կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-09 16:48
Հասարակություն

Թերթը հրաժարվեց Գրիգոր Մինասյանի ծառայություններից

Թերթը հրաժարվեց Գրիգոր Մինասյանի ծառայություններից

Արդեն տեղեկացրել էինք, որ Գրիգոր Մինասյանը «Ռուզան Խաչատրյանն ընդդեմ «Հրապարակի»» գործով կներկայացնի օրաթերթի շահերը: Քիչ առաջ, սակայն, «Հրապարակ» օրաթերթը հայտարարություն է տարածել, որում նշված է, որ իրենք շնորհակալ են «АМ» իրավաբանական ընկերությանը, որն իրենց իսկ խնդրանքով պատրաստակամություն է հայտնել աջակցել իրենց Սեյրան Օհանյանի կնոջ հետ դատական վեճում, բայց…

«Տարբեր փաստաբանական ընկերություններ այս տարիներին անշահախնդիր աջակցել են մեզ դատական պրոցեսներում, և դա է նպաստել, որ մենք, որպես կանոն, հաջողության ենք հասել։ Սակայն այս պահին շահարկումներից խուսափելու համար մենք որոշում ենք ինքնուրույն շարունակել մեր պաշտպանությունը և հրաժարվում ենք նույնիսկ լավագույն փաստաբանական թիմից։ Մեր գործն այնքան արդար է և միանշանակ, որ փաստաբանի անհրաժեշտությունը պարտադիր չպիտի լինի: Նորից շնորհակալություն բոլոր աջակիցներին»,- ասված է հայտարարությունում:

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանից Yerkir.am-ը փորձեց ճշտել, որ եթե իրենք էին դիմել ընկերությանը, ապա ինչո՞ւ հիմա հրաժարվեցին նրանց ծառայություններից: Օհանյանն ընդգծեց, որ իրենց այդ քայլը պայմանավորված է նրանով, որ ցանկանում են խուսափել զանազան շահարկումներից: «Ոմանք դա վերագրում են նրան, որ Միքայել Մինասյանն (Գրիգոր Մինասյանը եւ Միքայել Մինասյանը եղբայրներ են) է աջակցում «Հրապարակ»-ին: Տարբեր լրատվական միջոցների, խմբագիրների արձագանքներից հասկացանք, որ շահարկումներն անխուսափելի են: Մեզ թվում էր` սա զուտ իրավական վեճ է, և իրենք էլ մասնագիտացած են լրատվամիջոցների հետ գործերով ու նորմալ կստացվի այդ ամեն ինչը»,- նշեց մեր զրուցակիցը` հավելելով. «Մենք էլի առաջարկներ ունենք բազում փաստաբաններից, փաստաբանական գրասենյակներից, այնպես որ` տարբերակներ շատ ունեինք, հիմա արդեն կարող ենք մեկ ուրիշի աջակցությունից օգտվել: Տեսնենք, կորոշենք»:

Ֆեյսբուքյան իր էջում արձագանքելով «Հրապարակ»-ի հայտարարությանը` Գրիգոր Մինասյանը գրել է. «Մենք հարգում ենք մեր վստահորդների շահերը և ցանկությունները: Բարեկամների ու չարակամների որևէ ազդեցություն չի կարող մեզ ստիպել հրաժարվել մեր սկզբունքներից, առավել ևս` մեր հաճախորդների հանդեպ բարոյական և իրավական պարտավորություններից: Հրապարակ օրաթերթը ցանկացած պահի կարող է դարձյալ օգտվել մեր պաշտպանությունից, ինչպես և ցանկացած կառույց ու անհատ, ով պատրաստ է իր իրավունքն օրենքով պաշտպանել մինչև վերջ»: