կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-21 11:54
Հասարակություն

Սուրիկ Խաչատրյանի «սովորական» մեքենան զրահապատ չէր

Սուրիկ Խաչատրյանի «սովորական» մեքենան զրահապատ չէր

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի «Lexus» մակնիշի ավտոմեքենան, որի վրա երեկ կրակոցներ են արձակվել, զրահապատ չէ, նաև ԿԱՍԿՈ տեսակով ապահովագրված չէ: Այս մասին yerkir.am-ին հայտնեց Սուրիկ Խաչատրյանի օգնականը՝ Զարզանդ Նիկողոսյանը:

 

«Սովորական մեքենա էր, 22-23 փամփուշտ են հանել, 22 տեղից ծակած ա եղել, 5-ը՝ դիմացի ապակու վրա»,- հավելեց նա:

 

Նշենք, որ ԿԱՍԿՈ ապահովագրատեսակի դեպքում ապահովագրական ընկերությունն է փոխհատուցում մեքենայի վնասը: Իսկ այս դեպքում Սյունիքի մարզպետը ստիպված է լինելու անձամբ վնասը վերականգնել, կամ էլ՝ պետության հաշվին:

 

Հիշեցնենք որ երեկ` ժամը 18։15-ի սահմաններում, Կապան-Գորիս ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում հրազենային կրակահերթ է արձակվել «Լեքսուս LX 570» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ այդ պահին գտնվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։ Նախնական տվյալներով՝ ավտոմեքենայի մեջ եղել է ևս երկու հոգի՝ վարորդը և մարզպետի օգնականը: Տուժածներ չկան։

 

Դեպքի առթիվ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։