ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը կոչ է արել Միացյալ Նահանգների նորընտիր Կոնգրեսին՝ մեծացնել Հայաստանին տրամադրվող տնտեսական օգնության չափը, ինչպես նաեւ ընդլայնել այն ծրագրերը, որոնք նպաստում են հայ-ամերիկյան երկկողմ արեւտրի եւ ներդրումների զարգացմանը:
Հայ Դատի գրասենյակի հաղորդմամբ՝ ամերիկացի օրենսդիրներին ուղարկված նամակներում մեջբերվել են հետեւյալ փաստարկները.
1. Համաշխարհային բանկի Doing Business 2013թ.-ի զեկույցում Հայաստանը զբաղեցրել է 32-րդ հորիզոնականը բիզնեսի համար առավել նպաստավոր երկրների շարքում, 11-րդ հորիզոնականում բիզնես հիմնելու, 4-րդ հորիզոնականում՝ սեփականության գրանցման առումով:
2. The Wall Street Journal-ի եւ Heritage Foundation-ի համատեղ պատրաստած զեկույցում Հայաստանը 38-րդ հորիզոնականում է, իսկ 43 եվրոպական երկրների շարքում՝ 17-րդը՝ իր հետեւում թողնելով Բելգիային, Ֆրանսիային եւ Իսպանիային:
3. Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից 2012թ. հրապարակված «Համաշխարհային առեւտրի խթանման մասին» զեկույցում Հայաստանը շուկայի հասանելիության առումով զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը, իսկ 132 երկրների շարքում հայտնվել է 59-րդ հորիզոնականում, իսկ շուկայի հասանելիության առումով 13-րդ հորիզոնականում:
4. Price Waterhouse Cooper-ն իր վերջին Doing Business զեկույցում նշվել է, որ Հայաստանում խրախուսվում են օտարերկրյա առեւտուրը եւ ներդրումները, եւ որ այստեղ համեմատաբար հեշտ է գործարարությամբ զբաղվել:
5. Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի 2013 թվականի զեկույցում նշվում է, որ Հայաստանը 97-րդն է տոկոսային ցուցիչով (percentile-այսինքն` 100 երկրների համակարգում Հայաստանից ներքև առկա են 97 երկիր, և' բարենպաստ առևտրային քաղաքականության, և' բիզնես հիմնելու առումով), ինչպես նաև 91-րդը (հաշվարկված նույն ցուցիչով)` կարգավորման որակի հետ կապված:
6. Freedom House-ն իր 2013թ.-ի «Ազատությունը աշխարհում» զեկույցում Հայաստանը հայտնվել է 5-րդ հորիզոնականում՝ քաղաքական իրավունքների ազատության համար:
ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբն ընդգծել է, որ Հայաստանը Միացյալ Նահանգների համար անվտանգության հուսալի դաշնակից է, որն իր զորքերն ուղարկել է Իրաք` ԱՄՆ-ին աջակցելու, Աֆղանստան` ՆԱՏՕ-ի գործողություններին աջակցելու եւ Կոսովո` միջազգային խաղաղապահ գործընթացին մասնակցելու համար:
Կոնգրեսականներին հղված նամակում նշվում է նաեւ, որ անցած 2 տասնամյակների ընթացքում 2 երկրների միջեւ ձեւավորված հարաբերություններն ունեն կայուն հիմք, որն իր հերթին հիմնված է բարեկամության վրա: ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող օգնությունն իր գագաթնակետին է հասել 2003թ.՝ կազմելով 174 մլն դոլար, ինչից հետո այդ ցուցանիշը կայուն անկում է գրանցել: Դա պայմանավորված է եղել թե՛ եկող վարչակարգերի քաղաքականությամբ, թե՛ կրճատումներ պահանջող Կոնգրեսի ճնշման հանգամանքով: Օբամայի վարչակարգը, անկախ նախագահի նախընտրական խոստումից, փորձում է նոր կրճատումներ մտցնել Հայաստանին տրամադրվող օգնության ծրագրում: Արդյունքում՝ Հայաստանին տրամադրվելիք տնտեսական եւ ռազմական օգնության չափը կազմել է 45 մլն դոլարից էլ պակաս: Այժմ ANCA-ն խնդրում է այդ թիվն առնվազն 50 մլն դոլարի հասցնել: