Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով Բաղրամյան փողոցում արդեն 3-րդ օրը շարունակվող բողոքի ցույցի մասին, նշեց.
«Առաջին օրվա իրադարձությունները նկատի ունենալով` երեկ մի խումբ պատգամավորների, մտավորականության ու շոու բիզնեսի ներկայացուցիչների նախաձեռնությամբ որոշվեց լինել Բաղրամյան պողոտայում և, իբրև կենդանի պատ, կանգնել ցուցարարների և ոստիկանների միջև` փորձելով կանխել հնարավոր առճակատումը:
Գիշերը ժամը 1-ից մինչև առավոտյան 10-ը այնտեղ ենք եղել: Փառք Աստծո, երկու կողմից որևէ սադրանք կամ այլ տիպի գործողություններ չեն եղել` հանդես բերելով զսպվածություն: Առավոտյան, երբ ամեն ինչ շատ ավելի հանդարտ էր, և ցուցարարների թիվը զգալիորեն նվազել էր, ակնհայտ էր, որ արդեն սպառնալիք չկար, դրանից հետո մենք գնացինք Բաղրամյան պողոտայից:
Չեմ կարծում, որ արդեն ամփոփելու ժամանակն է, բայց ակնհայտ է, որ կա երիտասարդ, գիտակից, իրենց իրավունքների, իրենց երկրի տեր զգացող քաղաքացիների մի բազմություն, որը փորձում է իր իրավունքները իրացնել:
Կարծում եմ, որ երկու կողմերն էլ` և\' ցուցարարները, և\' իշխանությունը, կկարողանան գտնել միջանկյալ լուծում, որով կկարողանան ելք գտնել իրավիճակից: Ակնհայտ է, որ առճակատումը, բախումը կամ բռնությունները ձեռնտու չեն առաջին հերթին մեր երկրին ու պետականությանը»:
Հարցին, թե ինչպիսի՞ն, իր կարծիքով, այդ միջանկյալ լուծումը, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Ես հիմա չէի փորձի երկու կողմերի դերակատարության մեջ մտնել, որովհետև մեր երեկվա առաքելությունը ոչ թե որևէ կողմ ներկայացնելն էր, այլ վատ հետևանքներ թույլ չտալը»: