|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Իրանի արտգործնախարարի տեղակալ Էբրահիմ Ռահիմ Փուրին, ով Երևան է ժամանել միջգերատեսչական խորհրդատվություններին մասնակցելու նպատակով:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը և Իրանը կապված են ավանդական ջերմ, փոխշահավետ հարաբերություններով, որոնց վկայությունն է միջպետական բարձր մակարդակի երկխոսությունը, տարբեր բնագավառներում ակտիվ փոխգործակցությունը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ փոխարտգործնախարար Ռահիմ Փուրը Էդվարդ Նալբանդյանին է փոխանցել Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի բարեմաղթանքները։ Էբրահիմ Ռահիմ Փուրն ընդգծել է, որ Իրանը կարևորում է հարևան Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների ամրապնդումը և համագործակցության ընդլայնումը:
Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցերի, կարևորել են միջխորհրդարանական ձևաչափով փոխգործակցությունը, քննարկել են հայ-իրանական առևտրատնտեսական համագործակցության զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերը:
Այս համատեքստում արծարծվել է համատեղ տրանսպորտային և էներգետիկ նախագծերի իրականացումը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել մի շարք հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։
Փոխնախարար Ռահիմ Փուրը Հայաստանի արտգործնախարարին է ներկայացրել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցային գործընթացի վերջին զարգացումները:
Նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը։