կարևոր
2143 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-16 10:51
Քաղաքական

Խոսել եմ Իրանի փոխարտգործնախարարի հետ, և լուրջ մտահոգություն հայտնել․ մատնանշել եմ, որ Իրանը չպետք է անտարբեր մնա․ Ռոբերտ Բեգլարյան

Իրանահայության բոլոր խավերը լրջորեն հետևում են Արցախում տեղի ունեցող իրադարձություններին և մտահոգ են արցախահայության ճակատագրով: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց Իրանի խորհրդարանի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը՝ ներկայացնելով իրանահայության դիրքորոշումը Արցախի հարցի շուրջ:

«Մենք նախորդ ամիսներին ներհամայնքային բողոքի ցույցեր ունեցել ենք: Ես և գործընկերներս պետական մարմիններին փորձել ենք բացատրել և ներկայացնել այն ամենն, ինչ կատարվում է Արցախում:

Այսօր խոսել եմ Իրանի փոխարտգործնախարարի հետ, և լուրջ մտահոգություն հայտնել: Մատնանշել եմ, որ Իրանը չպետք է անտարբեր մնա, որովհետև այս ամենը հետագայում կազդի Հայաստան-Իրան-Ադրբեջան հարաբերությունների վրա: Եվ չենք կարող պատկերացնել, թե ինչ պոռթկում տեղի կունենա տարածաշրջանում, հետևաբար, Իրանը պետք է զգոն լինի և իր դիրքորոշումը հայտնի»,- ասել է Բեգլարյանը:

Նրա փոխանցմամբ՝ Իրանի դիրքորոշումը Արցախի հետ կապված այլ է՝ ի տարբերություն Իրան-Հայաստան սահմանի հարցերի:

«Իրանի պետական գործիչները նշում են, որ իրենց դիրքորոշումը Արցախի հետ կապված հարցում այլ է՝ ի տարբերություն Իրան-Հայաստան սահմանի հետ կապված հարցերի: Նրանք նշում են, որ Իրան-Ադրբեջան հարաբերություններն էլ ավելի լարված են, քան երբևէ: Դրա պատճառով էլ կտրուկ հայտարարությունների ու գործողությունների չեն գնում»,- նշել է պատգամավորը:

Նա նաև ընդգծել է՝ արցախահայությունն ապրում ու զգում է այն, ինչ զգում էին Ցեղասպանության ժամանակ:

«Այս պահին արցախահայությունն ապրում ու զգում է այն, ինչ զգում էին Ցեղասպանության ժամանակ: Նրանք միշտ էլ փորձել են միահամուռ լինել, և աշխարհին ցույց տալ իրենց կամքը: Մենք պարտավոր ենք ուղղակի Սփյուռքում միահամուռ լինել և նպատակալսաց աշխատել՝ օգտվելով միջազգային հանրության լծակներից: Մենք պետք է փորձենք ազդել նաև միջազգային կարծիքի վրա: Ճիշտ է, ես գոհ չեմ նաև մեր աշխատանքից՝ որպես քաղաքական գործիչ, բայց մենք անտարբեր չենք ու փորձում ենք աշխատել: Պինդ եղե՛ք»,- եզրափակել է Բեգլարյանը: