Փոխարժեքներ
26 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Հուլիսի 28-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կլսվի ՀՀ ոստիկանության հայցն ընդդեմ «SOS Գ/7» հաղորդման հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի: Ոստիկանությունը պահանջում է հրապարակայնորեն արտահայտած վիրավորանքի համար նրան քաղաքացիա-իրավական պատասխանատվության ենթարկել:
Պատճառը «SOS Գ/7»-ի մայիսի 24-ի հաղորդումն է, որում, ըստ հայցվորների, առկա են նախագահական նստավայրի առջև ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողների, մասնավորապես` Արթուր Մադաթյանի և Սերգեյ Զաքարյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորող բառեր: Մասնավորապես` տեսանյութի 28-րդ վայրկյանից սկսած` հաղորդավարը, աջ ձեռքի շարժումով ցույց տալով ուսադիրը, հնչեցնում է «Մենք գ ու հենց տենց յոթերս ՀՀ քաղաքացու պաշտպաններն ենք, ծառաներն ու բարեկամները» արտահայտությունը, իսկ տեսանյութի 44-րդ վայրկյանից սկսած` հաղորդավարն օգտագործում է «վերջերս մեր զաբոռալպստման բաժին ահազանգ եղավ» բառերը, որից անմիջապես հետո տեսանյութում հայտնվում են ՀՀ նախագահի նստավայրի առջև ծառայություն իրականացնողների պատկերը: Բացի այդ՝ տեսանյութի 3-րդ րոպեին դրվագ է մեջբերվում ոստիկանության «02» հաղորդաշարից, որից հետո հաղորդավարը թույլ է տալիս իրեն «շան տղերք» վիրավորական արտահայտությունը:
Ի դեպ, տեսանյութի հրապարակման հաջորդ օրը youtube.com կայքին ուղարկված` ոստիկանության պաշտոնյայի բողոքից հետո կայքի վարչակազմը ժամանակավորապես արգելափակել էր նշված տեսանյութը, սակայն որոշ ժամանակ հետո այն կրկին հասանելի էր: Համաձայն հայցադիմումի՝ տեսանյութում հնչեցված՝ քողարկված արտահայտությունները, ըստ էության, կրում են խուլիգանական բնույթ, և պատասխանողն ի սկզբանե նպատակ է հետապնդել արատավորելու ոստիկանության ծառայողների պատիվն ու արժանապատվությունը:
Ոստիկանությունը պահանջել է պարտավորեցնել պատասխանողին՝ հրապարակայնորեն ներողություն խնդրել ոստիկանությունից, ինչպես նաև` ոստիկանության ծառայողներ Արթուր Մադաթյանից և Սերգեյ Զաքարյանից և նրանցից յուրաքանչյուրին վճարել փոխհատուցում՝ նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով:
Հաղորդավարի դեմ հայց են ներկայացրել ոստիկանության իրավաբանական վարչության պետ Հովհանես Քոչարյանը, ոստիկանության ծառայողներ Ս. Զաքարյանը և Ա. Մադաթյանը:
Հիշեցնենք, որ Հովհաննես Քոչարյանը նախկինում զբաղեցնում էր ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի պաշտոնը, իսկ վերջին տարիներին զբաղվում էր փաստաբանական գործունեությամբ: Նա ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետի պաշտոնին է նշանակվել բոլորովին վերջերս՝ 2015 թ. մայիսի 13-ին:
Ի դեպ, Քոչարյանն ընդամենը ամիսներ առաջ զբաղվում էր 2013-ի նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած անկարգությունների գործով մեղադրյալներից 4-ի ՝ Վահե Մկրտչյանի, Ալբերտ Մարգարյանի, Միսակ Առաքելյանի և Լիպարիտ Պետրոսյանի պաշտպանությամբ:
Հիշեցնենք, որ հիշյալ անձանցից երկուսը՝ Ա. Մարգարյանն ու Լ. Պետրոսյանը մեղադրվում էին խուլիգանություն կատարելու համար՝ զուգորդված իշխանության ներկայացուցչի, մասնավորապես` ոստիկանության ծառայողի նկատմամբ դիմադրություն ցույց տալով: Իսկ Վահե Մկրտչյանին, բացի հիշյալ հանցանքից, վերագրվել էր նաև ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելը, ինչի արդյունքում նրա նկատմամբ սահմանվել էր այս գործով ամենախիստ պատժաչափը՝ 7 տարի ժամկետով ազատազրկումը: Հովհաննես Քոչարյանն այս գործով մյուս ամբաստանյալների պաշտպաների հետ դիմել էր մինչև Վճռաբեկ դատարան, որն, ինչպես գիտենք, հրաժարվել էր բողոքը վարույթ ընդունել: Հովհաննես Քոչարյանն այս գործի քննության ընթացքում մշտապես աչքի է ընկել իր ակտիվությամբ: Նա իր պաշտպանական ճառում հիմնավորել էր, որ ոստիկանության գործողություններն են պատճառ հանդիսացել, որ նախատեսված խաղաղ երթը վերածվել է ոստիկանության եւ քաղաքացիների միջեւ բախման:
«Իմ պաշտպանյալների նկատմամբ քրեական օրենսգրքի խուլիգանության հոդվածով դատաստան տեսնելը ոչ միայն անօրինական է, այլեւ անբարոյական… Եթե սպասվելիք դատական ակտը լեգիտիմացրեց խուլիգանության հոդվածի կիրառումը քաղաքական իրավիճակից օգտվող անձանց նկատմամբ, ապա կունենանք մի այլասերված պրակտիկա, որին կնախանձեին անգամ խորհրդային տոտալիտար ռեժիմի երախտավորները»,- իր պաշտպանական ճառում հայտարարել էր ոստիկանության նախկին պաշտոնյան:
Հետաքրքիր է` արդյո՞ք ռեժիմի դեմ պայքարողների պաշտպանը նույն եռանդով ու ջանասիրությամբ կպաշտպանի ոստիկանների պատիվն ու արժանապատվությունը և կկարողանա գոնե հաջողության հասնել քաղաքացիա-իրավակական դաշտում: Պարոն Քոչարյանի կողմից նման բոցաշունչ ելույթների սպասում ենք նաև «SOS Գ/7»-ի դեմ գործով: