Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնն անցկացրել է Հայաստանում ԶԼՄ-ների մասին հանրային կարծիքի ուսումնասիրություն:
Ուսումնասիրության նպատակը պարզելն է, թե մարդիկ որ լրատվամիջոցներն են նախընտրում, որքանով են վստահում դրանց, ինչ պատկերացումներ ունեն լրատվամիջոցների ազատության եւ գրաքննության մասին եւ այլն:
Հետազոտությունն իրականացվել է հանրապետության բոլոր մարզերի 1400 տնային տնտեսություններում` 90 հարց պարունակող հարցաթերթիկով: Գործել են նաեւ 8 ֆոկուս խմբեր, եւ հարցումներ են անցկացվել 33` ԶԼՄ ոլորտում աշխատող անձանց հետ:
Հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ ամբողջ բնակչությունն ունի հեռուստացույց նայելու հնարավորություն, սակայն ընդամենը 76 տոկոսն է ամեն օր նայում հեռուստացույց, իսկ 23 տոկոսը հետեւում է ե'ւ հեռուստա-, ե'ւ ռադիոհաղորդումներին:
Փորձը ցույց է տվել, որ ինչքան շատ են հեռուստացույց դիտում, այնքան ծանր է մարդկանց սոցիալական վիճակը, եւ բնակչությունը հեռուստացույց նայում է օրական 4 ժամ /միջինը/, իսկ ամենաշատը հեռուստացույց դիտում են Գեղարքունիքում, Կոտայքում, Արագածոտնում:
Ամենից հասանելի հեռուստաալիքն է Հ1-ը, որը հասանելի է բնակչության շուրջ 92 տոկոսին, սակայն նրանց միայն 47 տոկոսն է ամենօրյա ռեժիմով այն նայում:
Բնակչության 2/3-ը դիտում է ռուսական հեռուստաալիքներ, իսկ, ընդհանրապես, հեռուստաընկերություններին լիովին վստահում է բնակչության 10 տոկոսը:
Առավել շատ դիտվող հաղորդումներն են` լուրեր` մեկնաբանություններով, գեղարվեստական ֆիլմեր, երաժշտություն, սերիալներ:
Իսկ ահա ռադիոյով ամենից շատ լսում են երաժշտություն, հետո նոր լուրեր:
Թերթ կարդում է բնակչության 1/3-ը, որից 76 տոկոսը` տպագիր, 7 տոկոսը` առցանց եւ 16 տոկոսը` ե'ւ առցանց, ե'ւ տպագիր տարբերակներով:
«Ի՞նչ կուզեիք կարդալ» հարցին հարցման մասնակիցները պատասխանել են, թե նախ քաղաքական նյութեր, հետո լուրեր հայտնի մարդկանց մասին եւ արվեստի մասին հետաքրքիր տեղեկություններ:
Ինչպե՞ս են թերթ կարդում մեր համաքաղաքացիները. պարզվում է` մեկը գնում է, իսկ կարդում է ողջ «պադյեզդը»...
Բնակչության ընդամենը 13 տոկոսն է կարծում, որ թերթերը լիովին օբյեկտիվ են լուսաբանում տեղեկությունները, իսկ ոչ օբյեկտիվ լուսաբանման պատճառ են համարում այս կամ այն քաղաքական ուժի հետ կապը:
Հարցվածները կարծում են, որ ավելի օբյեկտիվ եւ անկախ են սոցիալական կայքերը, բայց նշենք, որ բնակչության 43,8 տոկոսի համար դրանք հասանելի չեն:
Թե որքանո՞վ է ԶԼՄ-ի սեփականատիրոջ ազդեցությունը կրում տվյալ ԶԼՄ-ն, բնակչության 88 տոկոսը կարծում է, որ վճռորոշ է նրա ազդեցությունը:
Ֆոկուս խմբերի կարծիքով` ժամանցային հաղորդումները պետք է լինեն կրթական, իսկ, ընդհանրապես, անտեսված է գյուղական կյանքի թեման:
Ի դեպ, հարցվածներից մեկի կարծիքով` պետք է «Վարդանանքը» մատուցվի սերիալի տեսքով, քանի որ նման լուրջ թեմայով ֆիլմեր այժմ չեն նայում:
Բնակչության ամեն երրորդ տնային տնտեսություն ունի համակարգիչ, սակայն միայն յուրաքանչյուր հինգերորդ տունն ունի ինտերնետի հնարավորություն:
Ի տարբերություն հեռուստատեսության 4 ժամի` ինտերնետից օգտվում են միջինը օրական 3 ժամ: Բնակչության 65 տոկոսն այցելում է սոցիալական կայքեր /ամենից շատ Facebook/, 48 տոկոսը որոնողական աշխատանքներ է կատարում, եւ միայն 25 տոկոսին է աշխատանքի համար անհրաժեշտ ինտերնետը: