Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ-ի օրենսդիրներին կոչ է անում քննարկվող տարեվերջյան ծախսերի փաթեթում ընդգրկել Արցախին 50 միլիոն դոլարի օգնության փաթեթը: Այս մասին հայտնում է Հայ դատի հանձնախումբը:
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսին հասցեագրված նամակում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը ամերիկահայ համայնքի և կոալիցիոն գործընկերների անունից շնորհակալություն է հայտնել նրան Կովկասում ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ վերջին լսումների համար:
Լսումների ընթացքում Բոբ Մենենդեսն անընդունելի էր անվանել Վաշինգտոնի ռազմական աջակցությունն Ադրբեջանին և արցախահայերին օգնություն չուղարկելը:
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մենենդեսին ուղղված նամակում նաև նշվում է հետևյալը. «Ինչպես ցավալիորեն երևաց Ձեր լսումների ժամանակ, ԱՄՆ-ի ներկայիս ներգրավվածությունը տարածաշրջանում ղեկավարվում է նավթով հարուստ Ադրբեջանի կողմից՝ կոռումպացված բռնապետություն, որին Բայդենի վարչակազմը թույլ է տվել թելադրել ԱՄՆ-ի քաղաքականությունը»։
Կոնգրեսի հայկական հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փալոնին հղած նամակում Համբարյանը շեշտել է. «Ինչպես գիտեք, Բայդենի վարչակազմը, ինչպես և նախկինում Թրամփի վարչակազմն Ադրբեջանի ճնշման տակ Արցախին ԱՄՆ մարդասիրական օգնությունն արգելափակելու անխոհեմ և անպատասխանատու քաղաքականություն են վարել՝ չնայած այնտեղ դրա լուրջ կարիքին, ինչպես նաև երկու կուսակցությունների լայն աջակցությանը, որն այս օգնության ծրագիրը վայելում է Կոնգրեսի երկու պալատներում։ Արցախին ԱՄՆ-ի օգնության դեմ Ադրբեջանի վետոյի վերացումը Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի և մեր համայնքի և կոալիցիոն գործընկերների համար օրենսդրական գերակայություն է»:
Սեպտեմբերին կոնգրեսական Փալոնը և Նևադայի կոնգրեսական Դինա Տիտուսը Կոնգրեսի ավելի քան 45 անդամների աջակցությամբ դիմել էին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ադմինիստրատոր Սամանթա Փաուերին` կոչ անելով «անհապաղ քայլեր ձեռնարկել՝ հատկացնելով զգալի ռեսուրսներ» վտանգի տակ գտնվող Արցախի հայ բնակչությանն աջակցելու համար: