կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-11 10:08
Հասարակություն

Պապս ջարդերի մեջ մեղադրում էր ոչ միայն «քաղաքակիրթ» աշխարհին, այլև թուրք կանանց ու մայրերին

Պապս ջարդերի մեջ մեղադրում էր ոչ միայն «քաղաքակիրթ» աշխարհին, այլև թուրք կանանց ու մայրերին

Աղբյուրը՝ armeniangenocide100

 

Հայկազուն Հովսեփյանի վկայությունը

1907 թ., Էրզրումի նահանգ, Թոդևերան գյուղ

 


Թամարա Գասպարյանը ներկայացնում է մեծ պապի՝ Հայկազուն Հովսեփյանի վկայությունը Հայոց ցեղասպանության մասին: Կոտորածի մասին նրանց տեղեկացրել է քուրդ հարևանը: Հայրը, լսելով մեծ եղբոր ընտանիքի մահվան մասին, կաթվածահար է եղել հենց եկեղեցու բակում, իսկ մայրը սովամահ է եղել: 8-ամյա Հայկազունին` Վան, այնուհետև Երևան է տեղափոխել Զորավար Անդրանիկը:

 

«Դեռ փոքր տարիքից լսել էի, որ եղեռնի միլիոնավոր զոհերից են եղել նաև իմ արյունակիցները: Մեծ պապիկս եղեռնից մազապուրծ եղած էրզրումցի էր (Էրզրումի նահանգի Բասենի շրջանի Թոդևերան գյուղից), ով վաթսուն տարի անց գրի էր առել իր տեսածը, որը պատառիկների ձևով ներկայացնում եմ.

 

«Վաթսուն տարի անց՝ իմ այս հասակում,

Նստել եմ ահա ու միտք եմ անում,

Թե ինչեր տեսանք մանուկ հասակում,

Ու դառնացած սրտով նորից վերհիշում:

Ինչպե՞ս չհիշես, ինչպե՞ս մոռանաս.

Դա չի մոռացվի, հասարակ վերք չէ,

Դա խոր ակոսած ջերմ սրտի հևք է,

Դա կա, կմնա, քանի դեռ կամ ես:

Երբ ես էլ անցնեմ, կհանձնեմ ձեզ, ձեզ՝

Սիրասո՛ւն թոռներ, իմ գալի՛ք ծոռներ,

Որ չեք տեսել դուք ու չեք տեսնելու

Այդպես խորտակված, խոցված մանկություն:

Պահե՛ք ձեր սրտում, հիշեցե՛ք մեզի,

Համախմբվեցե՛ք, բռնեցե՛ք ձեռքը,

Ձեռքը դահիճի, որ յաթաղանր ձեզ էլ չխոցի»:

 

Կոտորածի մասին պապիս հորը` Ղուկասին, տեղեկացրել է քուրդ հարևանը: Նրանք դուրս են եկել, սակայն ճանապարհին կորցրել են պապիս մեծ հորեղբորը, իսկ հետո լուր է ստացվել, որ վերջինիս ընտանիքին այրել են: Ղուկասը չի դիմացել այդ հարվածին և եկեղեցու բակում կաթվածահար է եղել: Նրա վերջին խոսքերն էին. «Տղին փախցրեք, ինձնից ձեռք քաշեք»:

 

Բնականաբար, սկզբում 8-ամյա պապս էլ իր հասակակիցների նման չի հասկացել, թե ինչ է կատարվել իր շուրջը, սակայն սթափվել է, երբ կորցրել է հորը, իսկ հետո արթնանալով մոր գրկում` նրան մահացած է գտել: Մայրը սովամահ էր եղել: Դեպքից հետո պապս դուրս է եկել քարանձավից, մեծ դժվարությունների հանդիպել և ապա հասել մի քուրդ հովվի տուն: Տանտերը վերցրել է երեխային և պահել: Որոշ ժամանակ անց ռուսական զորքը մտել է գյուղ` նրանց թվում Անդրանիկ Օզանյանի կամավորական ջոկատը: Զորավար Անդրանիկը վերցրել է պապիս և նրա հասակակիցների հետ ուղարկել Վան, ապա`Երևան:

 

Պապս ջարդերի մեջ մեղադրում էր ոչ միայն «քաղաքակիրթ» աշխարհին, այլև՝ թուրք կանանց ու մայրերին: Ինձ հատկապես հուզեց նրա հետևյալ գրառումը. «Եվ այս ամենը կատարվեց քրիստոնյա ու նաև թուրք մայրերի, կանանց աչքերի առջը: Ոչ մի կին կամ մայր չբռնեց իր ամուսնու, որդու ձեռքը, ոչ ոք չասաց`այդ ո՞ւմ վրա եք ձեռք բարձրացնում՝ մեզ լուսավորողի ու հաց տվողի՞ վրա: Ամո՛թ ձեզ, հազար անգամ ամոթ, որ դուք այնքան եք շլացել, կուրացել, որ չեք նկատել, որ ձեր ամուսինները, հայրերը կտրեցին այն ծառի ճյուղը, որի վրա հենվել էին իրենք»: