Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին` էներգետիկ համակարգում սակագների թանկացումների հետ կապված:
Նա նշեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 20 մլրդ դրամ ճեղքվածքը փակելու նախաձեռնությամբ էլեկտրաէներգիայի սակագին է բարձրացնում:
«Մենք հարցեր ունենք, որոնք գտնվում են կառավարության իրավասության ներքո: Արդյո՞ք կառավարությունը պատրաստվում է էներգետիկ համակարգում իրականացնել տեխնիկական տեխնոլոգիական աուդիտ, քննարկել համակարգում ֆինանսավորման հարցը, գուցե բանակցեն ռուսական կողմի հետ` վերանայելու համար այդ կազմակերպությունների շահութաբերության հարցը: Կամ այդ կազմակերպությունները փնտրեն ֆինանսավորման այլ աղբյուր, բայց ոչ սակագների բարձրացում լինի: Արդյո՞ք կառավարությունը մտադիր է քննարկել այդ 20 միլիարդ դրամը ֆինանսավորման հարցը, որպեսզի այդ բեռը չդրվի սպառողների վրա»,- հարցրեց նա:
Երվանդ Զախարյանը նշեց, որ ճեղքվածքը կազմում է ոչ թե 20, այլ 18 միլիարդ դրամ: Նրա խոսքով` էլեկտրաէներգիայի արտադրման ոլորտում գործող ընկերությունները ներկայացրել են հայտեր, որոնք մանրակրկիտ ուսումնասիրվել են, և որոշվել է բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը:
«Այն, որ բարձրանում է սակագինը, դա արվում է էներգետիկ համակարգի ընկերությունների հետագա անխափան աշխատանքի ապահովման նպատակով: Կառավարությունը գիտակցում է, որ հարցը հնչեղություն ունի քաղաքացիների և ԱԺ կողմից»,- ասաց նախարարը: Ինչ վերաբերում է այլ աղբյուրներով ֆինանսավորմանը, ապա, ըստ նրա, կա վարչապետի հանձնարարական, որ մեկ անգամ ևս ուսումնասիրվեն այդ հարցերը:
Արծվիկ Մինասյանն արձագանքեց` ասելով, որ կառավարությունը պարտավոր է ունենալ անկախ գնահատականներ` էներգետիկ համակարգի գործունեության հետ կապված, հակառակ դեպքում` անընդհատ փաստարկներ կբերվեն, որ բարձրանալու են սակագները: Ըստ պատգամավորի` հարցը հիմնարար լուծելու համար պետք է անկախ փորձաքննություն իրականացնել և ֆինանսավորման աղբյուրները ուսումնասիրել:
«Մեկ տարվա գումարը մարելու համար սակագին եք անժամկետ բարձրացնում, ինչո՞ւ, հետո գերշահույթների հարցը ո՞նց է լուծվելու, հաջորդ տարի պետք է իջեցնե՞ք սակագինը»,- հարցրեց Արծվիկ Մինասյանը` հավելելով, որ կառավարությունը չպետք է թույլ տա էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում, քանի դեռ բոլոր հարցերը չեն ուսումնասիրվել:
Երվանդ Զախարյանը նշեց, որ կառավարությունը շատ մանրակրկիտ ուսումնասիրում է բոլոր այդ հարցերը, նախատեսում է ուսումնասիրել իրավական դաշտը, որ էներգետիկ ոլորտում ծախսերը լինեն թափանցիկ:
«Իրավիճակը ոչ միայն ձեզ, այլ նաև կառավարությանն է անհանգստացնում, և կառավարությունը կանի ամեն ինչ, որ այդ համակարգի ծախսերը լինեն թափանցիկ»,- եզրափակեց նախարարը: