մեր թուլությունն ու մեր մասնատվելը ձեռնտու է բոլորին, բացի մեզանից»:

 

Հիշեցնենք, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել, ըստ էության, հետ քաշվելու մասին, իսկ ԲՀԿ քաղխորհուրդը չեղյալ է հայտարարել փետրվարի 20-ի հանրահավաքը: