կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-26 17:27
Հասարակություն

Պապս տան շեմին տեսել է ծնողների և երեք եղբայրների կտրած գլուխները

Պապս տան շեմին տեսել է ծնողների և երեք եղբայրների կտրած գլուխները

Աղբյուրը՝ armeniangenocide100

 

 

Թարխան Ավետիսյանի պատմությունը

1919 թ., Սուրմալու

 

 

Թարխան Ավետիսյանը պատմում է, որ 1919-ին, երբ Սուրմալուի գավառը ազատագրվել է թուրքերից ու միացել  Հայաստանի Հանրապետությանը, շատերը վերադարձել են: 1920-ին հայ-թուրքական պատերազմի ժամանակ քեմալական զորքերը մտել են Սուրմալու և կոտորել  հայերին: Թարխանի պապը՝ Եփրեմ Ավետիսյանը, տուն վերադառնալով, տան շեմին  ահասարսուռ տեսարանի է ականատես եղել՝ գտնելով ծնողների  և երեք եղբայրների կտրված գլուխները: Ըստ 1921 թվականի Մոսկվայի պայմանագրի` բոլշևիկները Բաթումի շրջանի  դիմաց թուրքերին են զիջել Սուրմալուն:

 

 «1919-ին Սուրմալու գավառն ազատագրվեց թուրքերից ու միացավ Հայաստանի Հանրապետությանը: Մինչև 1920-ի նոյեմբերը սուրմալեցիներից շատերը վերադարձան իրենց հայրենի հողը: 1920-ի նոյեմբերին Թուրքիայի սանձազերծած հայ-թուրքական պատերազմի ժամանակ քեմալական զորքերը մտան Սուրմալու և կոտորեցին հայերին: Պապս՝ Եփրեմ Ավետիսյանը, այդ ժամանակ ապրում էր Իգդիրում, մանուֆակտուրայի խանութ և դարբնոց ուներ: Նա չորս եղբայր ուներ, որոնցից ողջ մնաց միայն մեկը:

 

Թեհրանից վերադառնալով՝ պապս և նրա եղբայրը տան բակումմի ահասարսուռ տեսարանի ականատես եղան՝ շեմին գտնելով ծնողների և երեք եղբայրների՝ Մկրտիչի, Խաչատուրի և Թրահանի կտրված գլուխները: Ըստ 1921 թ. Մոսկվայի պայմանագրի, բոլշևիկները Բաթումի շրջանի դիմաց թուրքերին զիջեցին Սուրմալուն, իսկ հետո՝ 1921-ին, պարտադրեցին Խորհրդային Հայաստանին կնքել Կարսի պայմանագիրը՝ դրանով իսկ ճանաչելով անեքսիայի իրողությունը: Այդ պատճառով վերջին հայերը, նաև պապս իր ընտանիքի հետ, այդ թվում նաև ապագա հայրս, ստիպված եղան հեռանալ Սուրմալուից և անցնել Արաքսի ձախ ափը, որտեղ էլ մինչև օրս ապրում են Ավետիսյանների երեխաներն ու թոռները` քաղաք Արմավիր, Հայաստանի Հանրապետություն: Եփրեմ պապիս ընտանիքն անցավ Արաքսի ձախ ափը, փախչելով թուրք ենիչերների հետապնդումից, ոչինչ չունենալով՝ ոչ իրեր, ոչ ապրանք, ոչ սնունդ, երեխաների հետ, ունենալով միայն հագի շորերը: Խանութը,տունը, հողերը, բերքատու այգիներն ու ամբողջ վաստակը անհատույց մնաց թուրքերին: