կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-24 17:17
Հասարակություն

Պապս երկու ցեղասպանության եզակի ականատեսներից է

Պապս երկու ցեղասպանության եզակի ականատեսներից է

Վարդան Ջումշուդյանի պատմությունը

1912 թ., Իգդիր

Դավիթ Ջումշուդյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել 2 ցեղասպանություն վերապրած իր պապի պատմությունը: Նա 3 տարեկանում փրկվել է Հայոց ցեղասպանությունից, այնուհետև Երկրորդ համաշխարհայինի տարիներին գերի ընկել գերմանացիներին և կրկին միայն հրաշքով կենդանի մնացել:

«Վարդան Ջումշուդյանի պատմությունը յուրահատուկ է: Վարդանը երկու ցեղասպանության եզակի ականատեսներից է: Նա տեսել է 1915-ի Հայոց ցեղասպանությունն ու 1940-ականների հրեաների Հոլոքոսթը: 1915-ին, երբ Վարդանը 3 տարեկան էր, նրա ընտանիքը հայկական Սուրմալու գավառի Բլուրի իրենց տնից աքսորվածների շարքերում էր: Սուրմալուի կենտրոն Իգդիրը Երևանից ընդամենը 40 կմ հեռավորության վրա է: Երբ Վարդանի ընտանիքն ապրում էր այնտեղ, բնակչության թիվը հասնում էր 10.000-ի: Վարդանի ընտանիքը լքեց հայրենի տունը 1915-ին:

 

«Ես շատ լավ հիշում եմ ամեն ինչ: Հայրս ներս վազեց և ասաց մորս. «Մարիա՛մ, պատրաստվի՛ր, մենք փախչում ենք: Թուրքերն են գալիս»: Մայրս այդ պահին այլ կանանց հետ լավաշ էր թխում: Նա թողեց ամեն ինչ և միանգամից սկսեց հավաքել իրերը», – հիշում է Վարդանը:

 

Մարիամը հավաքեց միայն անհրաժեշտ իրերն իր 6 երեխայի համար և թաքցրեց իրենց ունեցած ամբողջ ոսկին իր գոտու մեջ: Հանկարծ նա վատ զգաց, որովհետև հղի էր: Եվ Վարդանի հայրը՝ Սմբատը, որոշեց, որ նրանք այդ օրը ավելի ուշ կփախչեն, սակայն կրտսեր երեխաներին՝ Վարդանին և Երանուհուն, որը Վարդանից 6 տարով մեծ էր, իր եղբոր՝ Տիգրանի հետ ուղարկեց Շարիար (այժմ հայ-թուրքական սահմանին կից գտնվող Նալբանդյան գյուղը):

 

Սմբատի ընտանիքի բոլոր անդամները՝ կինը և 4 ավագ զավակը, բարեբախտաբար փրկվեցին թուրքերի սրերից և ապաստան գտան Շարիար գյուղում: Այնտեղ Սմբատը գտել էր Տիգրանին և նրա ընտանիքին: Սակայն Վարդանն ու Երանուհին նրանց հետ չէին: Տիգրանը պարզաբանել էր, որ նրանք կորցրել էին երեխաներին Շարիարի ճանապարհին: Սմբատը շտապեց փնտրել երեխաներին:

 

«Հայրս գտել էր մեզ գյուղերից մեկում: Մենք մի քանի օր չէինք սնվել և շատ թույլ էինք: Երբ մենք լսեցինք հայրիկի ձայնը, ուզեցինք կանչել նրան, սակայն ձայն չունեինք անգամ: Մենք դժվարությամբ ճանաչեցինք նրա ձայնը: Նա կերակրեց մեզ և տարավ իր հետ»,- հիշում է Վարդանը: Նա շատ աղոտ է հիշում Բլուրի իրենց տունը:

 

Դա միհարկանի մեծ շինություն էր՝ գեղեցիկ պարտեզով: Նրա հայրն ասում էր, որ իրենց ընտանիքն ուներ մեծ այգիներ շրջակա 4 գյուղում, ալրաղաց և չրեխ` բամբակի մշակման արհեստանոց:

 

8-հոգանոց ընտանիքը հիմնվում է Էջմիածնում: Սկզբում Սմբատը վաճառում է ունեցած արժեքավոր իրերը, ապա աշխատանք է գտնում մի գյուղական տնտեսությունում: Հայրն ուղարկում է 12-ամյա Վարդանին Երևան՝ սովորելու: Դպրոցն ավարտելուց հետո սովորում է անասնաբուժական տեխնիկումում, որն ավարտելուց հետո 1940 թվականին նրան ուղարկում են Ազիզբեկով (այժմ` Վայք), որտեղ երկու տարի անասնաբույժ է աշխատում: Բայց իսկական փորձությունը Վարդանի համար դեռ առջևում էր…

 

1942 թվականին Վարդանը մեկնում է խորհրդային բանակ` կռվելու գերմանական ֆաշիստների դեմ: Սակայն ռազմաճակատում նա կռվում է ընդամենը վեց ամիս: Դեկտեմբերի 27-ին հյուսիսկովկասյան Մոզդոկ քաղաքի մոտ վիրավորվում և գերի է ընկնում:

 

«Երբ ուշքի եկա, գերմաներեն խոսակցություն լսեցի. հասկացա, որ գերի եմ ընկել»,- պատմում է Վարդանը:

 

Մյուս գերիների նման, Վարդանին ճամբարից ճամբար են տեղափոխում: Վերջինը Գերմանիայում էր` Մյունխենի մոտ, որտեղից էլ Խորհրդային Միության և Արևելյան Եվրոպայի երկրների այլ գերիների հետ 1945 թվականի ապրիլին նրան ազատում են ամերիկյան զորքերը:

«Պայմանները ճամբարում դաժան էին,- ասում է Վարդանը, – Ուտելիքը քիչ էր, տաք հագուստ չկար, հիվանդներին դեղորայք չէին տալիս, ծանր աշխատանք էր վաղ առավոտից մինչև ուշ գիշեր: Մեզ տեղափոխում էին փակ փայտե վագոններով, որոնք պատուհան չունեին, շնչելու օդ չկար: Հատակին նստելու տեղ համարյա չկար: Մի անկյունում փայտե տակառ էին դնում` որպես զուգարան գերիների համար: Ոմանք չէին դիմանում, մահանում էին, նրանց դիակները դարսում էին տակառի մոտ»:

 

Ճամբարում Վարդանի հետ մի հայ էր կար` Երվանդը: Վարդանը հիշում է, որ մի անգամ, երբ իրենց նորից գնացքով տեղափոխում էին, նրանք հաջողացնում են վագոնի պատի անցքից դուրս հանել մետաղյա կաթսայիկը, և երբ գնացքը կանգնում է, տարբեր լեզուներով ուտելիք են մուրում: Անցորդները մի քիչ հաց ու կարտոֆիլ են ստանում, որ հետո մյուս գերիներից թաքուն ուտում են:

«Մի ռուս գերի նկատեց, թե ինչ ենք անում ու ասաց` «Շատ ճարպիկն եք դուք` հայերդ»: Նա փորձեց կրկնել մեր հնարքը, բայց ոչինչ չստացվեց: Մի կտոր հաց էր մնացել, կիսեցինք այդ ռուս տղայի հետ»:

 

Շուտով ծանր պայմաններից ու ցուրտ եղանակից Վարդանը հիվանդանում է տիֆով, ու նրան տեղափոխում են հատուկ բարաք` մյուս հիվանդ գերիների հետ: Հիվանդները պառկում էին իրար կպած, որպեսզի տաքանան, քանի որ բարաքում ոչ մի ջեռուցում չկար:

 

«Մի օր առավոտյան արթնացա ու զգացի, որ շատ ցուրտ է: Հանկարծ հասկացա, որ կողքիս երկու գերիները գիշերը մահացել են: Շատ չանցած պարզվեց, որ ամբողջ բարաքում միայն ես եմ ողջ մնացել…»:

 

Վարդանին փրկում է մի ռուս աղջիկ` Լյուբան, որն աշխատում էր գերմանական զինվորների ճաշարանում: Լյուբան խնամում է Վարդանին, նրան գերմանացիներից թաքուն ուտելիք ու դեղորայք բերում:

 

«Որոշել էինք ամուսնանալ,- հիշում է Վարդանը, – Բայց մի օր արթնացանք, ու մեր ճամբարը տեղափոխեցին ուրիշ տեղ: Լյուբային այլևս չտեսա»:

«Որովհետև Աստված կամեցավ, որ հայ կնոջ հանդիպես»,- կատակում է կինը` 77-ամյա Պարզիկը:

 

Վարդանն ու Պարզիկն ամուսնացան 1948 թվականին, երբ Վարդանը վերադարձավ Ազիզբեկով` շարունակելու անասնաբույժի իր աշխատանքը: Այժմ նրանք ունեն երեք զավակ և ութ թոռ: Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվում է Երևան, որտեղ Վարդանն աշխատանք է գտնում Երևանի թռչնաբուծարանում և 46 տարի աշխատում այնտեղ: 90 տարեկանում նա դեռ աշխատում էր, մինչև անդամալուծվեց:

 

Վարդանը կարծում է, որ Աստված իրեն հատուկ առաքելություն է տվել` չթողնելով, որ մահանա այդքան արհավիրքների մեջ: Հայ գաղթականը, որն ապրել է ֆաշիստական ճամբարների մղձավանջը, կարող է ավելի լավ բացատրել աշխարհին, թե ինչու Հայոց ցեղասպանությունը պետք է մտահոգի ոչ միայն հայերին, այլև ամբողջ աշխարհին:

 

«Գերության մեջ մտածում էի, թե ինչու են գերմանացիներն այդքան դաժան մյուս ազգերի նկատմամբ, ինչու են ուզում ոչնչացնել մի ամբողջ ազգ` հրեաներին: Այն ժամանակ պատասխան չէի գտնում: Հետո իմացա, թե ինչ է ասել Ադոլֆ Հիտլերը. «Հիմա ո՞վ է հիշում հայերի կոտորածը»…,- Վարդանը խոր շունչ է քաշում: – Ոչ մի պետություն չի կարող իրեն ժողովրդավարական կոչել, քանի դեռ ճշմարտությունը քաղաքականությունից վեր չի դասում…»: