կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-18 15:39
Հասարակություն

Պատգամավորների խոսափողները խանգարում էին Գալուստ Սահակյանին

Պատգամավորների խոսափողները խանգարում էին Գալուստ Սահակյանին

Այսօր ԱԺ հերթական քառօրյայում ընդդիմադիր պատգամավորների բարձրացրած միակ հարցը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցն էր:

 

Սկզբում ԲՀԿ խմբակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը, հետո` նաև Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը վարման կարգով ելույթներ ունեցան, որոնց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ այդ հարցով խորհրդարանական լսումներ կանցկացվեն:

 

Մինչ այդ` ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը հիշեցրեց պատգամավորներին, որ վարման կարգով պետք է խոսեն օրակարգի վերաբերյալ միայն:

 

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը դարձյալ վարման կարգով խոսեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին: «Լսումները` լսումներ, բայց մենք կարծում ենք, որ այդ հարցը պետք է քննարկվի ԱԺ լիագումար նիստում»,- ասաց նա:

 

Գալուստ Սահակյանը ընդհատեց նրան` հիշեցնելով, որ շեղվում է օրակարգից:

 

«Բայց ես բան եմ ասում, խոսքը գնում է ամբողջ հայ ժողովրդին հուզող ամենակարևոր հարցերից մեկի մասին: ՀԷՑ-ի գողության պատճառով ուզում են բարձացնել սակագինը: Հենց այդ պատճառով մենք ձևաթուղթ ենք վերցրել արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ»,- ասաց Զուրաբյանը, սակայն Գալուստ Սահակյանը անջատել տվեց նրա խոսափողը:

 

Գալուստ Սահակյանը անջատել տվեց նաև Զարուհի Փոստանջյանի, Հեղինե Բիշարյանի, «Ժառանգության» պատագամավոր Ռուբիկ Հակոբյանի խոսափողները, քանի որ նրանք էլ խոսում էին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման թեմայով: Ռուբիկ Հակոբյանը վրդովվեց դրանից, իսկ Գալուստ Սահակյանը նրան դահլիճից դուրս հրավիրեց:

 

Լևոն Զուրաբյանը խնդրեց Գալուստ Սահակյանին` իր գործողություններով չլարել իրավիճակը: ԱԺ նախագահը անջատեց նաեւ նրա խոսափողը:

 

Նիկոլ Փաշինյանը արձագանքեց. «Դուք բռնում եք` աջ ու ձախ անջատում բոլորի խոսափողները: Մարդիկ էլ օրակարգում ուրիշ հարց են պատկերացնում: Միանգամից հանեք էս խոսափողները, եթե սա է ձեր նպատակը: Եթե էներգետիկ համակարգը սնանկանում է, բա էդ համակարգի ղեկավարները ո՞նց են մեծահարուստներ դառնում, ուրեմն` եզրակացություն, որ էդ փողը մարդկանց գրպաններից են ուզում հանել»:

 

«Մի առիթով ես էլ եմ ասել, որ խոսափողները խանգարում են մեզ, հեռուստաեթերն էլ է խանգարում մեզ. մարդիկ սկսում են կուրծք ծեծել, թե ժողովրդի իրավունքների պաշտպանն են»,- ասաց Գալուստ Սահակյանը: