կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-26 10:41
Հասարակություն

Եզոպոսի պատմությունն է` կքայլենք, կերևա. Դավիթ Հարությունյան

Եզոպոսի պատմությունն է` կքայլենք, կերևա. Դավիթ Հարությունյան

Այսօր լրագրողները կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեցին սահմանադրական բարեփոխումների մասին, մասնավորապես` հնարավո՞ր է, որ սահմանադրական բարեփոխումներից հետո երկրի անվտանգության երաշխավորի պարտականությունները ստանձնի ԱԺ նախագահը: Դավիթ Հարությունյանը նշեց, որ անվտանգության երաշխավորի հարցը դեռ քննարկման փուլում է:

 

Հարցին, թե հնարավո՞ր է, որ անվտանգության երաշխավորի պարտականությունները ստանձնի վարչապետը, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Վարչապետը կարող է, բայց այստեղ էլ կարող են լինել տարբեր մոդելներ»:

 

Նա նշեց, որ հանձնաժողովն աշխատում է կառավարման խորհրդարանական մոդելի վրա: «Ասել, որ վերջնականապես փարատված են բոլոր հույսերը, կարծում եմ` ճիշտ չի լինի: Այնուամենայնիվ, մենք ունենք հիմնական մոդել, որի մասին միշտ խոսել ենք, դա խորհրդարանական մոդելն է, սակայն ամենակարևոր հարցն այն է, թե կհաջողվի՞, արդյոք, պատշաճ հակակշիռները, զսպումները ապահովել, ապահովել որոշումների կայացման հրատապությունը, օպերատիվությունը»,- ասաց Հարությունյանը:

 

Ինչ վերաբերում է քաղաքական կոնսոլիդացիային, նա նշեց, որ ինքը վստահ է, որ ոչ բոլորը կպաշտպանեն կառավարման խորհրդարանական մոդելը: «Բազմակարծությունը հասարակությունում հենց դրա համար է, որ ոչ բոլորը պաշտպանեն, իսկ այն, որ հիմա բոլորի հետ փորձում ենք աշխատել, դա էլ է փաստ»,- ասաց Հարությունյանը և հավելեց, որ շուտով կսկսեն քաղաքական ուժերի հետ հանդիպումները:

 

Հարցին, թե ե՞րբ հարցը կդրվի հանրաքվեի, Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ դեռևս չի կարող ասել: «Չէի ցանկանա նախապես ինչ-որ բան ասել, աշխատանքը ցույց կտա, Եզոպոսի պատմությունն է` կքայլենք, կերևա»,- եզրափակեց նա: