Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բաց նամակ` Նիկոլ Փաշինյանին
Բարեւ, Նիկոլ:
Միանգամից ասեմ` չէի հավատում, որ դու կամ որեւէ մեկը կարող էր հասարակության մեջ տիրող համատարած ընկճվածության պայմաններում անել այն, ինչ դու կարողացար անել: Նույնպես չեմ կարծում, որ որեւէ մեկը կհավատար դրան: Կեցցե´ս, դու հաղթեցիր: Համընդհանուր արժանապատվության ինքնագիտակցում եւ ժպտացող դեմքեր կան այսօր ամենուր` փողոցում, տանը, սրճարաններում, ինչը տեւական ժամանակ բացակայում էր մեզանում: Համաձայն եմ քեզ հետ` հանրապետությունում տիրող համակարգային կոռուպցիայի, անօրինականությունների հիմքում կեղծված ընտրությունների միջոցով իշխանությանն տեր դառնալն է:
Ցավոք, հենց սկզբից չենք կարողացել պատժել կեղծարարներին, որպեսզի ընտրակեղծարարությամբ իշխանությանը տիրանալը չդառնար ավանդույթ:
Կարծում եմ հիշում ես` 96-ի կեղծված ընտրություններից հետո հրապարակում պայքարող մի խումբ ընդդիմադիր պատգամավորներիս ինչպես ԱԺ-ն զրկեց անձեռնմխելիությունից եւ մահապատժի հոդվածներով ձեռբակալեց: Ձեր բախտը այս առումով բերել է: Եվ` փառք Աստծո… Դու կարողացար ավարտին հասցնել այդ պայքարը:
Հիմա` ըստ էության:
Ինձ թվում է երիտասարդական ավյունդ ու հրապարակի համատարած էյֆորիան այս պահին քեզ ինչ որ առումով խանգարում է առաջնահերթությունները ճիշտ դասակարգելու հարցում: Իսկապես, համաժողովրդական այս շարժման արդյունքում գլխավոր նվաճումը պետք է լինի արդար արտահերթ ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորելը: Եվ դրա համար այս պահին ունենք ռեալ հնարավորություն: Ի՞նչն է խանգարում, որ բանակցային սեղանի շուրջ, առանց վերջնագրերի, մշակել հստակ մեխանիզմներ եւ գալ համաձայնության` Սահմանադրության համաձայն ամենակարճ` երկու ամիս հետո կազմակերպել արտահերթ ընտրություններ: Կարծում եմ` դուք բանակցությունների ժամանակ կարող եք հասնել նրան, որ բացառիկ եւ հիմնավոր պայմաններ ստեղծվեն ազատ եւ արդար ընտրությունների կազմակերպելու համար:
Պ. Ղազարյանի հետ հարցազրույցում անհամոզիչ էր փաստարկներդ, թե միայն քո ժամանակավոր վարչապետ դառնալու դեպքում է դա հնարավոր: Առայժմ չի եղել որեւէ բանակցություն, եղել է ընդամենը քո կողմից վերջնագիր`կապիտուլյացիայի պայմաններով: Հավատա, չեմ կարծում, որ քո` այս պահին վարչապետ դառնալը, ինչին դու անթաքույց ձգտում ես, միակ ճժգրիտ եւ անփոխարինելի տարբերակն է: Հիշիր` անփոխարինելիության զգացումը երբեմն կործանարար է դառնում: Հրապարակն ամբողջությամբ քո խոսքն է լսում, եւ դու երեւի կարող ես հասնել դրան: Բայց դա՞ է այս պահին գլխավորը: Չեմ կարծում: Դու Պետրոսին ասում ես, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու ԱԺ-ում քո նախաձեռնությունը ժամանակի քաղաքական կոնյուկտուրան էր պահանջում, իշխանություն ունենալու դեպքում այլ մոտեցում է լինելու. Պետրոսն, հակառակ իր սովորության , «չփորփրեց»…Իսկ մյուս դեպքերու՞մ: Կամ ո՞րն է քո քաղաքական պլատֆորմը եւ, ընդհանրապես, ինչպիսի ծրագիր է իրականացնելու ձեր իշխանությունը:
Հիշում ե՞ս` 13 թվին նախագահական ընտրություններից հետո Րաֆֆիից պահանջում էիր անհապաղ հրապարակել ստվերային կառավարության կազմը, որ մարդիկ տեսնեն, թե ովքեր են վաղը լինելու ձեր կառավարությունում,որ վստահեն ձեզ: Այսօր կամ վաղը կարող ես դառնալ իշխանություն. ո՞րն է քո ստվերային կաբինետը…Հրապարակով պարտադրում ես ԱԺ-ին քո ցանկությունը. դու անկեղծ կհարգե՞ս այն մարդկանց, ովքեր երեկ ԱԺ-ում քեզ խոսելու հնարավորություն չէին տալիս, այսօր քվեարկեն քո վարչապետ դառնալու օգտին: Միայն չասես, թե հայրենիքի շահն է այդպես պահանջում: Խնայիր այդ մարդկանց: Վստա´հ եմ` դու այդպես չէիր վարվի…
Այս պահին վարչապետ դառնալու նպատակին հասնելու համար ինքդ քեզ շատ չե՞ս զիջում… Իսկապես հրապարակի էյֆորիան հազարաձայնում է` Նի´-կոլ, վարչապե´տ, Նի´-կոլ, վարչապե´տ, բայց արդյո՞ք դա է այս պահին գլխավորը … Մտածիր…
Չեմ ուզում անդրադառնալ տարածաշրջանում հիմնական խաղացողների ծրագրերին ու հնարավոր անկանխատեսելի զարգացումներին, բայց նաեւ չեմ ուզում, որ քո իսկ կողմից սկսած այս հուսաբեր համաժողովրդական շարժումը հետագայում բարոյական հաղթանակների ցանկը լրացնի:
Ռուբեն Հակոբյան