կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-27 15:30
Հասարակություն

7-8 դրամ է, էլի, բարձրացել դոլարը, եսիմ ինչ չի դա. ՀՀԿ-ականը` դրամի արժեզրկման մասին

7-8 դրամ է, էլի, բարձրացել դոլարը, եսիմ ինչ չի դա. ՀՀԿ-ականը` դրամի արժեզրկման մասին

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ-ական Գարեգին Նուշիկյանը Yerkir.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ դրամի` վերջին օրերի արժեզրկումը բոլորովին էլ խառնաշփոթի պատճառ չէ, քանի որ, ըստ պատգամավորի, արտասովոր որևէ բան տեղի չի ունեցել: «Դեպի տարեվերջ արտարժույթի պահանջարկը մեծանում է, բոլորը պատրաստվում են Նոր տարվան: Բացի դրանից` քիչ, բայց նշանակություն ունի տրանսվերտների սակավ մուտքը Հայաստան: Նշանակություն ունի նաև պղնձի համաշխարհային գների անկումը: Հիմնական պատճառները սրանք են: Բայց խուճապի մատնվել պետք չէ, որովհետև մեր ամենավատ թշնամին հենց խուճապն է»,- ասաց Նուշիկյանը`հավելելով, որ դրամի արտասովոր արժեզրկում տեղի չի ունեցել. «7-8 դրամ է, էլի, բարձրացել դոլարը, եսիմ ինչ չի դա»:

Անդրադառնալով ՀՀ Կենտրոնական բանկի կողմից իրականացված ինտերվենցիաներին` պատգամավորը նշեց. «Մեր հասարակության մեջ որ խուճապն ընկնում է, իրենց վերջին 10 հազար դրամն էլ ուզում են դոլար կամ եվրո սարքեն: Դրա համար էլ դոլարի պահանջարկը միանգամից բարձրանում է, և դրա համար էլ Կենտրոնական բանկը ինտերվենցիա է արել, որ դրանով դիմացն առնի»:

Նուշիկյանի խոսքով` եթե տեղի ունենա համաշխարհային ճգնաժամ, մենք անմասն չենք մնալու, բայց այս պահի դրությամբ համաշխարհային ճգնաժամի վտանգ չկա: «2008 թվականի ճգնաժամը ԱՄՆ-ի հիփոթեքային վարկերից սկսվեց: Այսօրվա դրությամբ չկա տենց վտանգավոր միտում: Ինչ-որ առումով համաձայն եմ տնտեսագետների այն դիտարկումներին, թե դոլարի արժևորումը կապված է ՌԴ-Արևմուտք հակամարտության հետ: Ռուսաստանի վիճակը, երբ վատանում է, այնտեղի մեր հայրենակիցները ավելի քիչ գումար են կարողանում ուղարկել իրենց հարազատներին, դոլարի մուտքը հանրապետություն քչանում է, պահանջարկն էլ, դրան համապատասխան, մեծանում է»,- եզրափակեց պատգամավորը: