կարևոր
1963 դիտում, 5 ժամ առաջ - 2025-04-29 18:15
Քաղաքական

Չկա ավելի արդար բան, քան երբ փոսն է ընկնում փոս փորողը. Ռուբեն Մելիքյան

Չկա ավելի արդար բան, քան երբ փոսն է ընկնում փոս փորողը. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրել է.

«Հայկ Սանոյան անունով մեկը կա։ 2022-2024 թվականներին արդարադատության նախարարությունում էն վարչության պետն էր, որը դատավորներին գործից հանելու միջնորդություններ էր մշակում կարենանդրեասյանական ԲԴԽ ուղարկելու համար։ Շատերին՝ ակնհայտ քաղաքական պատճառներով։ Նույնիսկ ՄԻԵԴ որոշում կա, որը արձանագրում է դատավորի ազատման ոչ իրավաչափ լինելը։

Ու այդ քաղաքական գործընթացին «իրավական փաթեթավորում» էր տալիս նշված Սանոյանը՝ որպես վարչության պետ։ Այլ կերպ ասած՝ հլու-հնազանդ ծառայում էր ռեժիմին։ Ու դրա համար «պարգևատրվում է» նույն նախարարության ինչ-որ կրթական կառույցի ղեկավարի պաշտոնով։ Թե նշված անձը ինչ կապ ունի կրթության հետ՝ չգիտեմ։

Ու ինչ է տեղի ունենում այսօ՞ր։ Այսօր նոր նախարար Սրբուհի Գալյանը սրան բռնում-գործից ազատում է։ Սա էլ՝ մե շուխուր, մե լաց ու կոծ։ Թե բա՝ ապօրինի են ինձ ազատել գործից։ Թե բա՝ պայքարելու եմ մինչև վերջ (սքրինը՝ մեկնաբանությունում):

Ես իրականում չգիտեմ, թե սրան գործից ազատելու մասին Սրբուհու հրամանը օրինական է, թե ոչ, բայց որ 100% արդար է՝ դա գիտեմ հաստատ։

Ու մի բան էլ հավելեմ։ Մեեծ հույս ունեմ, որ որևէ ընդդիմադիր լրատվամիջոց էս տղայի «պայքարը» չի ներկայացնի դրական լույսի ներքո։ Ո՛չ, նա հաստատ հայկական Չե Գեվարան չի։

ՀԳ. Չկա ավելի արդար բան, քան երբ փոսն է ընկնում փոս փորողը։ Հուսով եմ՝ շատերը դաս կքաղեն։ Ա՛յ իրական կրթությունը սա՛ է։

ՀԳ-2. Արտուշ Գաբրիելյանի թեման էլ որ գումարենք՝ ապրիլի 29-ը կարող ենք հռչակալ «փոս փորողների հանդեպ տիեզերական արդարության օր»։