կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-16 09:32
Քաղաքական

«Պետության ողնաշարը վնասվել է». Կարեն Կարապետյան. «Ժողովուրդ»

«Պետության ողնաշարը վնասվել է». Կարեն Կարապետյան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը  հայտարարել է, որ էլեկտրաէներգիայի ոլորտում մի քանի տարի շարունակ պետք է լուրջ աշխատել, որպեսզի հնարավոր լինի վերականգնել այն կորուստերը, որոնք այսօր առկա են:

Պատգամավորը ևս մեկ անգամ ասել է, որ իր եղբայրը՝ ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանը, «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությունը գնելու մտադրություն չունի։ Սակայն, երբ նա ներկայացրել է ՀԷՑ-ում տիրող իրավիճակը, ըստ էության, կարելի է ասել, պարզաբանել է, թե ինչու իրենք չեն ցանկանում գնել այդ ընկերությունը։

«Համակարգը ֆիզիկապես ու բարոյապես մաշված է, ուստի պետք է լուրջ ներդրումներ արվեն, բայց ներդրումների պորտֆելն այնքան է մեծացել, որ կազմակերպությունն արդեն չի ընկալվում որպես վստահելի գործընկեր՝ երկարաժամկետ ու ցածր տոկոսադրույքով վարկեր ստանալու համար։ Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, ՀԷՑ-ը տարիներ առաջ արդեն իսկ մոտ 200 միլիոն դոլարի վարկ է ստացել շատ բարձր տոկոսադրույքով՝ 12 տոկոսով։ Եվ հիմա ով էլ գնի այս ցանցերը, որոշ առումով պետք է այդ բեռը թեթեւացնի, հակառակ դեպքում դարձյալ վստահելի չի լինի եւ չի կարողանա էժան վարկեր ձեռք բերել»,- պարզաբանել է Կ. Կարապետյանը։

Ըստ պատգամավորի՝ կա երեք գործիք, որ հրատապ են այդ ոլորտում կիրառելու համար, որից հետո միայն հնարավոր կլինի առաջընթաց ակնկալել:

– Պարոն Կարապետյան, արդեն տևական ժամանակ է, ինչ քննարկվում է Ձեր կողմից ՀԷՑ-ի գնման հարցը, բայց կարծես թե մինչև այժմ այդ հարցում հստակեցում չկա: Ի՞նչ փուլում է գործընթացը, արդյո՞ք դեռևս այդ ոլորտը Ձեզ հետաքրքրում է:

– Մենք առիթ ունեցել ենք արդեն այդ հարցին պատասխանել. ոչ մտածել ենք այդ ուղությամբ, ոչ էլ ներկայումս մտածում ենք:

– Արդեն հստակ է, որ 6.93 դրամով օգոստոսի 1-ից թանկանալու է էլեկտրաէներգիան, արդյո±ք արդարացված էր այդ թանկացումը, ուսումնասիրե՞լ եք այն փաստաթղթերը, որոնք ներկայացվել են հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Արդյո՞ք ներկայացված պատճառաբանություններն արդարացված են:

– Առկա իրավիճակում շատ բարդ է գնահատելը: Ինքս մանրամասն չեմ ուսումնասիրել ՀԷՑ-ի հայտը և առավելապես ծանոթ եմ միայն հրապարակումներից, բայց փոխարենը ես քաջատեղյակ եմ այն սոցիալ-տնտեսական իրավիճակին, որն առկա է Հայաստանում և որի վրա ուղղակիորեն ազդելու է ցանկացած թանկացում: Հասկանալի է, որ թանկացմանը դեմ ենք բոլորս: Սակայն պակաս կարևոր չէ հասկանալ այն խնդիրները, որոնք կան, ինչպես նաև այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն առկա վիճակը հաղթահարելու համար: Նախ պետք է անդրադառնալ անհրաժեշտությանը՝ հաշվի առնելով սոցիալ-տնտեսական իրավիճակը, որովհետև մենք երբեմն միակողմանի ենք խոսում՝ միայն սոցիալական վիճակից, մինչդեռ սոցիալական վիճակը ածանցվում է տնտեսական վիճակից:

Այս առումով ես լուրջ խնդիրներ եմ տեսնում, քանզի էներգակիրների ցանկացած թանկացում ուղղակիորեն ազդում է տնտեսության տարբեր ճյուղերի վրա, ինչն էլ գումարվելով մարդկանց առանց այդ էլ անվճարունակության ֆոնին ավելացող հավելյալ ծախսերին՝ էլ ավելի են ազդում սոցիալական վիճակի վրա: Տեսեք, մեր ապրանք արտադրողները մեծ շուկայում, այդ թվում գյուղմթերքի և արտադրության այլ բնագավառներում, մեղմ ասած մրցունակ չեն: Ինչքան էլ ասենք հալվա՝ բերաններս չի քաղցրանա: Այո, 170-180 միլիոնանոց շուկան շատ լավ բան է, բայց դա չի նշանակում, որ միան հայտնվելով այդ շուկայում՝ քո երկրում բոլոր խնդիրները կարգավորվելու են: Դրա համար անհրաժեշտ է քրտնաջան ու համակարգված աշխատանք: Նման շուկայի առկայության գործոնը հաշվի առնելով՝ պետք է յուրաքանչյուր բնագավառի հետ կապված մոտեցումները, վերլուծությունները ի մի բերել, մեխանիզմներ մշակել, որպեսզի մենք ևս այդ հսկայական շուկայում մրցունակ լինենք: Այսինքն՝ մինչև տնտեսությունը չակտիվանա, իր հետևից չի քաշելու սոցիալական հարցերի լուծումը:

– Ի՞նչ պետք է աներ Հայաստանը, որպեսզի թույլ չտար ՀԷՑ-ի ՙանբարեխիղճ՚ ծախսերը վճարեր ՀՀ քաղաքացին, ո՞ւմ մեղավորությունն է դա, որ այսօր նման իրավիճակ է ստեղծվել:

– Նախ, շատ կարևորում եմ այն հանգամանքը, որ համակարգը պետք է աշխատի թափանցիկ: Այստեղ պետք է ընդունենք նաև պետության համապատասխան կառույցների մեղքի բաժինը՝ անհրաժեշտ վերահսկողության բացակայության տեսակետից: Ինչ վերաբերում է թանկացման հետևանքներին, առկա իրավիճակում կա երեք ճանապարհ. առաջին ճանապարհը, երբ պետությունը ամբողջ բեռը վերցնում է իր վրա: Երկրորդ տարբերակը, երբ պետությունը հայտարարում է, որ ինքը հնարավորություն չունի ու ամբողջ բեռը թողնում է հանրության ու տնտեսվարողների վրա: Սակայն բոլորիս էլ հայտնի է, որ մեր հանրության մեծամասնությունն անվճարունակ է, իսկ տնտեսվարողները, ինչպես արդեն նշեցի, առանց այդ էլ մրցունակ չեն: Ուստի, իմ կարծիքով, պետք է գործի երրորդ տարբերակը, այն է՝ բեռի որոշակի հատված պետությունը վերցնում է իր վրա՝ ամբողջը չթողնելով հանրության ու տնտեսվարողների վրա: Ես հասկանում եմ, որ մեր պետության հնարավորությունները սուղ են, սակայն, հավատացեք, ցանկության դեպքում միջոցներ գտնելը դժվար չէ, դրանց մասին ինքս առիթ ունեցել եմ քանիցս խոսել: Մենք պետք է գիտակցենք, որ ռազմավարական նշանակության խնդիրներում պետությունը լուրջ գործառույթներ ունի: Որքան էլ ՀԷՑ-ը օտարերկրյա ներդրողինը լինի, միևնույնն է դա Հայաստանի Հանրապետությանն է և մեր տնտեսության ողնաշարն է, որի համար առաջին հերթին պատասխանատվություն է կրում մեր պետությունը:

Այսօր այդ ցանցերի վիճակը շատ ահավոր է՝ համակարգը բարոյապես և ֆիզիկապես մաշված է: Տեսեք, կան 12-13 տոկոս կորուստներ, որոնց մի մասը գողություններն են. դա ռեալ է ու առօրյայում յուրաքանչյուրս էլ կարող ենք համոզվել, թե համապատասխան կառույցի ներկայացուցիչներն ինչպես են այդ գողությունները իրականացնում: Մյուս կողմից, պետք է լուրջ ներդրումներ արվեն, բայց ներդրումների պորտֆելն այնքան է մեծացել, որ կազմակերպությունն արդեն չի ընկալվում որպես վստահելի գործընկեր՝ երկարաժամկետ ու ցածր տոկոսադրույքով վարկեր ստանալու համար:

Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, ՀԷՑ-ը տարիներ առաջ արդեն իսկ մոտ 200 միլիոն դոլարի վարկ է ստացել շատ բարձր տոկոսադրույքով՝ 12 տոկոսով: Եվ հիմա, ով էլ գնի այս ցանցերը, որոշ առումով պետք է այդ բեռը թեթևացնի, հակառակ դեպքում դարձյալ վստահելի չի լինի և չի կարողանա էժան վարկեր ձեռք բերել:

Մանրամասն` թերթի այոօրվա համարում