կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-13 18:07
Հասարակություն

Աշոտյանը Չեխիայի ԿԳ նախարարին առաջարկել է տեղի բուհերում ավելացնել կրթաթոշակների թիվը

Աշոտյանը Չեխիայի ԿԳ նախարարին առաջարկել է տեղի բուհերում ավելացնել կրթաթոշակների թիվը

Մայիսի 14-15-ը Երևանում կայանալիք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի շրջանակներում ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել Չեխիայի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարի տեղակալ Յարոմիր Վեբերի հետ:

 

Աշոտյանը գոհունակություն է հայտնել, որ Հայաստանը ԵՄ անդամ չհանդիսացող առաջին երկիրն է, որը ստանձնել է Բոլոնիայի քարտուղարության ղեկավարությունը, որոնց թվում եղել է նաև Պրահան` 2004 թվականին: Նա կարևորել է Հայաստան-Չեխիա միջպետական համաձայնագրի շրջանակում բարձրագույն և հետբուհական կրթության բնագավառում իրականացվող համատեղ կրթաթոշակային ծրագրերը:

 

Հաշվի առնելով Չեխիայի բուհերում սովորելու հայ երիտասարդների մեծ հետաքրքրությունը` նախարարն առաջարկել է ավելացնել կրթաթոշակների թիվը: Աշոտյանը նաև նշել է, որ Վիշեգրադյան ֆոնդն ակտիվ աշխատում է Հայաստանում և արվում է հնարավորը` ՀՀ բուհերն այնտեղ ներգրավելու համար: Նախարարը նաև հույս է հայտնել, որ այս տարի կհաստատվի ՀՀ և Չեխիայի կառավարությունների միջև կրթության և գիտության բնագավառներում համագործակցության նոր ծրագիրը` 2015-2020 թթ. համար:

 

Յարոմիր Վեբերն էլ իր հերթին նշել է, որ Չեխիան հանդիսանում է այն 11 երկրներից մեկը, որոնք մեկնարկեցին Բոլոնիայի գործընթացը: Նա Աշոտյանին է ներկայացրել Չեխիայի բուհերում կրթություն ստանալու բոլոր հնարավորությունները ինչպես կրթաթոշակային, այնպես էլ միջբուհական համագործակցության շրջանակում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: