կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-29 14:18
Հասարակություն

Էկոնոմիկայի նախարարը դժգոհեց` լրագրողները նեգատիվ են ման գալիս

Էկոնոմիկայի նախարարը դժգոհեց` լրագրողները նեգատիվ են ման գալիս

Կառավարության այսօրվա նիստում էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ներկայացրեց, իսկ կառավարությունն էլ հաստատեց «Արմյանսկի ուրաժայ» ընկերության համար ներդրումային ծրագրի շրջանակներում 200 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը մինչեւ երեք տարի ժամկետով հետաձգելու մասին որոշումը:

 

Կառավարության նիստից հետո լրագրողները հետաքրքրվեցին էկոնոմիկայի նախարարից, թե այդ ընկերության տնօրենի մասին նշված է` Ա. Ղարիբյան, արդյոք դա նույն Արամ Ղարիբյա՞նն է, որ աշխատում է  նախագահի աշխատակազմում: Կարեն Ճշմարիտյանը նշեց, թե  տնօրենին չի ճանաչում, չգիտի, թե ով է, ու խորհուրդ տվեց լրագրողներին ընդհանրապես գործին նայել, այլ ոչ թե' ով է սեփականատերը:

 

Այնուհետեւ սույն որոշման մասին պարզաբանեց, թե, ըստ ընդունված կարգի, եթե 200 միլիոն դրամը գերազանցում է, իսկ այս դեպքում ներմուծվում են սարքավորումներ' 3,7 միլիարդ դրամի, 11 հեկտարի վրա ջերմոցային տնտեսության հիմնադրման համար, ընդհանուր ներդրումները կազմելու են 6,4 միլիարդ դրամ, որից 3,7 միլիարդը սարքավորումներ են, ընդ որում` եվրոպական բարձրակարգ սարքավորումներ, ստեղծվելու են աշխատատեղեր' միջինը 120 հազար դրամ աշխատավարձով: Իրենք նայել են ցանկն ու տվյալ դեպքում, ըստ օրենքի, նրանց տրամադրվում է այդ հետաձգումը:

 

Երբ լրագրողները հարցրեցին, թե հնարավո՞ր է` հետագայում պարզվի, որ այստեղ ինչ-ինչ խնդիրներ կան, Կարեն Ճշմարիտյանը պատասխանեց. «Ժողովո'ւրդ, ինչի՞ եք ամեն ինչի մեջ նեգատիվ ման գալիս, ի՞նչն է ձեր ձգտումը, ես այնքան դժվար եմ հասկանում: Օրինակ` երեկ ես գնացել էի Սարդարապատի տոնին, լրագրողներից մեկն անընդհատ ինչ-որ նեգատիվ հարցեր էր տալիս: Ինչի՞ համար եք անում, ինձ համար անհասկանալի է, ճիշտն ասած: Դուք կերակրում եք ինչ-որ բանով, որ նորից դրա պահանջարկն է առաջացնում: Ես հրավիրելու եմ մամուլի ասուլիս, չգիտեմ' խորհուրդ տամ, թե խնդրեմ, պահանջեմ, համենայն դեպս, ինձ համար անհասկանալի է, թե ինչու է առաջին տողում գրվում, թե գտնվել է այսինչի դին, կամ այսօր հեռուստացույցով նայում եմ' ինչ է տալիս` Թաիլանդում ավտոբուս է շուռ եկել, ու դա առաջին ինֆորմացիան է: Ինձ համար ծիծաղելի է այդ մոտեցումը»:

 

Այնուհետեւ փորձեց պարզաբանել, որ դա ուղղակիորեն ազդում է ե'ւ ներդրումային մթնոլորտի, ե'ւ գործարար միջավայրի, ընդհանրապես` ամեն ինչի վրա: Երբ լրագրողները նշեցին' եթե չեք ուզում, մի' կարդացեք, Ճշմարիտյանը պատասխանեց. «Անկախ ինձանից լսում եմ, որովհետեւ հեռուստացույցը միացված է, ու մեկ էլ հայտարարում է, որ ինչ-որ մի երկրում ինչ-որ մի ավտոբուս է շուռ եկել" Ես կհասկանայի, եթե այնտեղ ինչ-որ հայ լիներ, Հայաստանի քաղաքացի, կամ ինչ-որ մեկի մատը վնասված լիներ, կասեի' լավ, մեր հային ինչ-որ բան է եղել, ու այդ ինֆորմացիան ուզում ենք ստանալ: Հակառակ դեպքում` անհասկանալի է, լուրջ եմ ասում»: Նա նաեւ նշեց, որ իր հորդորներով ամենեւին էլ գրաքննությամբ չի զբաղվում: