Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սերժ Սարգսյանը Բրյուսելում ոչինչ չխոսեց Երևանում ծավալվող իրադարձությունների մասին: Այնպիսի տպավորություն էր, որ նա Բրյուսել չէր ուղևորվել Բաղրամյան 26 հասցեից:
Խոսեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը` հստակ հայտարարելով, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը փոփոխման ենթակա չէ, և հասարակությունն ու ցուցարարներն այլ ելք չունեն, քան դրա հետ համակերպվելը: Իշխանությունը հստակ հասկացրեց, որ չեն պատրաստվում գնալ զիջումների:
Չնայած պահանջի մերժմանը` Բաղրամյան փողոցում սա որևէ լուրջ ազդեցություն չունեցավ: Ակցիաները շարունակվեցին այն նույն տրամաբանությամբ, լոզունգներով ու կոչերով, ինչ վարչապետի հայտարարությունից առաջ: Ցուցարարներն ուղղակի ծիծաղեցին դրանց վրա ու շարունակեցին իրենց տոնախմբությունները: Դրանք մերթ ընդ մերթ ընդմիջվում էին նախաձեռնող խմբի անդամների հայտարարություններով, ոգևորիչ կոչերով, որոնք ավելի շատ նմանվում էին հավաքվածներին հավաքույթի նպատակը պարբերաբար հիշեցնելուն: Եվ դրա կարիքն իսկապես կար. այս ակցիաներն արդեն ոչ թե պահանջատիրական ցույցի են նմանվում, այլ պարզապես բացօթյա «դիսկոտեկների»` այն տարբերությամբ միայն, որ այստեղ ոչ թե ռիթմիկ երաժշտության տակ են պարում, այլ հայրենասիրական:
Շարժումը փաստացի ո\'չ էվոլյուցիա է ապրում, ո\'չ էլ տեղատվություն: Չեն փոխվում մեթոդները, չի փոխվում մարտավարությունը, եթե, ընդհանրապես, այստեղ կարելի է որևէ մարտավարություն տեսնել: Շարժմանը ներհատուկ հիմնական ատրիբուտներից առկա են միայն երեքը:
Առաջինը հստակ ձևակերպված պահանջն է, որը շարունակում է մնալ միակը: Երկրորդը` համատարած ոգեշնչվածությունն է, որ Բաղրամյան փողոցին հաղորդել է մի աննկարագրելի էներգետիկա, ջերմություն, որը մագնիսի նման շարունակում է դեպի իրեն քաշել մարդկանց, ովքեր, սակայն, շարունակում են գալ` չիմանալով` որն է լինելու շարունակությունը, ինչի է հանգեցնելու այս շարժումը: Եվ երրորդը ներքին կազմակերպվածությունն է` թե\' սադրանքներին չտրվելու և պոտենցիալ սադրիչներին մեկուսացնելու, թե\' մաքրության ու կարգապահության բարձր մակարդակ ապահովելու առումով: Դրանով այս շարժումն առանձնանում է թե\' Մայդանից և թե\' 2003-04թ. հետո սկսված գունավոր կամ «ցանցային» հեղափոխություններից:
Մյուս պարտադիր բաղադրիչների բացակայության պատճառով, չնայած շարժման մասնակիցների և կողքից դրան հետևողներից շատերի ոգևորությանը, այս գործընթացն իրականում արագ տեմպերով գնում է դեպի փակուղի, որից ընդամենը երկու ելք կարող է լինել` կա\'մ հանձնվելն ու ցրվելը, կա\'մ վճռական «գրոհի» անցնելը:
Գոնե այս պահի դրությամբ շարժումը, թվացյալ ակտիվության ու ոգեշնչվածության ստվերի ներքո, գործում է հանձնվելու տրամաբանությամբ: Ըստ էության` սա վերածվել է մի շարժման, որը լիարժեքորեն կառավարելի է ոստիկանության համար և գործում է ոստիկանության թելադրանքներով: Դրա ֆորմալ պատճառը բախումներից խուսափելու` նախաձեռնողների տրամադրվածությունն է: Բայց սա ոչ թե նրանց մարտավարությունն է, այլ ծայրահեղ գործողությունների գնալու ու դրանց հետևանքների համար պատասխանատվությունից նախաձեռնողների խուսափելու արդյունքը: Նրանք ներքուստ հասկանում են, որ նախագահի հետ հանդիպելու առաջարկը մերժելուց հետո խաղաքարտերը գտնվում են իշխանության ձեռքին և ավելին ձեռնարկելու ցանկացած քայլ կարող է առիթ տալ ոստիկանությանը դիմելու ցույցը ցրելու և ոստիկանական արտակարգ ռեժիմ հաստատելու քայլին: Ահա դա է պատճառը, որ, չնայած իրենց ներկայացրած պահանջի մասով կառավարությունից մերժում ստանալուն, ցուցարարները ոչ միայն շարունակում են գործել ոստիկանության հետ ձեռք բերված համաձայնություններին խիստ համապատասխան, այլև փաստացի ենթարկվում են նրա բոլոր հրահանգներին: Երեկ, օրինակ, նրանք ոստիկանության պահանջով բացեցին Բաղրամյան-Մոսկովյան փողոցը, որը փակել էին վարչապետի հայտարարությունը ստանալուց հետո:
Այս ամենը հանգեցրեց նրան, որ այսօր Բաղրամյան փողոց այցելած ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ի պատասխան այն դիտարկման, թե ցուցարարները պատրաստ են նախագահին հանդիպել` միայն ուղիղ եթեր ապահովելու իրենց պահանջը բավարարվելու պարագայում, հայտարարեց, թե երկրի նախագահին պահանջներ չեն ներկայացնում: Այսինքն` բանը հասել է նրան, որ ոստիկանապետը նույնիսկ չի էլ համարում, որ այս ցույցը պահանջատիրական է, ու որ նախագահին կոնկրետ պահանջ է ներկայացված: Ոստիկանապետը սրանով ձևակերպում է ցույցի և ներկայացված պահանջի մասին ողջ իշխանության վերաբերմունքը, որի էությունը շատ պարզ է. սա ընդամենը պատանեկան խաղ է, մի քիչ կվազվզեն փողոցում, կպարեն, վոլեյբոլ կխաղան ու կգնան տուն` հանգստանալու: Առավել ևս, երբ այդ պարողներն ու խաղացողները խելոք անում են այն, ինչ իրենք պահանջում են:
Սա, չի նշանակում, թե ցուցարարները իշխանությանն իրենց տրամադրությունների լրջությունը պետք է ապացուցեն ապօրինի գործողություններով: Սա նշանակում է, որ այս վիճակի պահպանումը դառնում է աննպատակ ու բոլորովին ոչ շարժումային և ելք է պահանջում: Ստեղծված պատային իրավիճակը, սովորաբար, հաղթահարվում է երկու ճանապարհով` կամ շարժման մեթոդաբանությունն է փոխվում, և գործի են դրվում օրենքի սահմաններում բողոքի կամ պահանջների արտահայտման այլընտրանքային ու շատ ավելի ռադիկալ մեթոդներ, կա\'մ փոխվում են պահանջների բնույթը, շրջանակը, քանակը` զարգացման և քաղաքականացման միտումներով: Ներկայումս ո\'չ մեկն է արվում, ո\'չ էլ մյուսը:
Սա շարժում չէ: Սա արդեն տեղում դոփում է: Ավելին` նախագահի հետ հանդիպման` մերժված առաջարկին վերադառնալը փակուղայնության ինքնախոստովանություն է: Այնպես որ` կողմնորոշվեք, տղե\'րք, ժամանակն անցնում է, ու այն առայժմ կարծես թե ձեր օգտին չի աշխատում:
Գևորգ Դարբինյան