կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-26 11:09
Հասարակություն

2014 թ. նախագահի աշխատակազմը ստացել է 6988 դիմում-բողոք, ընդունել 7340 քաղաքացու

2014 թ. նախագահի աշխատակազմը ստացել է 6988 դիմում-բողոք, ընդունել 7340 քաղաքացու

Այսօր ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ԱԺ մշտական հանձնաժողովներում ներայացնում էր 2014թ. բյուջեի կատարումը: Նա նախ նշեց, որ նախագահի աշխատակազմի կարևոր ուղղությունն է եղել իրավական ակտերի պատրաստումը:

 

«Մեծածավալ և պատասխանատու աշխատանք է պահանջում նախագահի այցերի, արտերկրից ժամանած նախագահների, բարձրասիճան պետական պաշտոնյաների ընդունելությունների նախապատրաստումը: 2014թ. նախագահը կատարել է 22 պետական պաշտոնական և աշխատանքային այց արտերկիր, հյուրընկալել է Վրաստանի, Ֆրանսիայի, Հունաստանի, Սերբիայի, Շվեյցարիայի, նախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահին»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

 

Կազմակերպվել են այցեր դեպի Հայաստանի մարզեր, մասնավորապես` նախագահն այցելել է բոլոր մարզերը, մասնակցել տարբեր միջոցառումների: Նախագահի վերահսողական ծառայությունը կատարել է տարբեր ուսումնասիրություններ, նախապատրաստել առաջարկություններ: Նախագահի աշխատակազմի քաղաքացիների դիմումների, բողոքների բաժինը ստացել է 6988 դիմում-բողոք, ընդունել 7340 քաղաքացու:

 

Նախագահի պաշտոնական կայքում 2014թ. տեղադրվել է 937 նյութ, կայքի այցելությունների թիվը կազմել է 1 միլիոն 873 հազար:

 

Շարունակվել է նախագահի նստավայր այցելությունների ծրագիրը, որի նպատակն է եղել այցելուներին ներկայացնել նախագահի նստավայրի ինստիտուտի գործունեությունը: Այցելել են բազմաթիվ դպրոցականներ, սահմանամերձ համայնքների դպրոցականներ, սիրիահայ երեխաներ, զոհված ազատամարտիկների երեխաներ ու թոռնիկներ, սահմանափակ կարողություններով երեխաներ, բարձր առաջադիմությամբ դպրոցականներ:

 

2014թ. նախագահի կողմից ՀՀ շքանշաններով և մեդալներով պարգևատրվել է 573 անձ, նախագահի մրցանակներ են շնորհվել 15 անձի, պատվավոր կոչումներ` 98 անձի: ՀՀ քաղաքացիություն է ստացել 13 266 անձ, որոնցից 3 613-ը` սիրիահայեր, քաղաքացիությունից հրաժարվել է 2200 անձ: