|
Փոխարժեքներ
16 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Վրաստանի իշխանությունները հրաժարվել են մասնակցել նոյեմբերի 16-ին Բրյուսելում կայանալիք՝ Եվրամիության ընդլայնման հարցերով գագաթնաժողովին։ Պատճառն այն է, որ միջոցառման կազմակերպիչները Վրաստանից հրավիրել են միայն Եվրամիությունում երկրի դեսպանին։ Այս մասին հայտնել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Վրաստանը նոյեմբերի 16-ին Բրյուսելում կայանալիք միջոցառմանը, այդ թվում՝ ընդլայնման հարցերով նախարարական գագաթնաժողովին մասնակցելու համար պատշաճ մակարդակի հրավեր չի ստացել։ Հետևաբար, նշված հանդիպմանը Վրաստանի ներկայացուցիչը չի մասնակցի»,- ասվում է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ, նախարարությունից ընդգծել են, որ Վրաստանը շարունակում է հավատարիմ մնալ Եվրամիության հետ կառուցողական համագործակցությանը և պատրաստ է մասնակցել հանդիպումներին, եթե հրավիրվի պատշաճ մակարդակով։ Նշված դիրքորոշումը, ըստ ԱԳՆ-ի, հայտնի է նաև Բրյուսելին։
ԵՄ ընդլայնման հարցերով համաժողովը կանցկացվի «Լայն Եվրոպա՝ ուժեղ Եվրոպա» խորագրի ներքո։ Միջոցառման կազմակերպիչը ԵՄ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսն է։
Վրաստանի հարաբերությունները Եվրամիության և ԱՄՆ-ի հետ սկսել են վատթարանալ 2024 թվականի մայիսին, երբ երկրի խորհրդարանն ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, իսկ նույն տարվա վերջին՝ ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը։
Արևմտյան երկրներում այս օրենքներն ընկալվեցին որպես Վրաստանի հեռացում եվրոպական արժեքներից և Եվրամիությանն ինտեգրվելու ուղուց։ Դրանից հետո ԱՄՆ-ն և Եվրամիության մի շարք երկրներ պատժամիջոցներ սահմանեցին Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ։
Արևմուտքի դժգոհության պատճառներից մեկն էլ 2024 թվականի հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն էին։ Ընտրություններում հաղթել էր իշխող «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը, սակայն ընդդիմությունը և երկրի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում են ճանաչել քվեարկության արդյունքները։