կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-24 13:20
Հասարակություն

Պապս հաճախ էր ասում. «Ձա՛գս, շուտ ջոջցի՛, օր մեր պատմությունն ըսեմ, գրիս՝ չկորի»

Պապս հաճախ էր ասում. «Ձա՛գս, շուտ ջոջցի՛, օր մեր պատմությունն ըսեմ, գրիս՝ չկորի»

Աղբյուրը՝  armeniangenocide100

 

Մելքոն Ավետիսի Սիրունյանի պատմությունը

1885 թ., Վան

 

Գոհար Սիրունյանը ներկայացնում է իր պապի՝ Մելքոն Սիրունյանի պատմությունը, որը ճարահատյալ կնոջ՝ Ոսկիի, և երկու երեխաների՝ Վաղոյի և Աշխենի հետ բռնում է գաղթի ուղին: Աշխենը, որ գրկի երեխա էր, ճանապարհին հիվանդանում է և անընդհատ լալիս: Գաղթականները դժգոհում են՝ վախենալով, որ լացի ձայնը թուրքերը կլսեն ու բոլորին կկոտորեն: «Էդ երեխու ձայնը կտրեք»,- կանչում են այս ու այն կողմից: Մելքոն Սիրունյանը ստիպված բարուրը խլում է կնոջ ձեռքից ու դնում մի թփի տակ, և շարունակում են ճանապարհը

 

«Պապս՝ Մելքոն Ավետիսի Սիրունյանը, ծնված 1885թ. Վանի Այգեստանում, թուրքի սրից մազապուրծ հայերի բեկորներից էր: 1918 թ. բազմաթիվ տանջանքներով ու զրկանքներով կնոջ՝ Ոսկիի, և երկու երեխաների՝ Վաղոյի և Աշխենի հետ բնակություն են հաստատում Գուգարքի շրջանի Վարդանլու գյուղում (այժմ Վանաձորի Խնձորուտ թաղամաս):

 

Աշխենը, որ գրկի երեխա էր, ճանապարհին հիվանդանում է և անընդհատ լալիս: Գաղթականները դժգոհում են՝ վախենալով, որ լացի ձայնը թուրքերը կլսեն ու բոլորին կկոտորեն: «Էդ երեխու ձայնը կտրեք»,- կանչում են այս ու այն կողմից:

 

Պապս ստիպված բարուրը խլում է կնոջ ձեռքից ու դնում մի թփի տակ, և շարունակում են ճանապարհը: Տատս վշտին չի դիմանում, ուշաթափվում է: Պապս ստիպված հետ է դառնում, բարուրը վերցնում, այդ պատճառով էլ փախստականների շարասյունից հետ են ընկնում: Շարասյունը կանգ է առնում հիմնականում Սպիտակի Մեծ Պարնի և Մարալիկ գյուղերում:

 

Դեռևս 1910-ական թվականների սկզբից, երբ թուրքերը Արևմտյան Հայաստանում սկսում են հայերի հալածանքը, բանտարկում են պապիս եղբորը՝ Արշակին, որը գրագետ մարդ էր, ֆիդայական շարժման ակտիվ մասնակից: Նրան 1914թ. բանտում էլ գնդակահարում են: Հալածանք է սկսվում ընտանիքի նկատմամբ, այդ պատճառով էլ պապիս ընտանիքը Վանի Այգեստանից տեղափոխվում է Ղարսի նահանգի Սուգութլու գյուղ, թաքցնելով ամուսնացած լինելու փաստը, զինվորագրվում զորավար Անդրանիկի ֆիդայական ջոկատին: Պապս պատմում էր, որ մարտի գնալիս Անդրանիկը, իր սպիտակ ձին նստած, սուրը պարզած, միշտ գնում էր առջևից՝ ջոկատին ոգեկոչելով. «Հառա՛ջ, իմ քա՜ջ արծիվներ»: Մարտից հետո էլ, երբ հանում էր շինելը (զինվորական վերարկու), վրայից փամփուշտներ էին թափվում:

 

Մեծ հայդուկապետը ժպտալով միշտ ասում էր. «Շուն թուրքի գյուլլա ընձի չդիպնա»: Իսկ երբ նստում էր իր սպիտակ ձին ու թուրն առնում ձեռքը՝ վրեժ ու ցասումից բռնկված դառնում էր փառահեղ արծիվ՝ ահ ու սարսափ թուրք փաշաների: Պապիս հորեղբայրը, ով ճանաչված ֆիդայի էր և զորավարի զինակից ընկերը, մի օր հանդիպելով Անդրանիկին՝ հարցնում է. «Մելքոն լի սա՞ղ ի»: Ստանալով դրական պատասխան՝ շարունակում է. «Ըսա, որ լաճ մը ունեցար»: Դա հորեղբայրս էր՝ Վաղինակը, ծնված 1912թ. Ղարսի նահանգի Սուգութլու գյուղում:

 

Հաջորդ օրը, տողանի ժամանակ, մեծ հայդուկապետ Անդրանիկը պապիս շարքից կանչում է առաջ և ասում. «Լաո՛, լավ զինվոր իս, բայց քո լաճի արյան տակ չեմ ընկնի: Դա դեմ է ֆիդայական երդմանը»:

 

Հանձնարարում է երկու զինվորի, որ պապիս անվտանգ հասցնեն իրենց գյուղի սահմանները: Վարդանլու գյուղում 1925թ. ծնվում է հայրս՝ Խաչիկ Սիրունյանը: Ապրել են հողի մեջ փորած հյուղակում, որի լույսը ընկնում էր երդիկից: Տեղացիները լավ չեն ընդունում գաղթականներին, որովհետև իրենց հողաբաժիններից էին հող հատկացնում նորեկներին, տալիս նաև գոյատևելու համար աշխօր: Հարևանի անբարեհաճ վերաբերմունքի պատճառով, նաև տեղեկանալով, որ Սպիտակի շրջանի գյուղերում են տեղավորվել հարազատները և համագյուղացիները, պապս որոշում է ընտանիքով հեռանալ այդ գյուղից: Սայլի վրա է գցում մի երկու խսիր, ինչը ծառայում է որպես անկողին: Եզները բերելու ժամանակ նրանցից մեկն ընկնում է հարևանի հորը և ոտքը կոտրում է (նույն հարևանի, ում պատճառով տեղափոխվում էին): Պապս ու այդ հարևանը կռվում են: Օսկո տատս մեջտեղ է ընկնում, որ անջատի: Պապիս ծանր մահակը պատահաբար կպչում է կողին: Ներքին արյունահոսությունից մահանում է: Այդ ժամանակ հայրս լինում է 6 ամսական:

 

Պապիս չեն դատում՝ նկատի ունենալով 3 անչափահաս երեխաներին և դեպքի պատահականությունը: Հայրս մոր կրծքի փոխարեն կերակրվում է այծի կաթով: Պապս ամուսնանում է հարևան գյուղից (այժմ՝ Մեղրուտ) մի կնոջ հետ: Մի օր պապիս հորեղբայրը՝ Անուշավանը, ում գերդաստանը վերաբնակեցվել էր Սպիտակում և շրջակա գյուղերում (Մեծ Պարնի, Մարալիկ), իմանալով պապիս բնակավայրը, գալիս է այցի: Վշտանում է՝ լսելով, որ իրենց սիրելի հարսը չկա: Ստիպում է պապիս, որ այդ կնոջից բաժանվի՝ ասելով. «Դու գաղթական, այդ կինը եռլական (այսինքն տեղացի), իրար հետ լեզու չեք գտնի: Բացի այդ, ուրիշ բան կա, մեզ հետ է մեր համագյուղացի Շուշանիկը (Նանոն), ում ամբողջ ընտանիքին թուրքերը սպանել են, մնացել է մենակ: Երեխեքիդ լավ մայր կլինի»:

 

Այդ տարիներին հորեղբոր կամ ծնողի խոսքը օրենք էր: Եվ այսպես՝ Շուշանը դառնում է երեխաների երկրորդ մայրը: Պապս հաճախ էր ինձ ասում. «Ձա՛գս, շուտ ջոջցի՛, օր մեր պատմությունն ըսեմ, գրիս՝ չկորի»։ Սակայն նա մահացավ 1957թ., երբ ես 7 տարեկան էի:

 

Գաղթական տատս՝ Շուշանիկ Հարութի Գաբրիելյանը, ծնվել էր 1885թ. Ղարսի նահանգի Բայլամատ գյուղում: 1915թ.-ի գարնանային այդ չարաբաստիկ օրը հոտաղը՝ գառ ու ոչխար, նախրչին՝ նախիրն էր սարը բարձրացրել, տղամարդիկ գյուղից դուրս՝ դաշտերում զբաղված էին վար ու ցանքով, որոնց թվում էր նաև տատիս նախկին ամուսինը՝ Հովհաննեսը, իր եղբայրների հետ: Տարվա այդ եղանակին գյուղում տղամարդ չէր լինում:


Սև գուժը մահաբեր ամպի նման պայթում է գյուղի վրա. թուրքերը սարում սպանում են անզեն հոտաղին, դաշտում՝ հողի մշակին և մտնում գյուղ: Սպանում են նաև տատիս ամուսնուն: Շուշանի ընտանիքը գյուղում ազդեցիկ և ունևոր ընտանիքներից էր, և թուրքի գազանաբարո վարմունքի առաջին թիրախը դարձավ: Տատիս կապում են դռան սյունին և աչքի առաջ 11 երեխաներին սպանում. որին սվինահարելով, որին՝ ջրհորը գցելով։ Հարևանները տատիս իրենց հետ բերում են Արևելյան Հայաստան՝ Սպիտակի շրջան: Այդ մեծ գերդաստանից թուրքի յաթաղանից փրկվում են նաև տատիս եղբայրը՝ Աշոտը, և մի քույր, ում շատ ուշ են գտնում:

 

Բոլշևիկյան Հայաստանում Աշոտին, որպես Արևմտյան Հայաստանում ազդեցիկ անձնավորության և ֆիդայական ջոկատին զենք ու սննդի հայթայթման հարցում օգնողի՝ կնոջ հետ աքսորում են Սիբիր՝ Ալթայի երկրամաս, որպես հայրենիքի թշնամի: Ստալինի մահից հետո, երբ ներում շնորհվեց նրա նմաններին, այնքան մեծ էր վիրավորանքը Հայաստանի կառավարությունից, որ բնակություն հաստատեց Թբիլիսիում, չնայած որ հայրս իր հողամասում փոքրիկ տուն էր կառուցել, որպեսզի այդքան դժվարություններից հետո քույր ու եղբայր իրար հետ անցկացնեն ծերությունը: Հանիրավի բռնադատված հայորդին ասում էր. «Արևմտյան Հայաստանում իմ կատարածի դիմաց բոլշևիկյան Հայաստանը պարգևատրեց Սիբիր աքսորելով»:

 

Տատս իր երեխաների կարոտն ու գուրգուրանքը տվեց մեզ և հորս, ում պահել էր ութ ամսականից: Հայրս ու մենք շատ էինք սիրում տատիս: Երբ հայրս տուն էր մտնում, և տատս տանը չէր լինում, ընկնում էր հարևանների տները՝ նրան փնտրելու: Հացի սեղանի շուրջ հավաքվելիս պապիցս հետո սեղանի վերին մասում նստում էր տատս՝ նոր միայն սկսում էինք ուտել: Հայրս այնքան էր սիրում մորը, որ երդվելիս ասում էր՝ մորս արև, իսկ մահից հետո՝ մորս գերեզման, չնայած իր արյունակից ծնողը չէր:

 

Շուշանը շատ հյուրասեր էր: Իր մասին ասում էին՝ դրսի անցնող ղշին էլ հաց կտա, իսկ տատս իր արածից գոհ պատասխանում էր՝ «Երեխեքիս փայն ի»: Բայլամետցի Նանոն (այսպես էին անվանում տատիս) հեքիմ էր: Բուժում էր չբերություն, վախ, ստամոքսի հիվանդություններ: Մաղ էր պտտում սրբերի անուններով: Գալիս էին Հայաստանի տարբեր վայրերից, նույնիսկ հիվանդանոցում երկար պառկած, բայց չբուժված մարդիկ: Տատս գումարի համար չէր սակարկում՝ տալիս էին՝ ում մտքով ինչ անցնի: Այդ գումարը պահում էր իր մոտ՝ «արխալուղի» գրպանում: Կիրակի օրերին մեր ձեռքից բռնած տանում էր եկեղեցի: Գումարի մի մասով կապոցով մոմ էր առնում, մնացած գումարը դնում էր եկեղեցու խորանում՝ ասելով. «Ըսիկ որբերու և չունևորներու փայն ի»:Որքան էլ խնդրում էինք ինձ ու քրոջս բուֆետի կոպեկ տա, վախեցած պատասխանում էր. «Էս շնորքը Աստված ի ինձի տվե, ըսիկ իմ փարան չէ»:

 

Տատիս հիշում եմ միշտ արտասվելիս, թուրքերին անիծելով իր տխուր պատմություններն էր պատմում, հաճախ էլ բարձրաձայն խոսում էր իր երեխաների հետ, որ արդյունքում կյանքի վերջին տասը տարիներն ապրեց խելակորույս վիճակում: Երբ արդեն տանը պահել հնարավոր չէր, տատիս քույրն ու եղբայրը եկան, մորիցս՝ Շուշիկ Խլղաթյանից, շնորհակալություն հայտնեցին իր անչափ մարդկային վերաբերմունքի համար: Որոշեցին տատիս տանել Սևանի հոգեբուժարան: Երբ մեքենան շարժվում էր, հավաքված հարևանների ներկայությամբ մայրս բարձրաձայն լացելով կանգնեցնում է մեքենան. «Իմ խաչն է, մի տարեք: Ինչպես պահել եմ, այնպես էլ կշարունակեմ: Սա է իր տունը»:

 

Շատ երկար տարիներ մայրս իր մարդկային արարքով օրինակ էր Խնձորուտ թաղամասի յուրաքանչյուր ընտանիքի համար: Ձմռան երկար գիշերներին, երբ դրսում անելիք չկար, գաղթականները հաճախ հավաքվում էին մեր տանը: Այդ տարիներին խիստ արգելված էր խոսել գաղթից, Անդրանիկ զորավարից, ֆիդայիներից, այսինքն՝ Էրգրից: Իրար հերթ չտալով պատմում էին իրենց պատմությունը, թուրքերի կատարած դաժանությունները և արտասվում: Տատս՝ Շուշանը, իմ ու քրոջս ձեռքը բռնած, տանում էր գաղթականների տները՝ իբրև զրույցի, ուր թոռներին սովորեցնում էին Էրգրի պարերը, Մշո գորանիներ ու երգեր:

 

Բոլոր գաղթականները հույս ունեին, որ մի օր պետք է վերադառնան իրենց Էրգիրը: Պապս հաճախ էր տատիս հիշեցնում. «Բալնիքը գոմի աջ յանի ջոջ սալի տակ ի, օր ես մեռած եղնիմ, երեխեքիս ցույց տաս»։ Խնջույքների ժամանակ, որտեղ մեծ մասը լինում էին գաղթականներ, պապս, հետագայում էլ հայրս, ինձ ստիպում էին երգել:

 

Ես երգում էի իրենց սովորեցրած «Անդրանիկին», «Սերոբ փաշա» ինչպես նաև «Կովկասի քաջեր» երգերը: Երբ երգում էի, բոլորը հեկեկալով լալիս էին: Հետագայում, երբ արյան կանչով ինձ էլ փոխանցվեց Էրգրի կարոտը, հասկացա մեր պապերի լացի պատճառը, և այն տեղ գտավ իմ բանաստեղծություններում՝ որպես հարգանքի տուրք նրանց հիշատակին: Տա Աստված, նիրհող աշխարհը արթնանա ու կատարվի մեր պապերի, նաև աշխարհով մեկ սփռված նրանց ժառանգների երազանքը, որպեսզի Արևմտյան Հայաստան մտնենք ոչ թե որպես զբոսաշրջիկ, այլ որպես տանտեր՝ աշխարհի գերտերությունների կողմից ճանաչված Հայոց հայրենի տարածքի սեփականատեր՝ Էրգրի բանալին ձեռքներիս»։