կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-20 13:44
Հասարակություն

Մեծ պապս անցել է դժոխքի բոլոր լլկանքներով, բայց, միևնույն է, ողջ է մնացել

Մեծ պապս անցել է դժոխքի բոլոր լլկանքներով, բայց, միևնույն է, ողջ է մնացել

Աղբյուրը՝ armeniangenocide100

 

Ավետիս Վանեսքեղյանի պատմությունը

1909 թ., Մարաշ

 

 

Կիմա Վանեսքեղյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր մեծ պապի՝ Ավետիս Վանեսքեղյանի պատմությունը: 1915-ին սոսկալի ջարդերի ժամանակ Վանեսքեղյանների բազմանդամ ընտանիքից ողջ են մնացել միայն Ավետիսն ու նրա քույրը: Նրանք այլ որբերի հետ թափառում էին, սնվում արոտավայրերում և մուրացկանությամբ զբաղվում: Մի քանի տարի անց քույրը մահացել է ժանտախտից: Ավետիսն էլ է վարակվել, սակայն հրաշքով փրկվել:


«Ուզում եմ պատմել հորս պապիկի՝ Ավետիս Վանեսքեղյանի կառուցած տան մասին: Ես նրան չգիտեի, ոչ էլ տեսել եմմիայն նկարներով. ես նրա մահից մի քանի տարի անց եմ ծնվել: Մեր ընտանիքում վառ են պահում այդ մարդու հիշատակը, իսկ նրա կյանքի պատմությունն արժանի է լսված լինելու նաև ուրիշների կողմից: Թվում է՝ այն ամենը, ինչով անցել է մեծ պապիս, անիրական է: Դժբախտաբար, այդ ամենն իրականություն է:

 

Մի անգամ ես մի արտահայտություն լսեցի. «Ամեն հայ իր ցեղասպանությունն ունի»: Իսկապես, դժվար է գտնել մի հայ ընտանիք, որը ազդված չլիներ 1915-ի արյունալի դեպքերից՝ սերունդների հիշողություններում թողնելով տառապանքի, սովի, արտագաղթի և լլկանքների մասին պատմությունները: Իր նախնիների մասին ամեն հայի պատմությունը ևս մեկ տող է ավելացնում բազմաչարչար ազգիս ողբերգական պատմագրության մեջ: Երբ մեծ պապիկս պատմում էր իր սարսափելի մանկության մասին, լացում էին բոլորըու միշտ:

 

Բանականությունը հրաժարվում է պատկերացնել  այդ ամբողջ սարսափը, որն ապրել է նա այդքան փոքր տարիքում: Մեծ պապս ծնվել է Մարաշում 1909 թվականին: Մարաշը Կիլիկյան Հայաստանի քաղաքներից էր, այժմ Թուրքիայի տարածքում է:

 

1915 թվականին իր 20 հոգուց բաղկացած մեծ, աշխատասեր և բարյացակամ ընտանիքը կոտորվել էր թուրքի ձեռքից: Ժամանակին Վանեսքեղյանների մեծ գերդաստանի մնացորդները ցրվել են աշխարհով մեկ: Նրանց ժառանգներն այժմ ապրում են ԱՄՆ-ում, Հարավային Ամերիկայում և Ֆրանսիայում: 6-ամյա Ավետիսն ու իր ավագ քույրը հրաշքով են փրկվել, նրանք այլ որբերի հետ թափառում էին, սնվում արոտավայրերում և մուրացկանությամբ զբաղվում:

 

Մի քանի տարի տևող պանդխտությունից ու սովից հետո երեխաները վերադարձել են Մարաշ: 1920 թվականն էր: Այդժամ քաղաքի անվտանգությունը ֆրանսիացի զինվորների պատասխանատվության տակ էր, սակայն նրանք համապատասխան միջոցներ չէին ձեռնարկում քաղաքի հայ բնակչության անվտանգությունն ապահովելու համար: Մի գիշեր նրանք վախկոտների պես լքեցին Կիլիկան՝ նախապես փաթաթելով իրենց ձիերի սմբակները հաստ կտորով: Նրանց գնալուց հետո թուրքերը կրկին սկսել են կոտորել հայերին: Քաղաքում սկսվել է ժանտախտի համաճարակը: Ավետիսի քույրը մահացել է: Տղայի հիշողության մեջ գամվել է այն պատկերը, երբ այդքան տարի անց նա առաջին անգամ հաց է կերել: Այդ հացը նրան մի բարեգութ մարդ էր  տվել. այդպես մեծ պապս անց է կացրել քրոջ  հուղարկավորությունը: Հետագայում նա նույնպես վարակվել է ժանտախտով. այդ թուլացած տղային նետել են դիերով լի կառքը և տարել թաղելու:

 

Նրան պատահաբար նկատել են գերմանացի միսիոներները, երբ դիերն արդեն նետում էին փոսի մեջ. տղան շարժվել է, դա է փրկել նրա կյանքը: Նրան որոշ ժամանակ պահել են վանդակում, և երբ պարզվել է, որ կապրի, ուղարկել են Լիբանան՝ Ջուբեյլ քաղաքի գերմանական մանկատուն: Այնտեղից երեխաների մի մասին ուղարկել են Ամերիկա, մեծ պապիս ուղարկել են Իսրայել: Երուսաղեմում բնակություն հաստատելով՝ նա մասնագիտություն է ստացել՝ դառնալով հայտնի դերձակ, ընտանիք կազմել, 4 երեխա ունեցել՝ երկու դուստր և երկու որդի: Նրա կինը՝ մեծ տատս՝ Արփինե Չեքմեյանը, հայտնի Վարդան Չեքմեյանի (Չեքմե Վարդանի) դուստրն էր: Նա տեղի ոստիկանության անդամ էր և սիրիական Ադանա վիլայեթի շրջակա գյուղերի 5000 բնակչի հետ թուրքերից փրկվել էր Մուսա լեռան վրա: Մուսա լեռան հերոսական պաշտպանությունը հիմք էր հանդիսացել Ֆրանց Վերֆելի հայնտի «Մուսա լեռան քառասուն օրը»  վեպի համար:

 

1915-ի սեպտեմբերին դիմադրության 53-րդ օրը քաջ մուսալեռցիներին փրկել են ֆրանսիական ռազմական նավերը. փրկվել է 4058 մուսալեռցի:

 

Այդպես մեծ տատիկս՝ Արփինեն, հայնտվել է Երուսաղեմում, որտեղ էլ հանդիպել է իր ապագա ամուսնուն: Նա ընդամենը 16 տարեկան էր, մեծ պապս՝ 27: Յուրահատուկ է նրանց սիրո պատմությունը: Նրանց ճանաչող յուրաքանչյուր ոք կհաստատի, որ նրանք առանց իրարու մի օր էլ չէին կարող ապրել: Երբ մեծ տատիկս որոշ ժամանակով գնում էր ընկերուհիներին այցի, մեծ պապիկս նստում էր տան բակում, նայում ճանապարհին և սպասում նրան: Եթե մեծ տատիկս ուշանում էր, նա գնում էր դիմավորելու կնոջը, և նրանք ձեռք ձեռքի տված վերադառնում էին, տատիկիս ճանապարհը պապիկս լապտերով էր լուսավորում:

 

 

Նրանք միշտ գեղեցիկ և անթերի էին հագնվում, նույնիսկ տանն ամբողջ օրը զբաղվելով առօրյա գործերով՝ տատիկս միշտ բարձրակրունկ կոշիկներով էր և գեղեցիկ զգեստներով, իսկ պապիկս միշտ սափրված էր, վերնաշապիկով և փողկապով: Վերնաշապիկի վրայից նա մետաքսե խալաթ էր կրում, իսկ երբ հյուր էին ունենում, խալաթը փոխարինվում էր բաճկոնով: «Արփիկս»՝ քնքշորեն կոչում էր մեծ պապիկս մեծ տատիս: Նրանք մահացան նույն տարում. սկզբում մահացել էր մեծ տատիկս, մեծ պապիկս ընդամենը մի քանի ամիս ապրես առանց նրա

 

Մեծ պապս ընտանիքի հետ տեղափոխվել էր հայրենիք 1948 թվականին, երբ սկսվել էր հայերի Խորհրդային Հայաստան հայրենադարձության մեծ ալիքը: Հետագա իր կյանքը նա ապրել է Կիրովականում՝ այժմյան Վանաձորում:

 

 

Նա տուն էր գնել, բակում խնձորի այգի աճեցրել: Ավետիս պապս քաղաքի կուսակցական վերնախավի դերձակն էր, քաղաքի հարգված մարդկանցից մեկը. Կիրովական եկած հայտնիներին նրա տուն հյուր էին բերում: Նա հյուրընկալել է հայտնի ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանին, գրող Հրանտ Մաթևոսյանին և բազում այլ հայտնիներին: Բայց կյանքը նրա հանդեպ դաժան խորթ մոր պես էր: Կարծես թե քիչ էին նրա ապրած ողբերգություններն ու տառապանքները: Ավտովթարի ժամանակ մահանում է նրա ավագ որդին իր երեխայի հետ, ապա մահանում է նրա հարսը (հայրիկիս մայրը), իսկ նա և կինը դաստիարակում էին որբացած թոռնուհուն: Դա էլ բավարար չէր. Հայաստանում 1988 թվականի սարսափելի երկրաշարժը ևս մի արյունալի սպի է թողնում նրա վերքերով լի սրտում:

 

Նա և նրա աղջկա ընտանիքը զրկվում են ոչ միայն օթևանից, այլև իրենց սիրելի 20-ամյա թոռից: Երիտասարդը մնացել էր փլված շենքի ավերակների տակ՝ փրկելով իր հարսնացուին. 10-րդ օրը նրանց գտան ձեռք ձեռքի բռնած

 

Մեծ պապս շատ տարօրինակ կերպով է արտահայտել անարդարության և դաժանության հանդեպ իր բողոքը. նա վերցրել է կացինը և ոչնչացրել իր սիրելի խնձորի այգին, այրել է ծառերը, որպեսզի տաքացնի բաց երկնքի տակ գիշերող իր ընտանիքը: Նա վարվել է հայտնի հայ դասական Ստեփան Զորյանի «Խնձորի այգին» վեպի հերոսի պես, որը ոչնչացրել է իր «զավակին»՝ ի նշան չար ճակատագրի դեմ բողոքի:

 

«Նրանք այլևս պետք չեն, ամեն ինչ ավիրվել է», – ասել է մեծ պապս՝ հարազատ տան ավերակների մոտ սիրելի խնձորենիներից կրակ վառելով: Սա, թերևս, ամենասարսափելին էրմեծ պապիս ճանաչած յուրաքանչյուր ոք կհաստատի նրա համառությունն ու տոկունությունըմանուկ հասակում ապրածը կոփել է նրա բնավորությունը: Բայց այս քայլը շատ բան էր ասումմեզանում սիրում են կրկնել «ամեն հայ պետք է տուն կառուցի, ծառ տնկի և որդի մեծացնի»:

 

Ավետիս պապիկս արել է այդ ամենը, բայց կտրելով տան ավերակների մոտ իր աճեցրած ծառերը, նա կարծես թե ամփոփել է իր դաժան և անարդար կյանքը: Նա «հանձնվեց»՝ կարծելով, որ ամեն ինչ իզուր էր: Բայց դա այդպես չէՆա ամեն դեպքում տուն էր կառուցել, այդ տունը Վանեսքեղյանների մեր մեծ գերդաստանն է: Մեծ պապիկս արդեն քանի տարի է կենդանի չէ, բայց մենք հաճախ ենք հիշում նրան: Նայելով մեզ՝ նրա թոռների, ծոռների վրա, մենք հասկանում ենք, որ իզուր չէր նա կենդանի մնացել արյունալի 1915-ին:

 

Նա անցել է դժոխքի բոլոր լլկանքներով, բայց, միևնույն է, ողջ է մնացել: Նրա գերդաստանը չի դադարել գոյություն ունենալ, ավելին, տարեցտարի մենք շատանում ենք: Թերևս, իզուր չէ պապիկիս անունը նշանակում «լավ լուր» և կապված առաքյալների հետ, որոնք աշխարհով մեկ սփռել են Քրիստոսի հարության լուրը: Այդպես էլ Ավետիս պապիկս է, ժամանակի միջով բարակ թելի պես անցնելով, ապրում և չի ընդհատվում իր ժառանգների մեջ: Եվ քանի դեռ մենք անում ենք հնարավորը, որպեսզի պատմական և մարդկային հիշողությունը փոխանցվի մեր զավակներին և թոռներին, մարդկային ցեղը կապրի դարերով: Պարզապես պետք է հիշել և չմոռանալ»: