կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-03 17:26
Քաղաքական

Բրազիլական սերիալ Ցեղասպանության մասին

Բրազիլական սերիալ Ցեղասպանության մասին

Առաջին անգամ այդ մասին խոսեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Հետո, իհարկե, խոսեց նաեւ ՀՀ ԱԳՆ-ն, բայց այստեղ կարեւոր բառ է` «հետո»-ն: Երկու պետական կառույցներն էլ չմոռացան շնորհակալություն հայտնել` «վեհ գործում ներդրած ավանդի համար», ինչին էլ հաջորդեց շնորհակալությունների մի ամբողջ շքերթ` արդեն սոցիալական կայքերում…

Բրազիլիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Իրականությունը սակայն այլ էր. մերոնք փոքր-ինչ շտապել էին: Բրազիլիան ոչ թե փոշմանել է, այլ ուղղակի դեռ չի ճանաչել: Դե, բրազիլական խորհրդարանում` Սենատում, քննարկել են հարցը, մի շարք բրազիլացի պատգամավորներ ելույթներ են ունեցել, ինչպես ասում են` հայամետ կամ մարդասիրական, հետո բրազիլացի 81 սենատորներից 47-ը ստորագրել են մի փաստաթղթի տակ, որը ոչ թե ճանաչում է Ցեղասպանությունը, այլ այն ճանաչելու հարցը մտցնում է Սենատի օրակարգ, ավելի ուշ էլ 55 սենատոր կողմ է արտահայտվել, որպեսզի Սենատն ընդունի ցավակցական փաստաթուղթ: Հետո` գոնե մինչեւ այս պահը, Բրազիլիան Ցեղասպանությունը ճանաչելու մասին որեւէ փաստաթուղթ չի ընդունել, հարցն անգամ դեռ քվեարկության չի դրվել: Սա նշանակում է, որ Հայաստանի դիվանագիտական խողովակները լավ չեն աշխատում: Օրինակ` կոնկրետ Բրազիլիայում մենք ունենք ոչ միայն համայնք, ոչ միայն Հայ դատի գրասենյակ, այլեւ, ուշադրություն, դեսպանատուն, հետեւաբար` դեսպան: Մինչդեռ «Բրազիլիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը» տեղեկատվությունը ո\'չ ՀՀ նախագահի աշխատակազմը, ո\'չ ՀՀ ԱԳՆ-ն կարիք չեն տեսել ճշտելու կա\'մ բրազիլահայերից, կա\'մ Բրազիլիայի Հայ դատի գրասենյակից, կա\'մ էլ 2014-ի հունվարի 25-ից Բրազիլիայում ՀՀ դեսպան նշանակված Աշոտ Գալոյանից:

Դեսպանի պարագայում, անկեղծ ասած, վստահ չենք, բայց վստահ ենք, որ Հայ դատի գրասենյակը, առավել եւս` բրազիլահայերը հաստատ տեղյակ կլինեին, թե ինչ է իրականում տեղի ունեցել Բրազիլիայում:

Ի դեպ, այսօր ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանը ոչ միայն չի հերքել իր իսկ ղեկավարած գերատեսչության` ավելի վաղ տարածած տեղեկատվությունը ճանաչման մասին, այլեւ վերահաստատել է, որ «այո, բրազիլական Սենատի կողմից ճանաչում եղել է»: Ո՞վ է նման բաներ հաղորդում ՀՀ ԱԳՆ-ին, եւ, որը պակաս կարեւոր չէ, քանի՞ դեսպան ունենք, որ նման բաներ են հաղորդում ՀՀ ԱԳՆ-ին:

Ինչ վերաբերում է հայկական կողմի խմբակային շնորհակալությանը, ապա ասենք, որ պետք չէ մտահոգվել դրա անիմաստ լինելու համար: Հայաստանը հանգիստ կարող է հայտարարել, որ, այո, ինքը շնորհակալություն է հայտնել Բրազիլիային, բայց ոչ թե Ցեղասպանության ճանաչման, այլ… միջազգային ֆուտբոլում այդ երկրի ունեցած մեծ ներդրման համար, ինչը նույնպես վեհ գործ է:

Հովիկ Աֆյան