կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-10 15:22
Քաղաքական

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը դիմել է երկրի կառավարությանը, որպեսզի շարունակվի օգնությունը Արցախին և Հայաստանին

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը դիմել է երկրի կառավարությանը, որպեսզի շարունակվի օգնությունը Արցախին և Հայաստանին

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը դիմել է Սենատի՝ օտարերկրյա գործողությունների հարցերով հանձնաժողովի հատկացումների ենթահանձնաժողովին՝ կոչ անելով ընդլայնել Վաշինգտոնի կողմից Հայաստանին և Արցախին տրամադրվող օգնության չափը. այս մասին հայտնում է Asbarez-ը՝ մանրամասնելով, որ տվյալ ազդեցիկ Ենթահանձնաժողովը կազմում է 2021թ. ֆիսկալային տարվա օտարերկրյա օգնության վերաբերյալ օրինագծի իր տարբերակը:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կառավարական հարցերով տնօրեն Թերեզա Երիմյանը, դիմելով Ենթահանձնաժողովին, ընդգծել է այն կարևոր դերակատարումը, որը Միացյալ Նահանգները կարող է ունենալ Հայաստանում կորոնավիրուսային համավարակի հետևանքների վերացման հարցում:

«Մենք Ենթահանձնաժողովի անդամներին խնդրում ենք Վարչակազմին խրախուսել Հայաստանին տրամադրվելիք օգնության փաթեթում առնվազն քսանհինգ միլիոն դոլար ներառել և այդպիսով օգնել կառավարությանը հաղթահարել կորոնավիրուսային ճգնաժամի առաջացրած երկարաժամկետ տնտեսական հետևանքները»,-նշել է Երիմյանը՝ հիշեցնելով Հայաստանում կորոնավիրուսի տարածման ահագնացող տեմպերի մասին:

Երիմյանն իր խոսքում ընդգծել է նաև ԱՄՆ-ի կողմից Արցախում «Հալո Թրաստ» (Halo Trust) կազմակերպության ականազերծման աշխատանքների ֆինանսավորման կարևորությունը:

«ԱՄՆ-ի՝ Արցախին օգնության ծրագիրը շատ փոքր ծախս է, սակայն դա ԱՄՆ-ի կողմից ահռելի ներդրում է խաղաղության հարցում»,-ընդգծել է Երիմյանը:

Բացի այդ, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ-ից Հայաստանի համար 90 մլն դոլար օգնություն է խնդրել՝ զուգահեռ մտահոգություն հայտնելով Ադրբեջանին որպես ռազմական օգնություն անհամեմատ ավելի մեծ գումար հատկացնելու առնչությամբ: Խոսքը Բաքվին հարյուր միլիոն դոլարանոց օգնության փաթեթի մասին է: Ըստ Երիմյանի՝ Վաշինգտոնը կամ պետք է դադարեցնի Բաքվին ռազմական օգնության տրամադրումը, կամ էլ պետք է հավասարեցնի Հայաստան և Ադրբեջան ուղարկվող յուրաքանչյուրը դոլարը: