կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-09 18:35
Քաղաքական

Հիստերիկ վիճակ

Հիստերիկ վիճակ

Այսօր ԱԺ-ում «Հանրաքվեի մասին» օրինագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը միմյանց մեղադրել են… Արծվիկ Մինասյանը` ՀԱԿ-ին` «ընտրակեղծիքների մեջ մասնագիտացված լինելու մեջ», Լեւոն Զուրաբյանը` ՀՅԴ-ին` «իշխանությունների հետ բանակցություններ անցկացնելու մեջ»:

Արդեն միջանցքում Լեւոն Զուրաբյանը լրագրողների հարցին, թե ի՞նչ կասեք, ի պատասխան, հնչեցված մեղադրանքին, ասել է. «Թող մի օրինակ բերեն»: Բերում ենք: Նախեւառա` ովքե՞ր են ՀԱԿ-ի ներկայացուցիչները: Բոլորիս է հայտնի, որ այս կուսակցության մեջ նրանք են, ովքեր 90-ականների սկզբներին իշխանությունն էին եւ 1996-ին…«վերընտրվեցին»: Ճիշտ է, այդ «վերընտրմանը» հաջորդեցին ԱԺ-ի շենքի պաշարումը եւ հարձակումը շենքի վրա, մայրաքաղաքի փողոցներ դուրս բերված տանկերը եւ զինվորները, ապա ընդդիմադիրների հետ համապատասխան հաշվեհարդարը, բայց այս ամենը, իհարկե, չի նշանակում, որ ՀԱԿ-ը դեռ այն ժամանակ, երբ այսօրվա իշխանությունները նոր-նոր էին սովորում, մասնագիտացված էր ընտրակեղծիքների մեջ:

Խնդիրն այն է, որ ՀԱԿ-ի այսօրվա տղերքն ընտրակեղծիքներ են արել ամենեւին էլ ոչ մասնագիտորեն, այլ այսօրվանից անհամեմատ ավելի կոպիտ, չքողարկված, բռնություններով: Հետեւաբար, չենք պնդի, թե ՀԱԿ-ի ներկայացուցիչները մասնագիտացված են ընտրակեղծիքների մեջ, բայց պնդում ենք, որ ՀԱԿ-ը Հայաստանի երրորդ հանրապետության հետ զուգահեռ հիմնադրել է նաեւ ընտրակեղծիքներն այդ հանրապետությունում:

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին հասցեին հնչած «մեղադրանքին», ապա կարիք կա այն կրկնելու: «Մեղադրական հոդվածն» այսպիսին է` «Իշխանությունների հետ բանակցությունների մեջ մտնել»: Տրամաբանում ենք, որ խոսքը գործող իշխանությունների մասին է, այլ ոչ թե 90-ականների սկզբների, հակառակ պարագայում` ՀԱԿ-ը նման գործընթացները որպես մեղադրանք չէր ներկայացնի, ճիշտ հակառակը` այդ տարիներին մեղավոր էին նրանք, ովքեր իշխանությունների հետ չէին բանակցում:

Ես չգիտեմ, թե ի՞նչ դատավճիռ է պահանջում ՀԱԿ-ը բոլոր այն ուժերի համար, որոնք բանակցում են իշխանությունների հետ, բայց եթե, օրինակ, պահանջում է գնդակահարություն, ապա ՀԱԿ-ը վաղուց արդեն պետք է գնդակահարված լիներ, ճիշտ այն օրը, երբ նույն Զուրաբյանի գլխավորությամբ երկխոսում էր այս իշխանությունների հետ: Հետեւաբար, կա\'մ առաջին գնդակահարվողը ՀԱԿ-ը պետք է լինի, կա\'մ էլ քաղաքական այս միավորը պետք է մեկընդմիշտ ընդունի, որ անգամ այս իշխանությունների հետ ցանկացած հարցի շուրջ բանակցությունները նորմալ քաղաքական գործընթաց են: Եթե արյուն չենք ուզում, ապա այլընտրանքը իշխանությունների հետ բանակցելն է, քանի որ գործող իշխանությունների հետ բանակցելու չկամության այլընտրանքը գործող իշխանությունների դեմ արյունալի պայքար մղելն է: Սա՞ է առաջարկում ՀԱԿ-ը, եթե` այո, ապա, ի տարբերություն իշխանությունների հետ բանակցություններ վարելուն, նման` անհնազանդության, հեղափոխական կոչերը կամ մղումները կոչվում են հանցագործություն եւ, ըստ ՀՀ Քրեական օրենսգրքի, քրեորեն դատապարտելի արարք են:

Չի բացառվում, որ ՀԱԿ-ում բոլորն ուղղակի հիստերիկ վիճակում են, եթե այդպես է, ապա առաջարկում ենք ըմբռնումով մոտենալ նրանց ասածներին եւ հանդուրժող լինել: Եթե այդպես չէ, ապա մեծ սիրով եւ պատրաստակամությամբ հերքում ենք մեր` քիչ առաջ ասածը եւ նշում, որ ՀԱԿ-ում բոլորը հիստերիկ վիճակում չեն:

Հովիկ Աֆյան